armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խոսեց կառույցի առջև ծառացած մարտահրավերներից։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին Մանասյանն ասաց, որ խնդիրները հաճախ է ներկայացրել նաև հրապարակային եղանակով և ակնկալում է դրանց պատշաճ և շուտափույթ հասցեավորումը բոլոր դերակատարների կողմից։
«Առկա են մարտահրավերներ տարբեր քաղաքական և հանրային գործիչների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը հարգելու, վերջինիսի գործունեությանը միջամտելու և լիազորությունների իրականացումը խոչընդոտելու փորձերը բացառելու, ինչպես նաև հանրային իշխանության առանձին մարմինների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի որոշումները, վերաբերելի փաստաթղթերում արտահայտված դիրքորոշումները պատշաճ մեթոդաբանությամբ իրացնելու տեսանկյունից»,- ընդգծեց Պաշտպանը։
ՄԻՊ-ը հատուկ արձանագրեց, որ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ևս շարունակաբար կատարելագործում է իր գործունեությունն ու աշխատանքի մեթոդաբանությունը։
«Մշակվել են նոր գործիքակազմեր մեր գործունեության ապաքաղաքական բնույթը երաշխավորելու նպատակով։ Օրինակ՝ ամբողջությամբ վերափոխվել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում աշխատանքի մեթոդաբանությունն ու գործիքները, կոնֆլիկտների ժամանակահատվածում ՄԻՊ գործունեության ձևաչափը և մի շարք այլ փոփոխություններ, որոնք կատարվել են նկատի ունենալով նաև միջազգային գործընկերների կողմից ներկայացրած դիտարկումները։
Այս առումով հատուկ ընդգծեմ իրավահավասարության և հակախտրականության ոլորտում ՄԻՊ-ի կողմից իրականացվող աշխատանքները, որոնք ամբողջությամբ վերափոխվել են և դարձել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևորագույն առաջնահերթություններից մեկը»,-ասաց Անահիտ Մանասյանը։
comment.count (0)