Հարկային և մաքսային տեսուչների ստացած նվիրատվությունները հետագծելի չեն. ԿԿՀ-ն նրանց հայտարարագրերը չի ուսումնասիրել
19:36 - 23 հոկտեմբերի, 2024

Հարկային և մաքսային տեսուչների ստացած նվիրատվությունները հետագծելի չեն. ԿԿՀ-ն նրանց հայտարարագրերը չի ուսումնասիրել

2023 թվականին Պետական եկամուտների կոմիտեի 77 աշխատակիցներ ստացել են մոտ 478 մլն դրամի 109 նվիրատվություն։ Այս մասին տեղեկանում ենք նրանց գույքի և եկամուտների հայտարարագրերից։ «Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել 109 նվիրատուներից 76-ին և գտել նրանց կապը պաշտոնյաների հետ։ Այսպիսով, ՊԵԿ պաշտոնյաները 2023 թվականին ամենաշատ նվիրատվությունները ստացել են ծնողներից և քույր-եղբայրներից։ 

478 միլիոնից 416 մլն դրամը ՊԵԿ աշխատակիցները ստացել են գումարի տեսքով, իսկ մոտ 62 մլն դրամը՝ բնամթերային ձևով։

Գումարային արտահայտությամբ ամենամեծ նվիրատվությունները ՊԵԿ աշխատակիցները ստացել են ծնողներից՝ մոտ 281 մլն դրամ։ Պաշտոնատար անձանց հետ մոտ 90 մլն դրամի նվիրատվություն կատարողների կապը պարզել չի ստացվել։

Ամենամեծ չափով նվիրատվությունը ստացել է ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության-վարչության պետ Արմեն Սաֆարյանը։ Նվիրատվությունը ստացել է հորից՝ Գեորգի Սաֆարյանից։ Նվիրատվության չափը կազմել է 58 մլն 200 հազար դրամ։ Գեորգի Սաֆարյանը հայտարարագիր չի լրացնում, քանի որ պաշտոնյայի հետ համատեղ բնակվող անձ չէ, հետևաբար հնարավոր չէ պարզել, թե որտեղից է գոյացել նշված գումարը։

Գրեթե նույնքան՝ 57 մլն 900 հազար դրամ նվիրատվություն ստացել է ՊԵԿ Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Սուրեն Գալստյանը հորից՝ Վալերիկ Գալստյանից։ Վերջինս հայտարարատու անձ չէ, նվիրատվության միջոցների ծագման աղբյուրը տեսանելի չէ։

Պաշտոնյաները նվիրատվություններ ստացել են տարբեր արժույթներով՝ դրամ, ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար և եվրո։

109 նվիրատուներից 2023թ-ին միայն 7-ն են եղել հայտարարատու։ Մենք ուսումնասիրել ենք պաշտոնյաներին նվիրատվություն արած անձանց հայտարարագրերը և պարզել, որ նվիրատուներից մեկը չի ունեցել այնքան գումար, որքան նվիրաբերել է, իսկ երեք նվիրատու չի հայտարարագրել կատարած նվիրատվությունը։

ՊԵԿ Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կամերալ ուսումնասիրությունների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Լիանա Մովսիսյանը 2023 թվականին 30 հազար եվրո նվիրատվություն է ստացել ամուսնուց՝ Սամվել Եղիազարյանից։ Վերջինիս հայտարարագրից երևում է, որ այդքան գումար չի ունեցել նվիրատվություն կատարելու համար։ Սամվել Եղիազարյանը տարվա սկզբում հայտարարագրել է 20 հազար եվրո և 3 մլն դրամ կանխիկ գումար, որոնք տարվա վերջում նվազել են՝ դառնալով 10 հազար եվրո և 2.5 մլն դրամ։ ՊԵԿ հարկային տեսուչի ամուսինն այդ տարի եկամուտ և ծախսեր չի հայտարարագրել, այդ թվում՝ կատարած նվիրատվությունը:

ՊԵԿ Ներքին աուդիտի վարչության հարկային մարմնի ներքին աուդիտի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Տիգրան Նարիմանյանը 2023 թվականին 7.4 մլն դրամ նվիրատվություն է ստացել մորից՝ Մելանիա Մկրտչյանից։ Մկրտչյանը  թեև ունեցել է կատարված նվիրատվության չափով ֆինանսական միջոցներ, սակայն նվիրատվությունը չի հայտարարագրել ծախսերում։

ՊԵԿ Ներքին աուդիտի վարչության համակարգման և ֆինանսաիրավական ներքին աուդիտի բաժնի պետ Վանյա Ղազարյանը 2023-ին մոտ 11 մլն դրամ նվիրատվություն է ստացել կնոջից՝ Աննա Դրմոյանից։ Վերջինս թեև ունեցել է նվիրատվության չափով միջոցներ, սակայն արված նվիրատվությունը ծախսերի բաժնում չի հայտարարագրել։

ՊԵԿ պաշտոնյաների նվիրատու ընտանիքի անդամները եկամուտներ են ստացել անշարժ գույքի օտարումից, ձեռնարկատիրական գործունեությունից, բանկային ավանդներից, և այլ անձանցից ստացած նվիրատվություններից։

 

Որոշ պաշտոնյաներ վերջին երկու-երեք տարիներին անընդմեջ նվիրատվություններ են ստացել. նրանցից ոմանք՝ նույն անձանցից

«Ինֆոքոմը» ուսումնասիրել է նաև ՊԵԿ պաշտոնյաների 2021 և 2022 թվականների հայտարարագրերը և նկատել հետևյալ օրինաչափությունը. որոշ պաշտոնյաներ նվիրատվություններ են ստացել վերջին երկու կամ երեք տարին անընդմեջ։

ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 6 գլխավոր հարկային տեսուչ Խաչատուր Մկրտչյանն արդեն երեք տարի է, ինչ նվիրատվություններ է ստանում հորից՝ Արթուր Մկրտչյանից։ 2021-ին ստացել է 1.5 մլն դրամ, իսկ 2022-ին և 2023-ին՝ 2.5-ական մլն դրամ։

ՊԵԿ Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության ընթացիկ հարկային հսկողության համակարգման բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արսեն Ալեքսանյանը եղբորից նվիրատվություններ է ստացել երեք տարի շարունակ 2021 թվականին՝ 2.6 մլն դրամ, 2022-ին՝ 1.6 մլն դրամ, իսկ 2023-ին՝ 670 հազար դրամ։

ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության մաքսային մարմնի ներքին անվտանգության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Արա Սիմոնյանը 2021-ին ստացել է մոտ 977 հազար դրամ, 2022-ին՝ մոտ 1 մլն 45 հազար դրամ, իսկ 2023-ին՝ մոտ 1 մլն 80 հազար դրամ՝ քույրերից։

ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 5 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Կարեն Մարգարյանը 2021-ին ստացել է ընդհանուր 2.1 մլն դրամ, 2022-ին՝ ընդհանուր 4.6 մլն դրամ, իսկ 2023-ին՝ ընդհանուր 2.1 մլն դրամ։ Բոլոր տարիներին Կարեն Մարգարյանը նվիրատվությունները ստացել է նույն երկու անձանցից։ Նրանցից մեկը պաշտոնյայի եղբայրն է, մյուսին նույնականացնել չհաջողվեց։

ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության փոքր հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 7 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Աննա Պողոսյանը 2021-ին հորից ու եղբորից ստացել է ընդհանուր 1.3 մլն դրամ, իսկ 2023-ին՝ մորից ու քրոջից ընդհանուր 2.7 մլն դրամ։

ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության փոքր հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 7 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Լուսինե Զազյանը 2021 և 2023 թվականներից ստացել է ընդհանուր 711 հազար դրամ նույն անձից, որին նույնականացնել չհաջողվեց։

ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության փոքր հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 7 բաժնի պետի տեղակալ Հայկազ Կարապետյանը 2021 և 2023 թվականներից ստացել է ընդհանուր 14.7 մլն դրամ հորից։

Ներքին աուդիտի վարչության հարկային մարմնի ներքին աուդիտի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Հովհաննես Ժամկոչյանը 2021 և 2022 թվականներին որդիներից ստացել է ընդհանուր մոտ 2 մլն դրամ նվիրատվություն։

ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արմանդ Աբրահամյանը 2021-ին ստացել է 4.2 մլն դրամ անձից, որին նույնականացնել չհաջողվեց, իսկ 2022 թվականին հայտարարագրել է 8.5 մլն դրամ նվիրատվություն` նվիրատուի դաշտում նշելով «ֆիզիկական անձանցից»։

ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Արամ Ղուկասյանը 2022-ին ստացել է 23.5 մլն դրամ անձից, որին նույնականացնել չհաջողվեց։ 2023-ին 18.3 մլն դրամ նա ստացել է հորից։ 

ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության փոքր հարկ վճարողների վերլուծության և մոնիտորինգի բաժնի պետի տեղակալ Զեփյուռ Ալեքսանյանը 2022 և 2023 թվականներին ընդհանուր 2.7 մլն դրամ նվիրատվություններ է ստացել անձանցից, որոնց նույնականացնել չհաջողվեց։

ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության բացթողնման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Արման Հարությունյանը 2022 և 2023 թվականներին հարազատներից ստացել է ընդհանուր 3.1 մլն դրամ նվիրատվություն։

Հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող պետական մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), օրենքով իրավասու է հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից, տվյալ դեպքում՝ նվիրատուներից ըստ անհրաժեշտության պահանջել իրավիճակային հայտարարագիր, եթե անգամ նրանք հայտարարատու չեն։ 

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքի համաձայն՝ կառույցն իրականացնում է հայտարարագիր լրացնելու և ներկայացնելու պահանջների պահպանման, հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում, հայտարարագրված տվյալների մաթեմատիկական վերլուծություն, ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն, հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն:

Հանձնաժողովին հարցրել էինք՝ արդյոք վերլուծե՞լ են ՊԵԿ պաշտոնյաներից որևէ մեկի հայտարարագիրը կամ նվիրատուներից իրավիճակային հայտարարագրեր հայցե՞լ են։ ԿԿՀ-ից պատասխանել են, որ մեր նշած պաշտոնները ներառված չեն եղել հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչ սահմանելու և դրա հիման վրա պետական պաշտոնների ցանկը հաստատելու մասին որոշումներում, ինչպես նաև նրանց վերաբերյալ հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումներ չեն հայտնաբերվել, անձանց գրավոր դիմումներ նույնպես չեն ստացվել։

Կարճ ասած՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նշված անձանց հայտարարագրերի ստուգում և վերլուծություն չի իրականացրել:

Չնայած այն փաստին, որ հարկային և մաքսային վերահսկողություն իրականացնող պաշտոնյաներն ամենաշատ նվիրատվություն ստացողներն են, նրանց նվիրատվությունների աղբյուրը հիմնականում հետագծելի չէ, որևէ գործնական քայլ չի ձեռնարկվել կոռուպցիոն ռիսկերը գտնելու և կանխարգելելու ուղղությամբ։  

Լյուսի Մանվելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել