civilnet.am: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ կիրակի օրը երկրում անցկացված երկակի քվեարկություններում (նախագահի ընտրություն և ԵՄ անդամակցության հանրաքվե) եղել է արտաքին «աննախադեպ» միջամտություն, երբ նախնական արդյունքները ցույց տվեցին, որ ընտրությունները գնում են դեպի սերտ երկրորդ փուլ, իսկ ԵՄ հանրաքվեն հասել է վերջնագծին, հաղորդում է Reuters-ը։
Նախագահական ընտրություններում Սանդուն ստացել է ձայների 38%-ը, իսկ նրա գլխավոր մրցակիցը՝ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 28%-ը, ինչը նշանակում է երկրորդ փուլ, որը կանցկացվի նոյեմբերի 3-ին:
Ձայների ավելի քան 92%-ի հաշվարկից հետո հանրաքվեում մոլդովացիների 52%-ը քվեարկել է «ոչ», իսկ 47%-ը՝ «այո» ԵՄ անդամակցությանը: Չնայած տարբերությանը, վերլուծաբանները նշել են, որ «այո»-ի ճամբարը դեռ կարող է հաղթել, քանի որ մեծամասամբ ԵՄ կողմնակից սփյուռքի քվեաթերթիկները դեռ չեն հաշվարկվել: Հանրաքվեն նպատակ ուներ որոշել՝ արդյոք սահմանադրության մեջ ներառել դրույթ, որը ԵՄ անդամակցությունը սահմանում է որպես նպատակ: «Ոչ» քվեն իրավաբանորեն պարտադիր չի լինի, բայց կնպաստի Ստոյանոգլոյի քարոզարշավին և հարված կլինի Սանդուին: Արևմտամետ գործող նախագահը ցանկանում է, որ Մոլդովան մինչև 2030-ը միանա ԵՄ-ին:
Մոլդովացիներին հղած ուղերձում Սանդուն ասել է, թե կան «հստակ ապացույցներ», որ քրեական խմբավորումները, համագործակցելով Մոլդովայի շահերին թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի հետ, փորձել են գնել 300,000 ձայն, ինչը նա անվանել է «աննախադեպ մասշտաբի խարդախություն»:
«Նրանց նպատակն էր խաթարել ժողովրդավարական գործընթացը: Նրանց մտադրությունն էր հասարակության մեջ վախ և խուճապ տարածել… Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին, և կպատասխանենք վճռական որոշումներով», – ասել է նա:
Քվեարկությունից առաջ մի շարք մեղադրանքներ են հնչել Ռուսաստանում բնակվող և փախուստի դիմած մագնատ Իլան Շորի հասցեին՝ ընտրություններին միջամտության վերաբերյալ: Մոսկվան հերքում է միջամտությունը։ Շորը ևս հերքում է իրեն մեղսագրվող արարքները:
Այս ամսվա սկզբին Մոլդովայի ոստիկանությունը Շորի դեմ մեղադրանք էր առաջադրել, և նա հեռակա դատապարտվել է խարդախության և գողության համար՝ առնվազն 130,000 ընտրողների կաշառելու փորձի մեջ՝ «ոչ» քվեարկելու և ընտրություններում «մեր թեկնածուին» աջակցելու համար:
Շորը սոցիալական ցանցերում բացահայտ առաջարկել է վճարել մոլդովացիներին՝ մյուսներին համոզելու որոշակի քվեարկելու, և ասել է, որ դա իր վաստակած գումարի օրինական օգտագործում է:
Երկուշաբթի վաղ առավոտյան նա ասել է, որ մոլդովացիները քվեարկել են հանրաքվեի դեմ։ «Այսօր շնորհավորում եմ ձեզ, դուք պարտվեցիք ճակատամարտում»,- դիմելով Սանդուին՝ ասել է նա:
Քվեարկությունից առաջ Մոլդովայի իշխանությունները փակել էին առցանց ռեսուրսներ, որոնք, ըստ նրանց, ապատեղեկատվություն էին տարածում։ Իշխանությունները հայտարարել էին, թե բացահայտել են Ռուսաստանում մոլդովացիներին զանգվածային անկարգություններ կազմակերպելու վերապատրաստման մի պլան և քրեական գործեր էին հարուցել Շորի կողմնակիցների դեմ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)