ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
10:32 - 23 հոկտեմբերի, 2024

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

ՀՀ ազգային ժողովը 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը:

Քվեարկության մասնակցեց միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Հիշեցնենք, որ մինչ Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկումը նախ 2024թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունն է վավերացրել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Որոշման համաձայն՝ փաստաթուղթը ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։

ՀՀ սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին քննարկել է կանոնակարգը և սեպտեմբերի 26-ի որոշմամբ հայտարարել, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

Ընթացակարգի համաձայն՝ այնուհետև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է քննարկել կանոնակարգը վավերացնելու նախագիծը. այն զեկուցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները Հայաստանի կողմից:

ԱԺ հանձնաժողովի նիստին ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից մասնակցել են միայն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները նախագծի վերաբերյալ: Նրանք մասնավորապես հետաքրքրվել են հանձնաժողովի աշխատանքներով, սահմանների տեղորոշմամբ,  քարտեզներով,  Տավուշի մարզում մայիսին իրականացված սահմանազատման գործընթացով եւ դրա իրավաչափությամբ, կադաստրային գրանցումներով, հատվածական սահմանազատման տրամաբանությամբ, միակողմանի զիջումներով, Ադրբեջանի կողմից փաստաթղթի վավերացման գործընթացով, ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զինուժի  դուրս գալու հարցով, Ադրբեջանի կողմից հնչող պահանջներով:

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են լիագումար նիստը՝ չմասնակցելով ո՛չ երեկ՝ հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած քննարկմանը, ո՛չ այսօր տեղի ունեցած քվեարկությանը:

Կանոնակարգը երկու երկրների փոխվարչապետերի կողմից ստորագրվել է 2024թ. օգոստոսի 30-ին: 

Ադրբեջանում կանոնակարգը դեռևս չի վավերացվել, գործընթաց էլ չի մեկնարկել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ կանոնակարգը երկկողմանի ստորագրված է համարվում երկու երկրներում ընթացակարգերը ավարտելու վերաբերյալ ծանուցումների փոխանակումից հետո:

Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը՝ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել