Եթե «Հոկտեմբերի 27»-ը չբացահայտվի, մեր երկիրը որպես պետություն չի կարող գոյատեւել․ Սասուն Միքայելյան |aravot.am|
12:25 - 27 հոկտեմբերի, 2024

Եթե «Հոկտեմբերի 27»-ը չբացահայտվի, մեր երկիրը որպես պետություն չի կարող գոյատեւել․ Սասուն Միքայելյան |aravot.am|

aravot.am: «Մենք պարտավոր ենք բացահայտել Հոկտեմբերի 27-ի գործը, որովհետեւ գլխատվեցին մեր օրենսդիր ու գործադիր մարմինները, եւ աշխարհում նման 2-3 դեպք է եղել երեւի։ ԵԿՄ-ն պետք է հետամուտ ու պահանջատեր լինի՝ գործի բացահայտման հետ կապված»,- Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Հարցին, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր բացահայտել Հոկտեմբերի 27-ը, բայց խոստումը չի կատարվել, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ փոխվել են դատախազը, իրավապահ մարմինները, պետք է հետամուտ լինել գործի բացահայտմանը։ «Եկեք չբերենք քաղաքականացնենք, Երկրապահն իր հայտարարությունում ասել է՝ մենք պետք է ձգտենք, որ բացահայտվի։ Երկրապահը պահանջատեր է, որովհետեւ ԱԺ-ում գնդակահարվել են մեր օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարները։ Եթե սա չբացահայտվի, մեր երկիրը հետագայում որպես պետություն չի կարող գոյատեւել»,- հավելեց նա։

Սասուն Միքայելյանը նշեց․ «Երկրապահն իր գործն է անում, Սպարապետի թողած ավանդից չի շեղվել։ Երկրապահը միշտ էլ եղել է իշխանության կողքին, այսօր եթե հանկարծ Երկրապահը փորձի ինչ-որ քաղաքական խաղեր տալ, մենք կգնանք ցեղասպանության, ոնց որ եղավ 1915 թվականին։ Նույն ներքին քաղաքական իրավիճակն էր, նույն մարտահրավերներն են։ Հատկապես այսօր, երբ տարածաշրջանում խոշոր տերությունների վերադասավորումներ է գնում, մենք պետք է կարողանանք խելոք լինենք ու այս իրավիճակից դուրս գանք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել