aysor.am: Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ բողոքի ակցիա են իրականացնում։
Ակցիայի նախաձեռնող Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաները և իրենք ևս միացել են դրան։
«Մենք նկատում ենք, որ որքան մոտենում է համաժողովի օրը, միջազգային դաշտում որոշակի ակտիվություն նկատվում է այս հարցով։ ԵԽ-ում է պլանավորվում այս թեմաներով քննարկում իրականացնել»,-ասաց Ստեփանյանը և նշեց, որ այս օրերին, երբ Ադրբեջանի վրա սևեռված է աշխարհը, պետք է պարտադրել Ադրբեջանին կատարել մարդու իրավունքների միջազգային դրույթները։
«Պահանջը պետք է ներկայացվի հնարավորինս մեծ ճնշումներ գերեցնելու համար»,-ասաց նա։
Տեղեկացվեց, որ նախատեսում են ակցիաներ իրականացնել ոչ միայն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ, այլ նաև ՀՀ ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նույն պահանջով նամակներ են փոխանցվելու հասցեատերերին։
Նշենք, որ նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։
Գեղամ Ստեփանյանն անդրադառնալով Հայաստանի հնարավոր մասակցությանը COP29-ին՝ պնդեց, որ ունենալով գերիներ և չճշտված ճակատագրեր, անհետ կորածներ՝ գնալը և մասնակցելն ուղղակի անընդունելի կլինի։
comment.count (0)