ՀՀ ԱԺ փոխնախագահը չինացի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
15:38 - 21 հոկտեմբերի, 2024

ՀՀ ԱԺ փոխնախագահը չինացի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Լաոսի մայրաքաղաք Վիենտյան կատարած այցի շրջանակում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են Չինաստանի Ազգային Ժողովրդական Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Ջիանգ Չենգուայի հետ:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Ջիանգ Չենգուան նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի հետ կարևոր համագործակցային կետեր ունի և հույս հայտնել, որ Չինաստանի կողմից ներդրումներ կլինեն այդ ծրագրում՝ որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի մաս: Վերջինս նաև աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և վստահության ամրապնդման գործընթացին:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Չինաստանի և Հայաստանի խորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և նշել, որ իր գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ պատվիրակության պաշտոնական այցը Չինաստան, ինչպես նաև հրավիրել է չինացի գործընկերներին Հայաստան:

Ջիանգ Չենգուան նշել է, որ ԱԺ պատվիրակության՝ Չինաստան կատարած այցից հետո իրականացվել է Երևան-Ուրումչի ուղիղ օդային չվերթերի գործարկումը:

Կարևորվել են քաղաքական հարաբերությունների զարգացումը, տնտեսական տարբեր ուղղություններով առաջխաղացումը:

Չինական կողմն առաջարկել է հայկական ընկերություններին մասնակցել Չինաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվող ներմուծման ցուցահանդեսներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել