RElection [#39] Ընտրությունների ժամանակ կանայք և տղամարդիկ պետք է ունենան հավասար հնարավորություններ. ավագանու կին թեկնածուներ
19:05 - 06 դեկտեմբերի, 2019

RElection [#39] Ընտրությունների ժամանակ կանայք և տղամարդիկ պետք է ունենան հավասար հնարավորություններ. ավագանու կին թեկնածուներ

RElection նախագծի շրջանակում զրուցել ենք Շիրակի մարզի Անուշավան համայքի ավագանու թեկնածու Ռուզաննա Մարտիրոսյանի և Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի ավագանու թեկնածու Ժաննա Սարգսյանի հետ:

Դդմաշեն համայնքի ավագանու թեկնածու Ժաննա Սարգսյան

- Ի՞նչը Ձեզ ստիպեց գալ քաղաքական դաշտ:

- Որոշում կայացնելու դրդապատճառը եղավ այն, որ ՄԱԿ-ի գրասենյակից այցելեցին մեր համայնք՝ «ՏԻՄ ընտրություններին կանանց մասնակցությունը» ծրագրով, հրավիրեցին դասընթացին: Այդտեղ որոշեցի, որ ես էլ կարող եմ իմ ներուժը ներդնել և ինչ որ բաներ փոխել համայնքում: Դրա համար փորձեցի իմ թեկնածությունն առաջադրել, մինչ այդ չէի մտածել այդ ուղղությամբ:

- Գաղտնիք չէ, որ Հայաստանում կանանց համար խոչընդոտներ են լինում, օրինակ՝  քաղաքական դաշտում ներգրավվելու համար։ Ձեզ նման խոչընդոտներ հանդիպե՞լ են:

- Բացարձակապես խոչընդոտ չի եղել, անհավասարություն էլ չեմ զգացել: Միայն այն, որ դու այդքան տղամարդու մեջ միակ կին ես, ինքդ ես կաշկանդվում, վատ ես զգում։ Հետո ինչ որ թեմայի շուրջ զրուցելիս, վիճելիս, քննարկելիս, եթե կողքիդ կին է լինում, կարողանում ես իր հետ համախոհ դառնալ ու քո ծրագիրը իրականացնես, ավելի լավ գործես, քան միայնակ: Սա է ամբողջ խնդիրը: Չեմ կարող ասել,որ խնդիր կամ խոչընդոտ է եղել:

- Ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ, որպեսզի բարձրացվի կանանց դերը քաղաքականության մեջ և կուսակցություններում ներառականությունը:

- Կոնկրետ կանանց վերաբերյալ կարող եմ ասել, որ պետք է ընտրված կանանց հզորացնել ոչ միայն գիտելիքով, որպեսզի կարողանան օրենսդրություն կիրառել, այլև՝ զարգացնել տնտեսապես: Օրինակ՝ կարող են ծրագիր բերել համայնք, որպիսի այդ կինը, այլ կանանց հետ կարողանա տնտեսական ինչ-որ ծրագիր իրականացնել, որպիսի այդ կանայք իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները որոշակիորեն կարողանան լուծել: Եթե մեկ կնոջ հզորացման օրինակը լինի համայնքում, ապա անգամ տղամարդիկ կցանկանան, որ իրենց կանայք էլ անցնեն այդ ճանապարհով և կհասկանան, որ դրա մեջ որևէ վատ բան չկա:

Նույնը կարող եմ ասել ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին. պետք է նայել նրանց տեսանկյունից և, իրենց կարողությունները, հնարավորությունները, խնդիրները հաշվի առնելով, հնարավորություններ ստեղծվեն այդ մարդկանց համար:

- Արդյո՞ք փոքր համայնքներում բնակիչները ընտրում են ծանոթ- բարեկամ ձևաչափով:

- Եթե այդ հարցադրումն անեիք տասը տարի առաջ, ես կկիսեի այդ կարծիքը, քանի որ այն ժամանակ ընտրվում էր այն մարդը, ով մեծ բարեկամություն ուներ: Բայց հիմա մեր ժողովրդի վիճակն այնքան վատ է, որ իրենք ցանկություն ունեն, որ իրենց կյանքում բան փոխվի։ Այս պարագայում էլ չեն նայում բարեկամին, միայն մտածում են խելոք մարդ հայտնվի այդ տարածաշրջանում, որպիսի կառչեն այդ մարդուց և փոխեն իրենց կյանքի որակը: Ես համամիտ չեմ այդ կարծիքի հետ:

- Նույնը կարո՞ղ եք ասել նաև կուսակցական պատկանելիության մասին:

- Բոլորիս հայտնի է, որ այն ժամանակ ամեն ինչը հանրապետականների ձեռքին էր, բայց իշխանափոխություն տեղի ունեցավ։ Հանրապետակնների մեջ էլ կային մարդիկ, ովքեր խելացի էին և կարելի էր նրանց ներուժը օգտագործել, բայց քանի որ իրենք հանրապետական էին, դուրս մնացին էստաֆետից: Ես կցանկանամ, որ այդ կուսակցական պատկանելիությունը խնդիր չդառնա խելոք մարդկանց գործունեության համար: Յուրաքանչյուր համայնք դրան յուրովի է նայում։ Ինձ թվում է մեր համայնքում նայում են մարդու ով լինելուն, գիտելիքին, կատարած աշխատանքին :

- Ընտրությունների բուն ընթացքի ժամանակ ի՞նչ ընտրախախտումների եք նկատել:

- Քանի որ ընտրություններն արդեն դարձել են մատնահետքով, ինձ թվում է բարդացել է ընտություններ կեղծելը: Չորս տարի առաջ էր, երբ ես ընտրվել եմ ավագանու անդամ և ընտրատեղամասում չեմ ունեցել վստահված անձ, հատուկ աշխատողներ, հանձնաժողովում՝ ծանոթներ, բայց փաստացի առաջին տեղով անցել եմ։ Սա ինձ թույլ է տալիս մտածել, որ մեզ մոտ չեն լինում, երևի թե:  Փոքր համայնք է և չեմ կարծում, որ որևէ հանձնաժողովի նախագահ նման ռիսկի կգնա, քանի որ շուտ կիմացվի դրա մասին:

- Իսկ եթե խոսենք Հայաստանում անցկացվող բոլոր տեսակ ընտրությունների մասին, ապա ի՞նչ է փոխվել, ըստ Ձեզ:

- Ես կարծում եմ, որ ընտրություններին մանտնահետքով մասնակցելը լավ գաղափար էր։ Այն ժամանակ կարողանում էր մի հոգին մի քանի անգամ ներս մտնել և քվեարկել իր ցանկացած մարդու օգտին: Շատ բաներ կան, որ փոխվել են:

- Ի՞նչ կփոխեիք, եթե դրա հնարավորությունն ունենայիք:

-Օրենսդրական առումով, կուզեի փոխել, որ եթե անգամ համամասնականով լինի ընտրակարգը, ընտրացուցակները կազմվեն՝ կին, տղամարդ, կին, տղամարդ և այսպես շարունակ, այսինքն՝ բացարձակ հավասարություն լինի: Եվ եթե ինչ-որ պատճառով մի կինը դուրս մնա, իրեն փոխարինի ընտրացուցակի մյուս կինը, ոչ թե կնոջը փոխարինի տղամարդ կամ հակառակը: Ճիշտ չեմ համարում, որ ցուցակներում կարող է 18 տղամարդ լինել, 2 կին: Բացի այս, անհարժեշտ եմ համարում,որպեսզի հնարավորություն չունենան ընտրված կնոջը որևէ ձևով դուրս մղելու և նրա փոխարեն ցուցակի հաջորդ՝ տղամարդ պատգամավորին բերելու: Իսկ ընտրախախտումների վերաբերյալ բարեփոխումս այն կլիներ, որ հանձնաժողովները անընդհատ չկրկնվեին, անընդհատ փոփոխվեր դրանց կազմը:

Շիրակի մարզի Անուշավան համայքի ավագանու թեկնածու Ռուզաննա Մարտիրոսյան

- Ի՞նչը հանդիսացավ առիթ, որ Դուք, լինելով երկար տարիների մանկավարժ, որոշեցիք ներգրավվել քաղաքական գործընթացներում:

- Քաղաքականությունն իմ ասպարեզն է, սիրում եմ, հասկանում եմ, կարողանում եմ անալիտիկ վերլուծություններ իրականացնել: Ապրում եմ գյուղում, հասարակական աշխատանքներ եմ իրականացնում: Այս ամենը խթան հանդիսացավ, որպեսզի ես իմ ուժերը փորձեմ նաև այդեղ:

- Ընտրական գործընթացներում պայքարում եք տղամարդ թեկնածուների հետ։ Որպես կին՝ որևէ խոչընդոտի հանդիպե՞լ եք, եղե՞լ են դժվարություններ, թե ոչ:

- Դժվարություններ և խոչընդոտներ չկան: 11 հոգի է ներկայացրել իր թեկնածությունը, որից միայն երկուսս ենք կին: Խոչընդոտ չենք տեսել և տղամարդկանց չենք համարում մեզ մրցակից, իրենք էլ աջակցում են մեզ: Մեր գյուղում չկա կարծրատիպ:

- Շատ հաճախ կանայք են խուսափում քաղաքական դաշտում ներգրավվելուց: Ձեր կարծիքով այս խնդիրը ինչպե՞ս պետք է լուծել, որպեսզի կանայք ներգրավվեն կուսակցական գործունեության մեջ, համայնքների ղեկավարման և այլն:

- Մենք հայ ենք, ավանդապաշտ հայեր ենք և մի քիչ դժվար է հասկանալ, որ կինը կարող է լինել տղամարդուց վերև կամ հավասար։ Ժամանակն է, որ հոգեբանական թրեյնինգ անենք տղամարդկանց հետ, հավասար նստենք նույն սեղանի շուրջ և խոսենք, հասկանանք ու ինձ թվում է, որ սա բարդույթ չէ, մենք ենք կարծում, որ բարդույթ է, բայց այդպես չէ: Պետությունը մի մեծ տուն է, մենք էլ ապրում ենք դրա փոքր ընտանիքներում և ամեն դեպքում կնոջ ձայնը լսելի է տանը, այնպես չէ, որ լսելի չէ: Գյուղերում էլ արդեն ամեն ինչ նորմալ վիճակում է․ հավասարը հավասարի հետ է զրուցում: Իմ ամուսինը հիմա ՌԴ-ում է։ Տան ամեն խնդիրը ես եմ լուծում, բնականաբար: Որքան էլ, որ ինքն է աշխատում գումարը, ամեն դեպքում լուծումները տալիս եմ ես: Այսինքն, մենք նստում ենք կլոր սեղանի շուրջ, զրուցում ենք և հասկանում ենք իրար: Նույն կերպ պետք է լինի Հայաստանի ողջ մասշտաբով․ կինը իրավահավասար է տղամարդուն և կնոջ ձայնն էլ լսելի պետք է լինի։ Պետք է միայն մի փոքր քայլ:

- Գաղտնիք չէ, որ Հայաստանում ընտրությունները երբեմն անցնում են ոչ այդքան թափանցիկ: Այս պարագայում մտավախություն չունե՞ք և, ընդհանրապես, ի՞նչ պետք է անել, որպեսզի Հայաստանում բոլոր ընտրությունները անցնեն առաց օրինախախտումների:

- Ամբողջ Հայաստանի մասշտաբով կասեմ․ ով առաջադրվում է, պետք է ճիշտ աշխատանք իրականացնի, չմտածի միայն իր համար, իր ընտանիքի մասին: Պետք է մտածի հանուն հայության, հանուն մեր ազգի: Ինձ թվում է, որ ճշմարիտ աշխատեն, ցույց տան իրենց ուժերը մարդիկ կհավատան և ամեն ինչ լավ կլինի: Ես 30 տարի է դպրոցում եմ աշխատում, բոլորն ինձ ճանաչում են, գիտեն, որ ես իմ խոսքի տերն եմ: Ես այս պարագայում մտավախություն չունեմ: Անգամ քարոզարշավ չեմ արել, մարդիկ տեսել են իմ անունը այդ ցուցակներում և հարցրել՝ արդյո՞ք իսկապես առաջադրվել եմ, թե ոչ: Երբ ասել եմ՝ այո, միայն ասել են, որ անպայման ընտրելու են ինձ, որովհետև վստահում են: Ես աշխատում եմ և աշխատելու եմ գյուղի համար:

- Կան ասյպիսի կարծիքներ, և ինչու ոչ նաև պրակտիկա, որ մանավանդ փոքր համայնքներում բնակիչները թեկնածուներին չեն ընտրում իրենց ծրագրի կամ արված աշխատանքը հաշվի առնելով, այլ հիմանականում ընտրվում է այն մարդը, ով տվյալ համայնքում ավելի շատ բարեկամ ու ծանոթ ունի: Այսպիսի խնդիր տեսնու՞մ եք, թեկուզ հենց Ձեր համայնքում:

- Պատկերացնու՞մ եք, հիմա այս ընտրություններին առաջադրվել է նաև իմ տեգրը: Ոնց եք կարծում իմ վիճակը, մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք, ես նման խնդիրներից չեմ վախենում, քանի որ իմ արած գործերի հիման վրա եմ դրել թեկնածությունը: Միգուցե կան մարդիկ, ովքեր հույս ունեն իրենց բարեկամների ու ընկերների միջոցով պետք է հաղթեն, նրանք պետք է լինեն թիկունք:

- Նշեցիք, որ քարոզարշավ չեք իրականացնում, այդ դեպքում դժվար չէ՞ հանրությանը ներկայացնել Ձեր ծրագիրը:

-Բնակիչները գիտեն իմ ծրագրերը, տեղյակ են, քարոզարշավ չեմ արել, բայց եթե մարդիկ հարցնում են, անպայման զրուցում եմ նրանց հետ: 

- Պատահու՞մ է, որ համայնքների ղեկավարին ընտրում են նաև կուսակցական պատկանելիության պատճառով:

- Ես կուսակցական չեմ, բայց կարծում եմ, մոտ օրերս ամեն ինչ պարզ կլինի․ ով ռեյտինգ ունի, ով՝ ոչ: Այս առումով էլ մտավախություններ չունեմ, չեմ էլ մտորում, թե մյուսները որ կուսակցություններից են:

- Ընտրական օրենսգրքում ի՞նչ փոփոխություններ կանեիք, որպեսզի ընտրական գործընթացները ավելի լավը դառնային:

- Տեղին է հարցը, բայց շատ խրթին: Մարդկանց տրվել է ազատություն, դեմոկրատիա, բայց բավականին շատ է տրվել։ Երբեմն մարդիկ խոսում են մի թեմայի մասին, առանց դրանց մանրամասներն իմանալու։ Օրինակ ես կկրճատեի դեմոկրատիայի որոշ տարրեր։ Ամեն դեպքում, մենք ազատ խոսում ենք, բայց ոչին չենք անում: Շեշտը պետք է դնել մարդկանց մտածելակերպի փոփոխությունների վրա, որպեսզի խոսքը դառնար գործ, լիներ տեսանելի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել