Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են տարածաշրջանային հարցեր
11:23 - 24 հոկտեմբերի, 2024

Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Կազանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հանդիպմանը Փաշինյանն ու Փեզեշքիանը ընդգծել են, որ հարաբերությունների զարգացումը երկու երկրների առաջնահերթություններից է։

«Վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար առաջնահերթություններից է: Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի և Իրանի նախագահները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի:

«Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Հայաստանի և Իրանի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր և խորը հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Կազան քաղաք՝ մասնակցելու ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովին: ԲՐԻԿՍ-ի հիմնադիր երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Հետագայում կազմակերպությանը միացել են Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ադրբեջանը և Թուրքիան ևս ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ են ներկայացրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել