civilnet.am: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ, քանի դեռ չեն վերացել իր անձի, երկրի նկատմամբ սպառնալիքները։
«Ես չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց երկիրն այնպիսի արհավիրքների, վտանգների տակ է հայտնվել, նաև ինձնով են սկսել զբաղվել։ Այդ ամբողջական պատկերը, այո, ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականություն։ Մինչև այս սպառնալիքները չվերանան, իմ և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ»,- հոկտեմբերի 11-ին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը։
Նա վստահեցնում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած «Սրբազան շարժմանը» ֆինանսական աջակցություն չի տրամադրել․ «Ո՛չ, չի եղել [ֆինանսական աջակցություն]։ Մեր աջակցությունը եղել է «Հայաստան» դաշինքի և խմբակցության հայտարարությունը։ Դրանից բացի որևէ աջակցություն չի եղել։ Սրբազանը նման կարգի աջակցության համար չի էլ դիմել, նաև հենց նրա համար, որ չհամարեք, թե Բագրատ սրբազանի շարժումը նախկին նախագահների ծրագիրն է»,- ասաց երկրորդ նախագահը։
Անդրադառնալով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այն մտքին, թե նախկին նախագահների ստվերն է խանգարում Բագրատ սրբազանին, Քոչարյանն ասաց․ «Իսկական առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։ Բագրատ սրբազանին ոչ մեկի ստվերը չի խանգարի։ Տարօրինակ է ինձ համար, թե ինչու են մարդիկ նման որակում տալիս»։
Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): 2021-ի մարտին Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչեց անվավեր և հակասահմանադրական, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:
Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը, որի վճիռը կայացրել էր առաջին ատյանի նախկին դատավոր Աննա Դանիբեկյանը, Վճռաբեկ դատարանի սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանվել է։ Վճռաբեկ դատարանն այն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, վերաբացված գործով հերթական նիստն էր։
comment.count (0)