hetq.am: Այս տարվա առաջին ինն ամիսների (2024 հունվար-սեպտեմբեր) տվյալներով՝ Հայաստանի խոշորագույն հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է (ԶՊՄԿ)։ Նշված ամիսներին ընկերությունը 83.6 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր է վճարել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 31.3 մլրդ դրամով կամ մոտ 63%-ով։
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-սեպտեմբերի խոշոր հարկատուների ցանկը։ 1000 խոշոր հարկատուները 2024-ի հունվար-սեպտեմբերին ընդհանուր առմամբ 1.323 տրլն դրամի հարկեր են վճարել, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 56 մլրդ դրամով կամ 4.4%-ով։
Նկատվում է, որ խոշորների վճարած հարկերի աճը դանդաղում է։ Համեմատության համար՝ 2023-ի հունվար-սեպտեմբերին աճը կազմել է 17%:
Այս տարվա առաջին ինն ամիսների երկրորդ խոշորագույն հարկատուն տեխնիկա ներմուծող, վաճառող և արդեն նախորդ տարվանից արտահանող «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն (Mobile Centre) է։ Ընկերություն վճարել է 49.1 մլրդ դրամի հարկեր, որն աճել է 63%-ով։
Երրորդ տեղում ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն է՝ 39.8 մլրդ դրամի հարկերով և 28% աճով։
Այս անգամ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն 8%-ով նվազեցրել է հարկերը և 36.3 մլրդ դրամով հայտնվել խոշորների ցանկի չորրորդ տեղում։
Հնգյակը եզրափակում է կրկին տեխնիկա ներմուծող, վաճառող և վերաարտահանող «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն (VESTA)։ Ընկերությունը հունվար-սեպտեմբերին վճարել է մոտ 28 մլրդ դրամի հարկ, որն աճել է 20%-ով։
Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են «Ամերիաբանկը», որի հարկերը նվազել են 10%-ով՝ կազմելով 20.4 մլրդ դրամ։
Հաջորդում է վառելիքի առևտրով զբաղվող «Սի Փի Էս էներջի գրուպ» ՍՊԸ-ն՝ 17.6 մլրդ դրամով և 6% աճով։
Տասնյակում են հայտնվել նաև «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» (14.7 մլրդ դրամ), «Վիվա Արմենիա» (14.5 մլրդ դրամ) և «Սիթի» (13.9 մլրդ դրամ) ընկերությունները։
comment.count (0)