Հոկտեմբերի 9-10-ը Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության և միջազգային համագործակցության վարչություններում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացման հեռանկարները։
Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա զարգացման միտումները և այդ համատեքստում կարևորել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կերպափոխման ընթացքը։
Կողմերը քննարկել և երկուստեք գոհունակություն են հայտնել 2024 թվականի երկկողմ պաշտպանական համագործակցության ընթացքի վերաբերյալ, ընդգծել են այն զարգացնելու զգալի ներուժը։ Քննարկումների արդյունքում համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է տասնյակ միջոցառումներ՝ փորձի փոխանակման, կրթության և վարժանքի, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով։
comment.count (0)