armenpress.am: Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հարգանքով և խորին գնահատանքով է վերաբերում հասարակության մեջ խտրականության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռքբերումներին։
Այս մասին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛ֆլահերթին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին՝ առցանց ձևաչափով: Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի ֆորմալ օրենսդրական մանդատը։
Օ՛ֆլահերթին, ողջունելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20 տարվա ձեռքբերումը, իր խոսքում նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանը ճանաչվում է որպես չափազանց կարևոր աշխատանք, որի գործունեությունը հարգվում է ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։
«2023 թվականին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների նախկին հանձնակատար Դունյա Միյատովիչը այցելեց ձեր երկիր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ շատ սերտ համագործակցության և գործընկերության համատեքստում: Եվ ես պատիվ ու հաճույք եմ ստացել արդեն այս տարվա հուլիսին հանդիպելու Անահիտ Մանասյայի հետ», - նշեց Օ՛ֆլահերթին՝ հավելելով, որ Մարդու իրավունքների ազգային ինստիտուտն առանցքային է ցանկացած պետության մարդու իրավունքների ազգային ճարտարապետության մեջ:
Նրա դիտարկմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը գտնվում է պետության և հասարակության միջև, և երբ այն աշխատում է լավագույն ձևով՝ ապահովում է ցանկացած երկրի քաղաքացու կյանքի համար մի շարք կարևոր հանգամանքներ։
«Ամենից առաջ այն հանդիսանում է մարդու իրավունքների անկախ պաշտպան: Ե՛վ անկախ լինելու, և՛ մարդու իրավունքների պաշտպան լինելու համատեքստում այն փորձագիտական կենտրոն է, մարդու իրավունքների փորձաքննության ազգային կենտրոն: Դա մարդու իրավունքների հարգման խիզախ ջատագով է», - ասաց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը:
Նրա կարծիքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հաջողությունների բանալին կիրառելի չափանիշների հարգումն է։ Մայքլ Օ՛ֆլահերթիի դիտարկմամբ՝ այդ ստանդարտը մարդու իրավունքների ազգային մարմնի համար, ինչպիսին Մարդու իրավունքների պաշտպանն է, Միավորված ազգերի կազմակերպության Փարիզի 1993 թվականի սկզբունքներն են.
Եզրափակելով իր միտքը՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ՀՀ ՄԻՊ-ին հղեց հետևյալ երեք մաղթանքները․
«Առաջինն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանը և Ձեր պետությունը (խմբ. Հայաստանի Հանրապետությունը) շարունակեն ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի ֆորմալ օրենսդրական մանդատը։ Օրինակ՝ նպաստել մարդու իրավունքների պայմանագրերի վավերացմանը, բայց նաև երաշխավորել Օմբուդսմենի ընտրական գործընթացը։ Ես հասկանում եմ, որ լավ է ընթանում, բայց արժեքավոր է օրենքում ներառել ընտրական գործընթացի հստակ, թափանցիկ և մասնակցային լինելու երաշխիքները: Երկրորդ մաղթանքս այն է, որ հասարակության մեջ խտրականության դեմ պայքարի ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ջանքերի շարունակական ուժեղացում լինի։ Ես խորին գնահատանքով և հարգանքով եմ ընդունում այն, ինչ արդեն իսկ ձեռք է բերվել այս առումով, բայց մենք միշտ կարող ենք ավելի հեռուն գնալ: Հիշե′ք, պետք է պաշտպանել մեր հասարակությունում ուշադրությունից դուրս գտնվող, լքված մարդկանց իրավունքները: Եվ երրորդ ցանկությունս է, որ հաստատության նկատմամբ մշտապես ուժեղանա հարգանքը, գնահատվի նրա կարևոր դերը հասարակության համար, և այնուհետև նման հարգանքի արդյունքում ապահովվի նրան ամեն հնարավոր աջակցություն»։
comment.count (0)