Ինչ փուլերով է անցնելու Հայաստանը ԵՄ վիզաների ազատականացման ճանապարհին․ մանրամասնում է Արմեն Ղազարյանը |armenpress.am|
10:09 - 29 հոկտեմբերի, 2024

Ինչ փուլերով է անցնելու Հայաստանը ԵՄ վիզաների ազատականացման ճանապարհին․ մանրամասնում է Արմեն Ղազարյանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Եվրոպական Միությունը 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հայտարարեցին ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին։ Թեմայի շուրջ հանրային քննարկումները հիմնականում այն մասին են, թե, ի վերջո, Հայաստանի քաղաքացիները երբ են կարողանալու ազատ ճամփորդել դեպի Եվրամիության անդամ երկրներ, մասնագիտական քննարկումներ գրեթե չկան, կամ, կարելի է ասել, մղված են երկրորդ պլան։ Առավել հաճախ տարբեր գործիչների կողմից հնչում են գործընթացի վերաբերյալ քաղաքական գնահատականներ, որոնք կարող են մարդկանց մի մեծ հատվածի մոտ առաջացնել չարդարացված ակնկալիքներ ժամկետների առումով։ 

ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, գործընթացի փուլերի, առաջիկա զարգացումների, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների դեսպանություններում վերջին շրջանում վիզա ստանալու համար գոյացած հերթերի, դրանց պատճառների ու լուծման ուղիների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։ 

-Պարոն Ղազարյան, սեպտեմբերի 9-ին Հայաստանն ու Եվրամիությունը տվեցին Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Դրանից հետո այս գործընթացի մասին խոսվում է հիմնականում քաղաքական կոնտեքստում, հնչում են հիմնականում քաղաքական գնահատականներ, որոնք մեր հանրության մի մեծ հատվածի մոտ կարող են ձևավորել չարդարացված ակնկալիքներ պրոցեսի ժամկետների վերաբերյալ։ Խնդրում եմ մասնագիտական առումով ներկայացնեք, թե ի՞նչ է ենթադրում այս գործընթացը, ինչ փուլերով է անցնելու Հայաստանը ու որքան ժամանակ է պահանջվելու այս գործընթացն ավարտին հասցնելու համար։

-Շատ կարևոր հարցադրում եք անում։ Երկու ասպեկտ պետք է առանձնացնենք այս հարցի շուրջ։ Առաջինը բովանդակային ասպեկտն է, երկրորդը՝ ժամանակային։ Շատ դիպուկ եք նկատում, որ մեր հանրային խոսակցությունը հիմնականում կենտրոնանում է ժամանակային ասպեկտի վրա։ Դա բնական է, մարդիկ սպասում են, թե երբ են ունենալու առավել դյուրացված ճամփորդելու հնարավորություններ դեպի Եվրոպական Միություն, սակայն բովանդակային ասպեկտն այստեղ պակաս կարևոր չէ։ Եթե անդրադառնանք բովանդակությանն, ավելի հեշտ կհասկանանք, թե ինչ ժամանակներում է հնարավոր իրացնել այդ բովանդակությունը։ Երկխոսության մեկնարկի հայտարարությունից հետո, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ին, երբ Հայաստան ժամանեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ նրանք պաշտոնապես հայտարարեցին վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին։ Դրանից հետո ենթադրվում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստում։ Առաջիկա ամիսներին մենք եվրոպացի գործընկերների հետ կենտրոնանալու ենք այդ աշխատանքի վրա։ Լինելու են բազմաթիվ այցելություններ, քննարկումներ, որոնց արդյունքում Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին է ներկայացնելու վիզաների ազատականացման գործողության ծրագիրը։ Անշուշտ, այս փաստաթուղթը համատեղ է մշակվելու, բայց ֆորմալ իմաստով այն Եվրոպական հանձնաժողովը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետությանը։ Մենք այս պահին, բնականաբար, դեռևս չգիտենք վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի ամբողջական բովանդակությունը, բայց, ուսումնասիրելով այլ երկրների փորձը, որոնք անցել են այս ճանապարհը, կարող ենք առանձնացնել 4 հիմնական բլոկ, որոնց շուրջ պետք է տեղի ունենա երկխոսությունը։ Առաջինը տվյալների պաշտպանության, այդ թվում՝ բիոմետրիկ տվյալների պաշտպանության և փաստաթղթերի անվտանգության բլոկն է, երկրորդը միգրացիայի կառավարման և ապաստանի ու սահմանների կառավարման բլոկն է, երրորդը հանրային անվտանգության և հանցավորության դեմ պայքարի բլոկն է, իսկ չորրորդ բլոկն առնչվում է հիմնարար ազատություններին  և, այսպես ասած, արտաքին չափմանը։ Ժամանակային ասպեկտի առումով կարող եմ նշել, որ ամենակարճ ժամանակներում վիզաների ազատականացման գործողությունների ծրագրերը իրականացրել են Մոլդովան և Վրաստանը։ Մոլդովայի դեպքում պահանջվել է 4 տարուց ավելի ժամանակ, Վրաստանի դեպքում՝ 5 տարի։ 

-Այս համատեքստում ևս մեկ թեմա կա, որ մեր հանրային տիրույթում շատ է քննարկվում։ Կա կարծիք, որ վիզաների ազատականացման դեպքում Հայաստանից արտագաղթի մեծ հոսք կլինի դեպի Եվրոպա։ Դուք սա ինչպե՞ս կմեկնաբանեք, կա՞ արդյոք նման ռիսկ և պետությունը հաշվի առե՞լ է, թե ինչպես է կառավարելու այդ ռիսկը։ 

-Սա կարևոր հարց է։ Իրավիճակը հետևյալն է, մենք կարող է սխալ պատկերացնենք, թե ինչ է նշանակում վիզաների ազատականացում։ Վիզաների ազատականացում նշանակում է միայն մեկ տեսակի վիզայի պահանջի վերացում։ Խոսքը կարճաժամկետ այցելության վիզայի մասին է, որը նշանակում է 1 տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում 90 օր Շենգեն գոտու տարածքում գտնվելու հնարավորություն։ Այսինքն՝ դա չի ենթադրում աշխատելու, ուսման հնարավորություններ։ Այս ճանապարհով անցած երկրների թիվը շատ չէ, դրանք 8-ն են, որոնցից 3-ն Արևելյան գործընկերության երկրներն են՝ Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա, իսկ 5-ն Արևմտյան Բալկանների պետություններն են՝ Սերբիա, Հյուսիսային Մակեդոնիա և այլն։ Երբ ուսումնասիրում ենք այս երկրների փորձը, տեսնում ենք, որ վիզաների ազատականացումից հետո առաջին դրսևորումը եղել է Եվրոպական Միության տարածքում այդ երկրներից ապաստան հայցողների քանակի աճը։ Մեր հարևան Վրաստանը 2017 թվականից ունի ազատ վիզային ռեժիմ Եվրոպական միության հետ, և մենք չենք տեսնում դրամատիկ փոփոխություններ միգրացիոն պատկերում։ Ի՞նչն է կանխարգելելու անօրինական միգրացիոն։ Կանխարգելման երկու էլեմենտ կա։ Առաջինը ԵՄ-ի խիստ ռեգուլյացիաներն են միգրացիայի կառավարման մասով։ 

Երկրորդ էլեմենտը ռեադմիսիայի հետընդունման համակարգն է, որը Հայաստանը իրացնում է ամբողջական պոտենցիալով, ինչը կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա հետագայում կրկնակի անօրինական միգրացիայի քայլերի դիմելու առումով։ 

Նշեմ մի կարևոր հանգամանք ևս․ այս տարի Եվրոպական միությունն ընդունել է միգրացիայի և ապաստանի վերաբերյալ պակտը, որը, պայմանական ասած, Եվրոպական միության միգրացիոն ռազմավարությունն է, որից բխելու են Եվրոպական միության մի շարք դիրեկտիվներում փոփոխություններ, որոնք ևս ուղղված են լինելու միգրացիոն կարգավորումների խստացումներին։ 

-Քանի որ խոսեցիք Վրաստանից, եթե ճիշտ եմ հիշում, Վրաստանը վերջին երկիրն է, որի համար ԵՄ-ն վիզաներն ազատականացնելու որոշում է կայացրել, բայց հիմա, պայմանավորված Վրաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների լարվածությամբ, ԵՄ-ում քննարկումներ կան Վրաստանի համար վիզաների ազատականացման որոշումը կասեցնելու շուրջ։ Եթե, ի վերջո, դա տեղի ունենա, ինչպե՞ս կարող է սա ազդել Հայաստանի հետ բանակցությունների վրա։ 

-Բնականաբար, դա որոշակի ազդեցություն կարող է ունենալ, բայց ես ավելի շատ կարող եմ նշել այն պրակտիկ ազդեցությունները, որ կարող են լինել մեր առօրյայի վրա։ Ես արդեն նշեցի, որ 7 տարի է՝ Վրաստանի պարագայում գործում է Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմը, և Եվրոպական միության երկրները, որոնք ունեին համապատասխան հյուպատոսական ծառայություններ և հիմնարկներ Վրաստանում, որոնց միջոցով տրամադրում էին շենգեն վիզաներ, եթե ոչ բոլորը, ապա դրանց ճնշող մեծամասնությունը կտրուկ նվազեցրել են իրենց կարողությունները և հյուպատոսական ծառայությունները թողել են միայն աշխատանքային վիզաների կամ երկարաժամկետ ուսման ազգային վիզաների համար։ Սա նշանակում է, որ եթե Վրաստանի քաղաքացիները կրկին ունենան վիզաներ ստանալու պահանջարկ, այդ պահանջարկը Վրաստանի տարածքում չի կարողանա բավարարվել, և, օրինակ, առավել մոտիկ հյուպատոսական հիմնարկները կարող են լինել Հայաստանի տարածքում, որտեղից Վրաստանի քաղաքացիները կցանկանան ստանալ, օրինակ, Եվրոպական միության վիզաներ։  Սա ես հնարավոր վատագույն սցենարն եմ պատկերացնում կամ նկարագրում, բայց սա հիպոթետիկ սցենար է և վատագույն տարբերակը։ Հուսանք, որ այդտեղ չի հասնի։ 

-Նշեցիք, որ վիզաների ազատականացման համար կարևոր պայման է սահմանների արդյունավետ կառավարումը։ Այս պահին Հայաստանի սահմաններից երկուսում կանգնած են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ Չնայած արդեն հայտարարվել է, որ մյուս տարվանից նրանց հետ համատեղ ծառայություն են իրականացնելու նաև Հայաստանի ԱԱԾ սահմանապահները, բայց, այնուամենայնիվ, կարո՞ղ այլ երկրի սահմանապահների առկայությունը մեր տարածքում խոչընդոտ լինել վիզաների ազատականացման գործընթացի համար, և մեզանից, օրինակ, պահանջեն հեռացնել ՌԴ սահմանապահներին։ 

-Նայեք, այստեղ հիմնական խնդիրները, որոնք բարձրացվելու են սահմանների կառավարման իմաստով, լինելու են ինտեգրված սահմանների  կամ համալիր սահմանների կառավարումը, սահմանային արդյունավետ գործընթացները։ Առնվազն սրանք այն հարցերն են, որոնք բարձրացվել են այն երկրների առաջ, որոնք անցել են վիզաների ազատականացման ճանապարհը Եվրոպական միության հետ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրերը, այսպես ասած, անհատականացված փաստաթղթեր են՝ կոնկրետ երկրի համար մշակված։ Այսինքն՝ տարբեր երկրների համար պահանջները կարող են տարբեր լինել, բայց մենք գիտենք, որ սահմանային կառավարման բարեփոխումների հիմնական կոնցեպտը ինտեգրված համալիր սահմանների կառավարման գաղափարն է։ 

-Իսկ որքանո՞վ կարող է խոչընդոտ լինել փակ սահմանների և կոնֆլիկտների առկայությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը երկու հարևանների հետ ունի փակ սահման, իսկ մեկի հետ՝ դեռևս չավարտված կոնֆլիկտ։ 

-Կրկին՝ շեշտադրումները հիմնականում սահմանային կառավարման գործիքի վրա են։ Դու կառավարում ես այն սահմանները, որոնք ունես։ Եվ խոսքը մեծամասամբ առնվում է սահմանային անցման կետերին, որովհետև սահմանային համալիր կառավարումը հիմնականում առնչվում է սահմանային անցման կետերին։ Ձեր նշած հանգամանքն ավելի շատ կանաչ սահմանի կամ սահմանային անցման կետերի միջև ընկած հատվածի կառավարմանն է առնչվում։ Այս հարցերով առավել կոմպետենտ պատասխաններ, անշուշտ, Ձեզ կտան Ազգային անվտանգության ծառայության մեր սահմանապահ գործընկերները, սակայն ես կարող եմ նշել, որ ընդհանուր վիզաների ազատականացման կոնտեքստում գործ ենք ունենալու սահմանների համալիր կառավարման գաղափարի համար, և այնպես չէ, որ սա Հայաստանի համար նորություն է։ Հայաստանն ունեցել է սահմանների համալիր կառավարման ռազմավարություն դեռևս 2000-ականների կեսերին, սակայն այդ ռազմավարությունն արդեն շատ կետերով ժամանակավրեպ է, և ես կարծում եմ, որ դրան անդրադառնալու և այն վերանայելու անհրաժեշտություն կարող է առաջանալ։ 

-ԵՄ վիզաների ազատականացման համար կարևոր է նաև բիոմետրիկ անձնագրերի առկայությունը։ Հայաստանում արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում բիոմետրիկ անձնագրերի թողարկման ուղղությամբ։  Ի՞նչ փուլում է գործընթացն այս պահին և ի՞նչ ժամկետներում հնարավոր կլինի այդ համակարգի ներդրումը։ 

-Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Այո, Ներքին գործերի նախարարության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորումից ի վեր մենք ինտենսիվորեն ներգրավվել ենք բիոմետրիկ կամ կենսաչափական տվյալների կառավարման համակարգի ձևավորման գործընթացում, և ես կուզենայի, որ մենք այս խոսակցությանն անդրադառնայինք ոչ միայն պարզապես փաստաթղթի տեսանկյունից, որովհետև շատերը սա ընկալում են այն կոնտեքստում, թե նախկինում վատ թուղթ էին տալիս, հիմա լավ թուղթ են տալիս։ Սրա մասին չի խոսակցությունը։ Խոսակցությունն ընդհանուր տվյալների կառավարման համակարգի մասին է, որովհետև մենք գործ ունենք անձի նույնացման հետ, անձի տվյալների պաշտպանության հետ, մանավանդ այնպիսի զգայուն տվյալների, ինչպիսիք են անձի կենսաչափական տվյալները։ Պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով դեռևս անցած տարվա վերջից կառավարությունը հաստատել և մեկնարկել է կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը։ Որակավորման փուլում դիմել էին միջազգային շատ հեղինակավոր ընկերություններ, որոնք այս ոլորտի առավել ուժեղ գիտակներն են աշխարհում։ 5 ընկերություններից որակավորվել են 3-ը։ Դա տեղի է ունեցել այս տարվա կեսերին, ինչի մասին հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել Ներքին գործերի նախարարությունը։ Շաբաթներ առաջ կառավարությունը հաստատել է առաջարկի հարցումը։ Գործընթացը երկփուլանի է՝ սկզբում ընկերությունները որակավորվում են, այսինքն՝ մենք ներկայացնում ենք այն որակավորումները, որոնք պետք է ունենա ընկերությունը, որպեսզի կարողանանք նրա հետ աշխատել․ այս փուլն ավարտված է։ Հիմա առաջարկի հարցման փուլն է, այսինքն՝ որակավորված ընկերությունները ներկայացնելու են առաջարկներ, թե ինչպես են տեսնում այս համակարգի ներդրումը մեր ներկայացրած պահանջներին համահունչ։ Ընկերությունները մեր ներկայացրած պահանջներից ցածր առաջարկներ չեն կարող ներկայացնել։ Հիմա 3 ընկերությունները մինչև հաջորդ տարվա սկիզբ ժամանակ ունեն, որպեսզի ներկայացնեն իրենց առաջարկները, որից հետո մեկնարկում է գնահատման 80-օրյա փուլը, ինչը նշանակում է, որ մենք 2025 թվականի գարնանը կունենանք այն հեղինակավոր ընկերությունը, որն ընտրված կլինի, և որի հետ համատեղ պետությունը կներդնի այդ համակարգը։ Պայմանագրի ստորագրումից հետո ընկերությանը տրվում է մինչև 1 տարի ժամանակ, որպեսզի տվյալ ընկերությունն ամբողջությամբ՝ ժամանակակից բոլոր ստանդարտներին համապատասխանող համակարգ ներդնի, ինչպես նաև սկսի մատուցել ծառայություններ։ Ծառայությունների մատուցման հատվածը ևս արտապատվիրակվելու է մասնավոր ընկերությանը, ինչ կապված է անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրելու գործառույթի հետ։ Այսինքն՝ մոտավոր հաշվարկներով 2026 թվականի գարնանը մենք կունենանք նոր բիոմետրիկ անձնագրերը։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել