Եվրոպական խորհրդարանը հաստատել է Ուկրաինայի համար նախատեսված 38 միլիարդ դոլար վարկը՝ սառեցված ռուսական ակտիվների հաշվին
 |amerikayidzayn.com|
10:33 - 24 հոկտեմբերի, 2024

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Ուկրաինայի համար նախատեսված 38 միլիարդ դոլար վարկը՝ սառեցված ռուսական ակտիվների հաշվին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը երեքշաբթի շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային մոտ 35 միլիարդ եվրո կամ 38 միլիարդ դոլար վարկի տրամադրումը հաստատելու համար:

«Եվրամիության այս կարևոր ներդրումը Մեծ յոթնյակի [խոստացած] 50 միլիարդ դոլար վարկի մասն է...։ Սա կօգնի բավարարել Ուկրաինայի անհետաձգելի ֆինանսական կարիքները՝ Ռուսաստանի դաժան, լայնածավալ պատերազմի պայմաններում»,- X-ում նշել է Շմիգալը:

Կիևին նման վարկի տրամադրման ծրագիրը համաձայնեցվել էր Եվրոպական խորհրդարանում դեռ հոկտեմբերի սկզբին:

Հայտնի է, որ Մեծ յոթնյակը նախատեսում է Ուկրաինային տրամադրել ընդհանուր առմամբ 50 միլիարդ դոլար վարկ, որը մարվելու է սառեցված ռուսական պետական ակտիվներից ստացված շահույթի հաշվին: Կրեմլի այդ ակտիվները սառեցվել էին 2022 թվականի փետրվարին, երբ Ռուսաստանը լայնածավալ ներխուժում սկսեց Ուկրաինա:

Ռուսական ակտիվների ավելի քան երկու երրորդը՝ մոտ 210 միլիարդ եվրո, սառեցված է ԵՄ 27 երկրներում, հիմնականում՝ բելգիական Euroclear ընկերությունում, որը զբաղվում է ակտիվների կառավարմամբ:

ԵՄ-ն առաջինն է, որ հայտարարեց, թե Մեծ յոթնյակի նշված ծրագրի շրջանակում որքան գումար է տրամադրելու:

Երկուշաբթի Մեծ Բրիտանիան տեղեկացրեց, որ Ուկրաինային կտրամադրի 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգ կամ մոտ 2,9 միլիարդ դոլար վարկ:

Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը նշել է, թե սպասվում է, որ Մեծ յոթնայկի մյուս երկրները կհայտարարեն իրենց ներդրումների մասին այս ուրբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը:

ԵՄ ներկայացուցիչների խոսքով՝ թեև միության հաստատած վարկի չափը կազմում է մոտ 35 միլիարդ եվրո, սակայն այն կարող է պակաս լինել՝ կախված մյուս երկրների ներդրումներից:

Ինչպես նշեցինք, Մեծ յոթնյակի նշված ծրագիրը նախատեսում է սառեցված ռուսական պետական ակտիվներից ստացված տոկոսները օգտագործել Ուկրաինան վարկավորելու համար, և այն գալու է փոխարինելու Եվրամիության գործող սխեմային, ըստ որի ցայսօր ֆինանսավորվել է Կիևը, և այս հուլիսին Ուկրաինային հատկացվեց շուրջ 1,7 միլիարդ դոլար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել