Ռոբերտ Քոչարյանը քաղաքականությունից դուրս չի գա: երկրորդ նախագահն ինքն այդ մասին այսօր ասաց՝ իր դեմ նոր դատաքննության մեկնարկին։ Միաժամանակ վստահեցրեց, թե չի հավակնում վարչապետի պաշտոնին:
«Ոչ, ոչ, դա ի՛մ իրավունքն է, ես չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց երկիրը այնպիսի վտանգների տակ է հայտնվել և այնպիսի արհավիրքների տակ է հայտնվել, և ինքս, նաև ինձնով են սկսել զբաղվել որպես քաղաքականությամբ, այդ ամբողջական պատկերը, այո, ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականության մեջ: Եվ մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ իրավունքն է և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ», - հայտարարեց Քոչարյանը:
Վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժմանն իր առաջնորդած «Հայաստան» դաշինքով սատարող երկրորդ նախագահն անդրադարձավ վերջերս Շիրակի թեմի առաջնորդի դիտարկմանը, թե շարժումը չի հաջողում, քանի որ երկրորդ և երրորդ նախագահների ուրվականները քայքայել են այն։
«Իսկական առաջնորդին, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել: Մեծ մարդը միշտ ունի մեծ ստվեր, փոքր մարդը ունի փոքր ստվեր: Կոնկրետ Բագրատ սրբազանին ոչ մեկի ստվերը չի խանգարի», - ասաց նախկին նախագահը:
Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարան էր եկել Մարտի 1-ի գործով։ Երկրորդ նախագահը դեռ 2021-ին առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվեց, բայց վերջերս վճռաբեկ ատյանը բեկանեց այդ վճիռն ու գործն ուղարկեց նոր քննության։
Քոչարյանն այսօր այդպես էլ չպատասխանեց լրագրողների համառ հարցին՝ արդյոք իրեն պատասխանատու համարում է իր նախագահության օրոք մայրաքաղաքի կենտրոնում 10 մարդկանց սպանության համար։
Ավելին՝ երկրորդ նախագահը, որ դեռ 2018-ից պնդում է, թե անմեղ է, այսօր դատական նիստից հետո անարդարությունից դժգոհեց. - «Ավելի քան մեկուկես տարի կալանավորված եմ եղել ապօրինաբար, չեղած հոդվածով, և մինչ այսօր ինձնից ներողություն չի խնդրել ո՛չ Դատախազությունը, ո՛չ ընդհանրապես որևէ պետական մարմին: Ավելին՝ շարունակում են աճպարարությամբ, ինչ-որ, այս գործը հետ բերել դատարան՝ ինչ-ինչ նպատակներով: Այն, ինչ կատարվում է ընդհանրապես, իրավական խուլիգանություն է»:
Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության վերջին՝ արյունալի օրերի մասին հարցերին ըստ էության պատասխաններ չտվեց: 16 տարի առաջվա դեպքերի չբացահայտման մասին էլ ասաց. - «Ո՞վ է իրենց ձեռքից բռնել, խանգարել, թող ամբողջությամբ քննեն»:
Երկրորդ նախագահը մեղադրյալի կարգավիճակ ստացավ 2018 թվականին, 2021-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրեց Քոչարյանին ու նրա երեք բարձրաստիճան ենթականերին՝ ոչ թե ապացուցելով նրանց անմեղությունը, այլ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը: Բարձր դատարանը հակասահմանադրական էր ճանաչել նրանց վերագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը։
Դրանից հետո Գլխավոր դատախազությունը բողոքարկեց վճիռը։ Ի վերջո Վճռաբեկը բեկանեց արդարացման որոշումն ու գործը հետ ուղարկեց Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
comment.count (0)