34-ամյա Արեւ Մելքոնյանը 1 տարեկանում անժամկետ հաշմանդամություն է ստացել, նրան տրամադրվել է վերականգնողական անհատական ծրագիր, որի հիման վրա տարիներ շարունակ անվասայլակ գնելու նպատակով պետությունից ֆինանսական աջակցություն է ստացել։ Այժմ, երբ լրացել է թե՛ անվասայլակի շահագործման, թե՛ վերականգնողական անհատական ծրագրի (այսուհետ՝ ՎԱԾ) գործողության ժամկետը, Արեւը ցանկանում է, ըստ սահմանված կարգի, փորձաքննություն անցնելու դիմում ներկայացնել՝ նույն եւ աջակցող մեկ այլ միջոց ստանալու համար, սակայն հենց այդ նպատակով պետության կողմից ներդրված e-disability.am էլեկտրոնային հարթակը նրան այդ հնարավորությունը չի տալիս։
Այս հարթակը ներդրվել է ընդամենը 1 տարի առաջ՝ սոցիալական ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։ Հարթակի մշակման եւ ներդրման համար պետական բյուջեից ծախսվել է ավելի քան 150 միլիոն դրամ՝ չհաշված միջազգային դոնորներից ստացված աջակցությունները։
Նյութում կարդացեք՝
Ֆունկցիոնալության գնահատման համակարգի աշխատանքի տրամաբանությունը
Ըստ բարեփոխումների ծրագրի՝ հաշմանդամության կարգի տրամադրման նախկին համակարգը փոխարինվել է ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգով։ Դրանով գնահատման բժշկական մոդելից Հայաստանն անցում է կատարել սոցիալական մոդելի, ինչը նշանակում է, որ գնահատող հանձնաժողովներում ներգրավված են ոչ միայն բժիշկներ, այլեւ հարակից ոլորտների մասնագետներ՝ հոգեբան, լոգոպետ, վերականգնողաբան, մանկավարժ եւ այլք։ Բացի այդ, եթե նախկինում հաշմանդամության կարգը որոշում էին հանձնաժողովի անդամները, ապա այժմ այն որոշում է հիշյալ e-disability.am հարթակը ինքնաշխատ եղանակով՝ հանձնաժողովի անդամների գնահատականների հիման վրա։
Հայաստանում արմատական այս փոփոխությունների մասին հայտարարվել էր դեռ 2014 թ․-ին։ Այդ ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) ծրագրում էր նոր համակարգը գործարկել 2019 թ․ հունվարից։ Գործընթացը, սակայն, դանդաղեց, նախագիծը հանրային քննարկման դրվեց միայն 2022 թ․-ին։ Ի վերջո, 2023 թ․ փետրվարի 1-ից մասնակի, իսկ 2024 թ․ հունվարի 1-ից ամբողջապես ներդրվեց անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը։ Չնայած 10 տարի շարունակ մշակվելուն՝ նոր համակարգը հասցրել է մի շարք դժգոհությունների, մինչեւ անգամ դատական վեճի առիթ դառնալ։
2022 թ․ Կառավարությունը սահմանեց անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը։ Ըստ դրա՝ քաղաքացին նախ դիմում է պոլիկլինիկա կամ բժշկական որեւէ հաստատություն, որտեղ թերապեւտը կամ բժիշկը նրան ուղարկում է համապատասխան հետազոտությունների, որոնք անհրաժեշտ են ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը կազմակերպելու համար։
Հաջորդիվ գործընթացը շարունակվում է էլեկտրոնային եղանակով։ Բժշկական հաստատությունը էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում ստեղծում է գնահատման ուղեգիրը։
Անձը (կամ նրա օրինական ներկայացուցիչը) e-disability.am հարթակի միջոցով ներկայացնում է դիմում՝ կցելով պահանջվող փաստաթղթերն ու լրացնելով ինքնագնահատականի թերթիկը։ Թերթիկում ներառված են մի շարք հարցեր՝ զբաղվածության, տեղաշարժման, կենցաղում առկա հնարավոր դժվարությունների, օժանդակ սարքերի անհրաժեշտության եւ այլնի մասին։
Դիմումն ուղարկելուց հետո համապատախան մանագետները կազմում են անձի վերաբերյալ ամփոփաթերթ։ Այն աղյուսակ է, որում ներառվում են ֆունկցիոնալության միջազգային դասակարգիչների` օրգանիզմի ֆունկցիաների (b), մարմնի կառուցվածքի (s), գործունեության ու մասնակցության (d) եւ միջավայրային գործոնների (e) ծածկագրերը, որոնք ենթակա են գնահատման։
Գնահատման արդյունքներն ամփոփվում են արձանագրությունում, որը իրենից ենթադրում է նույն այդ ամփոփաթերթը՝ յուրաքանչյուր ծածկագրի կողքին հանձնաժողովի նշանակած որակիչներով (0-4 բալային համակարգով)։
Տարիքային տարբեր խմբերի համար (0-2, 3-5, 6-14, 15-18 եւ 18 տարեկանից բարձր) սահմանված է ընդհանուր առմամբ 6 տեսակի արձանագրություն՝ ըստ հետեւյալ ոլորտների.
Գնահատականների արձանագրությունը ներբեռնվում է համակարգ, որն էլ ինքնաշխատ եղանակով կայացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը՝ նրան ճանաչելով կամ չճանաչելով հաշմանդամություն ունեցող։ Ըստ ֆունկցիոնալության սահմանափակման տոկոսային միավորի՝ ընտրվում է ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ միջին (25-50%), ծանր (51-75%) կամ խորը (76-100%), եւ ժամկետը՝ 1 տարի, 2 տարի, 5 տարի, մինչեւ 18 տարեկան կամ անժամկետ։ Թեթեւ (5-24%) աստիճանի սահմանափակում ունեցող անձինք հաշմանդամություն ունեցող չեն համարվում, սակայն կարող են օգտվել որոշակի ծառայություններից։
Գնահատումից հետո հանձնաժողովը կազմում է Ծառայությունների անհատական ծրագիր (այսուհետ՝ ԾԱԾ), որում նշվում է տվյալ անձին առաջարկվող կամ երաշխավորվող ծառայությունների եւ աջակցող միջոցների ցանկը (պետական բյուջեից փոխհատուցվող եւ չփոխհատուցվող)։
Այս ողջ գործընթացը՝ դիմումը մուտքագրելու պահից մինչեւ որոշումն ընդունելու պահը, պետք է տեւի ոչ ավելի, քան 30 օր, իսկ որոշումը անձին պետք է տրամադրվի 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Սլաքի միջոցով կարելի է թերթել ինֆոգրաֆիկաները եւ ծանոթանալ վիճակագրական տվյալներին
Կառավարությունն ընդլայնել է կրկնակի փորձաքննության դիմելու դեպքերի ցանկը
Ֆունկցիոնալության գնահատումը լինում է երեք տեսակի՝ առաջնակի, կրկնակի եւ վերագնահատում, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված են որոշակի պայմաններ։ Այս տարվա հունիսի 27-ին Կառավարությունը փոփոխություններ կատարեց այդ պայմանների մեջ՝ սահմանելով, որ անժամկետ հաշմանդամություն ունեցող անձինք աջակցող միջոց (անվասայլակ, լսողական սարք եւ այլն) ստանալու համար կարող են կրկնակի փորձաքննության դիմել։ Ըստ մեկ այլ որոշման՝ նախկին համակարգով տրված եւ գործողության մեջ գտնվող ՎԱԾ-ի հիման վրա անձը կարող է ստանալ նույն աջակցող միջոցից, իսկ եթե լրացել է ՎԱԾ-ի ժամկետը, Միասնական սոցիալական ծառայությունը նրան տրամադրում է տեղեկանք, որտեղ նշվում է ՎԱԾ-ով երաշխավորված աջակցող միջոցը։ Իսկ այն դեպքում, երբ անձին անհրաժեշտ է նախկինում չունեցած եւ ՎԱԾ-ում չներառված աջակցող միջոց, ապա նա պետք է անցնի ֆունկցիոնալության գնահատում՝ ԾԱԾ ստանալու համար։
Հենց այս՝ վերջին դրույթն էլ վերաբերելի է Արեւ Մելքոնյանին, քանի որ նա, բացի իր հիմնական անվասայլակից, ցանկանում է նաեւ մեկ այլ աջակցող սարքի՝ կցորդիչի դիմում ներկայացնել։ Հարթակը, սակայն, ներառում է կրկնակի փորձաքննություն անցնելու միայն 2 դեպք՝ եթե լրացել է հաշմանդամության ժամկետը կամ առկա է վիճակի փոփոխություն։ Փաստացի, էլեկտրոնային հարթակը սինխրոնացված չէ օրենսդրական կարգավորումներին։
Էլեկտրոնային եղանակով կրկնակի գնահատման դիմում ներկայացնելու պատուհանը
Միասնական սոցիալական ծառայությունում (ՄՍԾ) օրենսդրական փոփոխության մասին տեղյակ չեն եղել
Արեւ Մելքոնյանը համաձայն չէ Կառավարության այն ձեւակերպմանը, թե հաշմանդամություն ունեցող անձինք իրենց դիմումի հիման վրա են կրկնակի փորձաքննություն անցնում։ Նա կարծում է, որ կառավարությունն իր քայլերով հանգեցնում է նրան, որ բոլորն էլ ստիպված լինեն դիմել․ «Ես չեմ կարողանում իրենց ստեղծած օնլայն հարթակում դիմում ներկայացնել, համակարգը ի սկզբանե հարցնում է՝ ինչի՞ համար եք ուզում կրկնակի փորձաքննություն անցնել, արդյո՞ք լրացել է հաշմանդամության ժամկետը, թե՞ ունեք վիճակի փոփոխություն, եւ քանի որ ինձ մոտ ոչ մեկն է, ոչ մյուսը, առանց դրա հայտը չի ընդունում»,- ասում է Արեւն ու հավելում՝ կայքը նաեւ մատչելիության խնդիր ունի, հատկապես՝ հաշմանդամության մյուս տեսակների՝ մտավոր եւ տեսողական խնդիր ունեցող անձանց համար։
Օրենսդրական ընթացիկ փոփոխությունների վերաբերյալ պատշաճ իրազեկված չեն անգամ Միասնական սոցիալական ծառայությունում։ Մոտ մեկ ամիս առաջ, երբ Արեւը, այս փոփոխությանը դեռ անտեղյակ, դիմել է Աբովյան քաղաքի միասնական սոցիալական ծառայություն, վերջինիս աշխատակիցն էլ, ըստ ամենայնի անտեղյակ լինելով, հրաժարվել է անձին տեղեկանք տրամադրել՝ ասելով, որ դրա սահմանված ձեւը առկա չէ, եւ առհասարակ, այդպիսի կարգ գոյություն չունի։ Շաբաթներ անց անձը ստիպված է եղել կրկին ՄՍԾ գնալու։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանին այս դեպքը չի զարմացնում, ըստ նրա՝ մեկ այլ անգամ ՄՍԾ-ն հրաժարվել է անձին տեղեկանք տրամադրել անգամ ժամկետի մեջ գտնվող ՎԱԾ-ի հիման վրա՝ ուղարկելով նրան կրկնակի փորձաքննության։
Գործնականում այսպիսի մոտեցում ցուցաբերելով՝ պետությունը, ըստ Հովսեփյանի, հրաժարվում է նախկինում իր կայացրած ակտերից՝ մարդկանց դնելով ընտրության առաջ․ «Անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց մոտ արդարացիորեն առաջացել է լեգիտիմ ակնկալիք հանրային իշխանությունների նկատմամբ, որ իրենք ունեն իրենց անժամկետ հաշմանդամությունից բխող սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աջակցող սարքեր ստանալու իրավունք, բայց Կառավարությունը, փաստացի, որոշել է, որ պետք է խախտել այդ սկզբունքը եւ ընտրության առաջ կանգնեցնել հաշմանդամություն ունեցող հազարավոր անձանց․․․ Դա նաեւ արթնացնում է անարդարության զգացում՝ ինչո՞ւ պիտի մարդը կրկին ապացուցի, որ ինքը ունի այդ հաշմանդամությունը, եթե պետությունը նախկինում դա հաստատել է»,- ասում է Մուշեղ Հովսեփյանը։
Հովսեփյանը բացատրում է՝ մարդիկ, որոնք ունեն նախկին հանձնաժողովների հետ շփման վատ փորձ, գիտեն, թե ինչ է իրենց սպասվում, եւ խուսափում են դիմել, նույնիսկ երբ անհրաժեշտությունը կա։ Բացի այդ, դա հավելյալ ջանք եւ ռեսուրս է պահանջում։
Ոլորտին վերաբերող խնդիրները, սակայն, սրանով չեն ահմանափակվում։ Ըստ Հովսեփյանի՝ արդեն իսկ նոր բարեփոխումների անհրաժեշտություն կա, քանի որ այն, ինչ ամրագրված է Կառավարության որոշումներում, չի համապատասխանում նրան, ինչ կա գործնականում։
Դատարանը կորոշի ֆունկցիոնալության գնահատման համակարգի օրինականությունը
2023 թ․ օգոստոսին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն դատական հայց է ներկայացրել Սոցհարցերի նախարարության դեմ՝ վիճարկելով նոր համակարգի օրինականությունը։
Կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանը պատմում է, որ համակարգի մասնակի գործարկումից հետո իրենք տարբեր բողոքներ էին ստանում հաշմանդամություն ունեցող անձանցից այն մասին, որ կայացված վարչական ակտերով խախտվել են իրենց իրավունքները։ ՀԿ-ն, սակայն, չէր կարողանում հասկանալ՝ իսկապե՞ս խախտվել են, թե՞ ամեն ինչ եղել է օրինականության սկզբունքին համապատասխան, որովհետեւ վարչական ակտերը չունեին հիմնավորումների մաս․ «Մարդկանց մոտ անվստահություն է առաջանում կայացված վարչական ակտերի նկատմամբ, որովհետեւ նրանք չեն հասկանում՝ ինչո՞ւ իրենց վերաբերյալ կայացվեց հենց այդ որոշումը»։
Երբ ՀԿ-ն դիմել է նախարարությանը, վերջինս հրաժարվել է տրամադրել այն բանաձեւը, որով համակարգը հաշվարկում եւ որոշում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը։ Պատճառաբանությունն այն է, որ այդպիսով կանխում են հնարավոր կոռուպցիան․ «Ըստ նախարարության՝ եթե գնահատող մասնագետները իմանան, թե ինչպես է բանաձեւը աշխատում, կսկսեն գնահատել այնպես, որ բանաձեւը տա իրենց ցանկալի արդյունքը։ Մինչդեռ սա անտրամաբանական հիմնավորում է, քանի որ բանաձեւի հիմքում չի կարող լինել այլ տրամաբանություն, քան այն է, որ ինչքան վատ է գնահատվում անձի վիճակը, այնքան ավելի հավանական է, որ հաշմանդամություն սահմանվի։ Բացի այդ, մասնագետները ժամանակի ընթացքում հասկանալու են այդ միտումները, եւ ըստ այդմ, ցանկացածը կարողանալու է իր ցանկալի արդյունքին համապատասխան գնահատում իրականացնել»,- ասում է Հովսեփյանն ու նշում, որ բանաձեւի ինչ-որ հատված իրենց հասանալի դարձավ դատական գործընթացի շրջանակում միայն։
Այդ ժամանակ են պարզել նաեւ, որ միջավայրային գործոնների գնահատումը բանաձեւի հաշվարկում հաշվի չի առնվում։
Սեպտեմբերի 19-ին Վարչական դատարանում մեկնարկեց այս գործով հիմնական դատալսումների փուլը։ «Ինֆոքոմը» դիմեց դատարանին՝ նիստի տեսա եւ լուսանկարահանման թույլտվություն ստանալու համար. հայցվոր կողմը՝ ի դեմս ՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանի, կողմ արտահայտվեց, մինչդեռ նախարարության ներկայացուցիչը՝ ի դեմս իրավաբանական վարչության աշխատակից Անի Ասատրյանի, առարկեց՝ նշելով, որ քանի դեռ գործը դատաքննության փուլում է, դրա հանրայնացումը նպատակահարմար չէ։
Նախագահող դատավոր Աղասի Դարբինյանը անհասկանալի որակեց նախարարության դիրքորոշումը՝ որոշելով, որ առկա չէ որեւէ հիմք դռնբաց դատական նիստի տեսա եւ լուսանկարահանումը արգելելու համար։
Մանրամասնելով հայցի առարկան՝ փաստաբան Դավիթ Ասատրյանը ներկայացրեց հիմնական պահանջները՝ ոչ իրավաչափ ճանաչել Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշող բանաձեւը ստեղծելու, այն e-disability.am էլեկտրոնային համակարգի տեխնիկական եւ գործառույթային նկարագրում տեղադրելու եւ նույն հարթակի միջոցով հաշմանդամություն ունեցող խմբերի նկատմամբ կիրառման հնարավորություն ստեղծելու գործողությունները։
Ասատրյանի խոսքով՝ այն, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն չունեն ծանոթանալ իրենց վերաբերյալ կայացված որոշումների հիմնավորումներին, հանգեցնում է նրանց իրավունքների խախտման․ անձինք գտնվում են պետության հետ անհավասար պայմաններում եւ չեն կարող վիճարկել այս կամ այն գործակցի կիրառման հարցը․ «Պետությունը՝ ի դեմս պատասխանողի, խտրական, տարբերակված եւ ոչ օբյեկտիվ վերաբերմունք ունի հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ․ տարբեր ոլորտներում առկա են որոշակի գնահատում իրականացնելու տարբեր կարգավորումներ, բայց չկա որեւէ տեսակի հարաբերություն, երբ անձը, օրինակ՝ նորակոչիկը, զինծառայության մեկնելուց առաջ փորձաքննություն անցնի եւ հետո չկարողանա տեղեկանալ, թե իրեն զինվորական հաշվառման կանգնեցնելու կամ չկանգնեցնելու որոշման հիմքում ինչ գործակից, ինչ պատճառաբանական մաս է դրված, եւ կան իրավական ակտեր, որոնք դա կարգավորում են»,- նշեց փաստաբանը։
Ասատրյանը մեջբերեց իրավունքի սահմանափակման՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունելի պայմանները․ այդ սահմանափակումը նախատեսվա՞ծ է օրենքով, այն ծառայո՞ւմ է օրինական նպատակի, այն անհրաժե՞շտ է ժողովրդավարական համակարգում, եւ արդյո՞ք սահմանափակումը համաչափ է։ Տվյալ դեպքում այս պայմանները, ըստ նրա, առկա չեն։
Ձախից՝ փաստաբան Դավիթ Ասատրյանը, ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը
Նախարարությունն ամբողջությամբ առարկեց հայցադիմումին՝ պնդելով, որ կատարված աշխատանքների շնորհիվ ոչ թե խտրականություն, այլ հզոր համակարգ է ստեղծվել։
Նախարարության՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը պարզաբանեց․ «Ինչ-որ փուլում ունեինք հայեցակարգ, որտեղ հանրայնացնում էինք այդ բանաձեւը, բայց երբ պիլոտների ժամանակ տեսանք, թե ինչպես են գնահատող մասնագետները փոխում որակիչը, որպեսզի ստանան այն աստիճանը, որն ուզում են, հասկացանք, որ մեծ ռիսկ ունենք»,- նշեց նա՝ հարց բարձրացնելով՝ ո՞րն է ավելի ձեռնտու թե՛ պետության, թե՛ անձի տեսանկյունից՝ հանրայնացնել բանաձեւը, կորցնել օբյեկտիվությո՞ւնը, թե՞ թաքցնել, բայց ունենալ անաչառ համակարգ։
Անդրադառնալով միջավայրային գործոնները այդ բանաձեւում չներառելուն եւ հաշմանդամությունը որոշելու գործընթացում փաստացի հաշվի չառնելուն՝ Հակոբյանը նշեց՝ միջավայրային գործոնները օբյեկտիվ գնահատելը ամենից բարդն է, սուբյեկտիվ գնահատման ռիսկը, ինչով պայմանավորված վերջնարդյունքը կարող է արհեստականորեն փոխվել, մեծ է, եւ առնվազն իրենց ուսումնասիրած երկրների մեջ չկա այնպիսին, որը կարողանա օբյեկտիվ գնահատել միջավայրային գործոնները․ «Միջավայրային գործոնները չենք ներառել, բայց ունենք հզոր գործիքակազմ, որով չափում ենք, թե անձը ինչ խնդիր ունի միջավայրում․ առաջինը ինքնագնահատականի թերթիկն է, որտեղ նշում է իր խնդիրները, երկրորդը՝ ունենք մեթոդաբանություն, որը չկար նախկինում, եւ միջազգային հարցաշար, որը մասնագետը լրացնում է, օրինակ, տնայց կատարելու միջոցով, եւ այս տեղեկությունները օգտագործվում են ԾԱԾ կազմելու համար»,- մանրամասնեց բաժնի պետը։
Ձախից՝ նախարարության ներկայացուցիչներ Անի Ասատրյանը, Աննա Հակոբյանը
Հակոբյանի խոսքով՝ կան երկրներ, որտեղ, կախված ազգային առանձնահատկություններից, անձանց բանավոր խոսքը միայն հիմք է՝ հաշմանդամություն ձեւակերպելու համար․ «Մենք մեր երկրում դեռեւս չենք կարող նման քաղաքականություն մշակել եւ հիմնվել միայն անձի խոսքի կամ գնահատողի մոտեցումների վրա։ Դրա համար թվային այս համակարգն ենք մշակել, այս գործիքակազմն ենք մշակել, որի վրա 10 եւ ավելի տարի ենք աշխատել, այս մեթոդական ուղեցույցն ենք մշակել, որպեսզի կարողանանք հստակ տեսնել՝ մասնագետը, օրինակ, հենաշարժողական խնդիրը որ գնահատում է 4, արդյոք ճի՞շտ է, դա բխո՞ւմ է ուղեցույցից թե՞ ոչ, իսկ թե ինչպես է հաշվարկվում, շատ մեխանիկական կողմ է եւ չի կարող ազդել հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառման գաղափարի վրա»,- ասաց Աննա Հակոբյանը։
Նախարարությունը «շտկել է» դատարանում բարձրաձայնված խնդիրը
Աննա Հակոբյանը իր ելույթում նշեց՝ երբ նախնական դատալսումների փուլում հայցվոր կողմը ներկայացրել է իր փաստարկները վարչական ակտերի հիմնավորում չունենալու վերաբերյալ, ինքը հարցը քննարկել է նախարարությունում, եւ արդեն մի քանի օր է, ինչ կայացվող ակտերը ունեն պատճառաբանական մաս։
Նախեւառաջ, ուշագրավ է, որ նախարարությունը այդ լրացումն արել է հիմա՝ դատական գործընթացի փուլում միայն, մինչդեռ դրա անհրաժեշտության մասին պետք է ի սկզբանե տեղյակ լիներ, քանի որ դա օրենքի պահանջ է։ Մասնավորապես, «Վարչական վարույթի եւ վարչարարության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր՝ փաստական եւ իրավական էական հիմքերը: Բացառություն կարող է լինել, օրինակ, այն դեպքում, երբ վարչական ակտերը հրատարակում են տեխնիկական միջոցների օգտագործմամբ, եւ յուրաքանչյուր առանձին դեպքում հիմնավորելու անհրաժեշտություն չկա: Տվյալ դեպքում, սակայն, հասկանալի է, որ գործ ունենք առանձին անձանց առանձին խնդիրների հետ, հետեւաբար յուրաքանչյուր որոշում հիմնավորելու անհրաժեշտություն կա։
Ինչպես երեւում է ստորեւ տեղադրված լուսանկարում, ակտի պատճառաբանական մասում ներառված են միայն իրավական հիմքերը, իսկ փաստական հիմքերի մասին որեւէ նշում չկա։ Մեր հարցին՝ արդյո՞ք այս հիմնավորումը համապատասխանում է «Վարչական վարույթի եւ վարչարարության մասին» օրենքի հիշյալ պահանջին, նախարարությունից ըստ էության չեն պատասխանել՝ գրելով միայն հետեւյալը․ «Անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման հիմնավորման մեջ հղում է տրված այն իրավական ակտերին, որոնց հիման վրա կայացվել է համապատասխան որոշումը»։
Անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման օրինակ
Եվ չնայած որ գործնականում հիմնավորման բաժինը ավելացվել է, նախարարի՝ 2022 թ․ օգոստոսի 19-ի 108 Ա/1 հրամանում, որի հիման վրա հենց կայացվում են այս որոշումները, այդ փոփոխությունը մինչ օրս արված չէ (կամ առնվազն այն չի հրապարակվել)։ Մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ իրավական ակտը ընդունող մարմինը պարտավոր է հրապարակել նաեւ ակտում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը (այսինքն՝ իրավական ակտը՝ ներառյալ սկզբնական տեքստը, երբեւէ կատարված բոլոր փոփոխություններն ու լրացումները):
Ի դեպ, նախարարի՝ մեթոդական ուղեցույցները սահմանող հրամանները անհասկանալիորեն նշագրվել են «Ա» տառով, այսինքն՝ որպես անհատական իրավական ակտ, սակայն բովանդակությունից ակնհայտ է, որ դրանք անհատական իրավական ակտի հետ որեւէ աղերս չունեն։ Անհատական իրավական ակտը, ըստ օրենքի, նորմատիվ իրավական ակտի հիման վրա եւ դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետեւանքներ եւ վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց։ Մինչդեռ այդ հրամանները չեն վերաբերում կոնկրետ անհատների, դրանք սահմանում են կանոններ անորոշ թվով անորոշ անձանց կամ անձանց խմբի համար։ Այդպիսի ակտերը, ըստ օրենքի, նշագրվում են «Ն» կամ «Լ» տառով, այսինքն՝ որպես նորմատիվ կամ լոկալ իրավական ակտեր։
«Ինֆոքոմ»-ի հարցերի շրջանակին ծանոթանալուց հետո Նախարարությունը չեղարկեց հարցազրույցի պայմանավորվածությունը
Թեմայի շուրջ հարցազրույց իրականացնելու համար դեռեւս օգոստոսի 17-ին դիմել ենք նախարարության լրատվության բաժին։ Այնտեղից տեղեկացրել են, որ պատասխանատու անձինք կա՛մ արձակուրդում են, կա՛մ աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեն, եւ սեպտեմբերի երկրորդ կեսին միայն գուցե հնարավոր լինի հարցազրույցը կազմակերպել։ Որոշել ենք սպասել եւ մեկ ամիս անց կրկին դիմել նույն հարցով։ Սեպտեմբերի 18-ին ստացել ենք հարցազրույցի համաձայնություն, իսկ 19-ին ձեռք ենք բերել նաեւ օրվա եւ ժամի պայմանավորվածություն։
Օրեր անց նախարարությունը խնդրել է ուղարկել նախատեսվող հարցերի շրջանակը, ինչը եւ արել ենք՝ ելնելով գործընկերային հարաբերություններից։ Արդյունքում, սակայն, հարցազրույցի նախորդ օրը նախարարությունը չեղարկել է պայմանավորվածությունը՝ պատճառաբանությամբ, որ ծանոթանալով հարցերի շրջանակին՝ այլեւս նպատակահարմար չի գտնում հարցազրույց տալ։ Փոխարենն առաջարկել է հարցերն ուղարկել գրավոր։
Չնայած լրատվամիջոցի հանդեպ այս անհարգալից եւ ոչ գործընկերային վերաբերմունքին՝ հարցերը, այնուհանդերձ, ուղարկել ենք՝ պայմանավորվելով դրան պատասխանել մանրամասն եւ հնարավորինս սեղմ ժամկետում։ Հարցման պատասխանը ստացել ենք 6 օր անց։
Հաշմանդամության գնահատման բանաձևում ներառված վճռորոշ ծածկագրերը ընտրվել են` հիմնվելով նախարարի հրամանի գունանշված հատվածների վրա
Գրավոր հարցմամբ նախարարությանը խնդրել էինք պարզաբանել՝ ինչո՞ւ ամբողջությամբ հրապարակված չէ անձի ֆունկցիոնալությունը որոշող հաշվարկի բանաձեւը, անկախ բանաձեւն իմանալ-չիմանալուց հանձնաժողովի համար արդյո՞ք տրամաբանական չէ, որ որքան բարձր (ծանր) գնահատեն անձի ամփոփաթերթում նշված այս կամ այն ծածկագիրը, այնքան բարձր կսահմանվի նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը։ Այս հարցին, սակայն, նախարարությունը կոնկրետ չի պատասխանել։ Հղում կատարելով գնահատման կարգին եւ մեթոդական ուղեցույցներին՝ նշել են՝ իրավական ակտերի մեկնաբանությամբ գնահատման բանաձեւի մեջ ներառվում են միայն վճռորոշ ծածկագրերը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի չէ գնահատող մասնագետներին։
Հետաքրքրվել էինք՝ ամփոփաթերթում նշված եւ հանձնաժողովի կողմից գնահատված ծածկագրերից վճռորոշ ծածկագրերը եւ դրանց թիվը յուրաքանչյուր անձի եւ/կամ խնդրի դեպքում տարբե՞ր են, ի՞նչ իրավական ակտով են դրանք սահմանված, եւ արդյո՞ք ստանդարտացվել են ՀՀ-ում։
Նախարարությունից դարձյալ հղում են կատարել գնահատման կարգը սահմանող որոշմանը եւ մեթոդական ուղեցույցներին՝ չհստակեցնելով, թե ինչ իրավական ակտով են սահմանված եւ կոնկրետ ինչ սկզբունքով են ընտրվում վճռորոշ ծածկագրերը, նշել են միայն՝ դրանց ստանդարտացում «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքով չի պահանջվում։ Դատական նիստի ժամանակ հայցվոր կողմի հարցին ի պատասխան՝ նախարարության ներկայացուցիչն ասաց, որ վճռորոշ ծածկագերը հատուկ գունավորում ստացածներն են։
Ավելի ուշ մեր ճշտող հարցին, թե ինչ գունավորման մասին է խոսքը, Մուշեղ Հովսեփյանը պարզաբանեց՝ հայցադիմումի պատասխանում նախարարությունը գրել է, որ նախարարի հիշյալ հրամանում վճռորոշ ծածկագրերը գունանշել (highlight) եւ այդ տարբերակով ուղարկել են միայն «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնին՝ համակարգը կառուցելու եւ ընդգծված ծածկագրերը բանաձեւի մեջ ներառելու համար։ Այս մասին, սակայն, մեզ տված պատասխանում որեւէ խոսք չկա։ Եվ հասկանալի էլ չէ, թե ով է ընդգծել եւ ինչ սկզբունքով է ընտրել, թե որ ծածկագրերը պետք է ընդգրկվեն բանաձեւում։
Ըստ Սոցհարցերի նախարարության՝ նոր համակարգը ապահովում է ամեն անձի կարիքին համարժեք գնահատում
Ըստ նաարխարության՝ Ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունների լայն տարանջատման նպատակն է առավել թիրախային գնահատել անձի կարիքը՝ ըստ հաշմանդամության տեսակի եւ ըստ տարիքային խմբի։ Եվ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր խմբի համար կարեւոր է որոշակի ծածկագրերի գնահատումը, տարբեր են նաեւ վճռորոշ ծածկագրերը․ «Հետեւաբար, e-disability համակարգը, ինչպես նաեւ բանաձեւը հաշվի են առնում այս բոլոր առանձնահատկությունները»։
Խնդրել էինք պարզաբանել նաեւ, թե ինչու միջավայրային գործոնները բանաձեւի հաշվարկի մեջ չեն ներառվել, եւ արդյոք դա չի հակասում այս բարեփոխման ընդհանուր տրամաբանությանն ու գաղափարախոսությանը, ըստ որի՝ բժշկական մոդելից անցում էր կատարվում սոցիալականի՝ հենց միջավայրային գործոններից ելնելով մարդկանց սոցիալական կարիքները հաշվի առնելու համար։ Նշենք, որ թե՛ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով, թե՛ ներպետական նույնանուն օրենքով՝ հաշմանդամությունը սահմանվում է որպես իրավիճակ՝ պայմանավորված անձի առողջական խնդիրների եւ միջավայրային արգելքների փոխազդեցությամբ։
Ի պատասխան՝ նախարարությունից նշել են՝ միջավայրային գործոնները թեեւ ներառված չեն ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը հաշվարկելու բանաձեւում, բայց դրանք հիմք են հանդիսանում համապատասխան ծառայություններ երաշխավորելու եւ ծառայությունների անհատական ծրագրում դրանք ներառելու նպատակով:
Ըստ Նախարարության՝ մեթոդական ուղեցույցով սահմանված են ոչ միայն միջավայրային գործոնների ծածկագրերը եւ դրանց գնահատման չափանիշները, այլեւ միջավայրային գործոնների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման հարցաշարը․ «Նման մանրակրկիտ փաստաթուղթ ստեղծելն ինքնանպատակ չէ, այն փաստում է, որ գնահատման ժամանակ միջավայրային գործոնները մանրամասն դիտարկվում և հաշվի են առնվում ծառայությունների անհատական ծրագրի մշակման ժամանակ։ Նշենք նաեւ, որ միջավայրային գործոնի գնահատումը շատ սուբյեկտիվ է, աշխարհում դեռեւս չկան միջավայրային գործոնները գնահատելու հստակ չափորոշիչներ կամ մեթոդաբանություն։ Միջավայրային գործոնների գնահատականը բանաձեւում ներառելու դեպքում, տվյալ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը կբարձրանա, դրանից բխող առնվազն կենսաթոշակի կամ նպաստի չափը կբարձրանա, սակայն լոկալ, զուտ տվյալ անձի համար որոշակի ծառայություններ իրականացնելուց զատ, հնարավոր չի լինի բացառել համընդհանուր անմատչելի միջավայրային խոչըդոտները»։
Ըստ հարցման պատասխանի՝ եթե անձը կարիք ունի նոր ծառայության, ենթադրվում է, որ առկա է նրա առողջական վիճակի կամ կարիքների փոփոխություն։ Արեւ Մելքոնյանի դեպքում, փաստորեն, առկա է միայն կարիքի փոփոխություն․ «Հետևաբար, նոր ծառայություն, այդ թվում նոր տեսակի աջակցող միջոց ստանալու համար կարեւոր է, որ նա անցնի ֆունկցիոնալության գնահատում բազմամասնագիտական թիմի կողմից, որն էլ գնահատված կարիքի հիման վրա կերաշխավորի անհրաժեշտ ծառայությունը՝ ծառայությունների անհատական ծրագրով։ Այնուամենայնիվ, հարցը ներկայումս քննարկվում է նախարարությունում, առաջիկայում հնարավոր լավարկումներ կատարելու նպատակով»։
Նախարարությունից հավելել են նաեւ, որ աջակցող միջոցների արժեքները սահմանվել են շուկայական գների ուսումնասիրության արդյունքում․ «Ներկայումս իրականացվում են աշխատանքներ աջակցող միջոցների ազգային ցանկը ընդլայնելու եւ վերանայելու ուղղությամբ։ Մշակվել են շուրջ 190 աջակցող միջոցների տեխնիկական նկարագրությունները, ինչպես նաեւ դրանց տրամադրման ցուցումները՝ դրանք կապելով անձի ֆունկցիոնալության գնահատման համատեքստում գնահատվող մասնակցության եւ գործունեության «d» ծածկագրերում անձի ունեցած դժվարությունների հետ: Այնուհետեւ կիրականացվի դրանց ծախսակազմումը: Արդյունքում նախատեսվում է աջակցող միջոցների ընդլայնված ցանկը ներառել պետական բյուջեի միջոցներով տրամադրվող աջակցող միջոցների ցանկում»,- ասված է պատասխանում։
Մեկուկես տարի գործող համակարգի աշխատանքը գնահատելուց նախարարությունն առայժմ ձեռնպահ է մնացել, նշել՝ համակարգի արդյունավետությանը գնահատական հնարավոր է տալ որոշակի ժամանակահատված գործարկելու եւ մշտադիտարկում իրականացնելու արդյունքում։
Իսկ հետագա գործարկման հարցը պարզ կլինի առաջիկայում։ Հոկտեմբերի 7-ին գործի քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։ Այն կհրապարակվի հոկտեմբերի 28-ին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)