tert.am: «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում եթե տեսչական մարմինը հայտնաբերի խախտումներ, ապա կդիտարկվի լիցենզիան դադարեցնելու հարցը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան:
Հարցին՝ պետք է պարտադիր քաղաքացի մահանա՞, որ լծակների դիմեք, նախարարությունը հետևո՞ւմ է, որ ինչ-որ բժիշկներ են հայտնվում, բացում են ինչ-որ սենյակներ ու անցկացնում բարդ վիրահատություններ, նա արձագանքեց. «Կխնդրեմ որակումների մեջ մի քիչ ավելի փաստային հանգամանքներ դնել: Տեսեք, կազմակերպությունն ունի լիցիենզիա, լիցենզիայի պայմաներին հետևելու հանգամանքը պետք է տեսչական մարմինները պարզեն և եթե հայտնվեն խախտումներ, կդիտարկվի լիցենզիան կասեցնելու կամ դադարեցնելու հարցը»:
Ինչ վերաբերում է նրան, որ նախորդ տարի ևս այդ կլինիկայում մարդ մահացավ, քրեական գործ կամ հենց ստուգումներ չեղան, որ նմանատաիպ դեպքի կրկնությունը բացառվեր, Ավանեսյանը նշեց, որ քրեական գործի հետ կապված հարցն իրեն չպետք է ուղղվել, բայց պետք է հասկանալ նաև պատճառահետևանքային կապերը:
«Ես նորից եմ կրկնում՝ մենք հետևողական ենք լինելու, որ պարզվեն ամբողջ հանգամանքները, ինչն է հանդիսացել մահվան պատճառը, արդյոք տեղի է ունեցել բժշկական սխալ և ինչպիսին, դրանից հետևությունները շատ խիստ են արվելու»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ վերոնշյալ կենտրոնում պլաստիկ վիրահատության հետևանքով մահացել էր 56-ամյա Զաբել Կարապետյանը։ Վերջինիս ամուսինը մեղադրում է բժշկին, քանի որ, ինչպես պարզվել է, բժիշկը միաժամանակ կնոջ մարմնի հինգ հատվածներում վիրահատություն է սկսել։ Վիրահատությունը կատարած պլաստիկ վիրաբույժ և կենտրոնի ղեկավար Արթուր Սարգսյանը հայտարարությամբ հանդես է եկել՝ կնոջ մահը կապելով սրտի կաթվածի հետ։ Նույն կենտրոնում մահվան ևս մեկ դեպք էր գրանցվել նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին։
comment.count (0)