azatutyun.am: Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) մեղադրել է Մոնղոլիային Հռոմի ստատուտը խախտելու համար։
Հայտարարության մեջ նշվում է, որ Մոնղոլիան չի ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ վերջինս գտնվել է իր տարածքում և նրան չի հանձնել դատարան՝ այսպիսով խոչընդոտելով ՄՔԴ-ին իրականացնել իր գործառույթները։
Դատարանը Մոնղոլիայի հարցը ներկայացրել է ստատուտը ստորագրած երկրների քննարկմանը։
Ընդգծելով, որ ՄՔԴ-ի որոշումների պարագայում պետությունների ղեկավարների անձեռնմխելիությունը կիրառելի չէ՝ դատարանը նշել է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պարտավոր են ձերբակալել ՄՔԴ օրդերներին ենթակա անձանց՝ անկախ նրանց կարգավիճակից։
The Washington Post-ը գրում է, որ դեռ պարզ չէ, թե ինչ պատիժ կկիրառվի Մոնղոլիայի դեմ։
Պուտինը Մոնղոլիայում էր սեպտեմբերի 3-ին։ Հռոմի ստատուտը ստորագրած Մոնղոլիայում նրան հանդիսավոր արարողությամբ ընդունեցին։
Եվրամիությունը ևս քննադատել է Մոնղոլիային Ռուսաստանի նախագահին չձերբակալելու համար։
Միջազգային քրեական դատարանի առջև ստանձնած պարտավորության համաձայն՝ Մոնղոլիան պիտի ձերբակալեր երկիր այցելած Վլադիմիր Պուտինին, ում մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը ձերբակալելու միջազգային օրդեր տվեց՝ ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ մեղադրելով։
comment.count (0)