azatutyun.am: Բաքվում կայանալիք COP29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին դեռ որոշում չկա,«ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ Ռուսաստանն անպայման ներկայացված կլինի համաժողովին։
«Դեռ որոշում չի կայացվել։ Ռուսաստանը, իհարկե, ներկայացված կլինի», - ասել է Պեսկովը։
Հուլիսին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կազմակերպության բոլոր ղեկավարներին հրավիրել է ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին։ Միջոցառումը կմեկնարկի նոյեմբերի 11-ին։
ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվեց անցած դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։
Որոշումն ընդունվեց այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։
Ադրբեջանը նաև Հայաստանին է հրավիրել՝ մասնակցելու այդ համաժողովին, Երևանը դեռ որոշում չունի։
comment.count (0)