Կառավարությունը 2021-2024թթ մեկնարկել և իրականացնում է 223 դպրոցի կառուցման, հիմնանորոգման կամ նորոգման աշխատանքներ, 35-ում աշխատանքներն արդեն ավարտվել են:
Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
Նախարարը հիշեցրեց՝ կառավարությունը շարունակում է իրականացնել 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագիրը:
«1991-2017թթ ընթացում Հայաստանում կառուցվել է 192 դպրոց, ընդ որում դրանց մեծ մասն աղետի գոտում երկրաշարժից հետո՝ շատ տրամաբանական պատճառներով: 2021-2024թթ մենք մեկնարկել ենք և ընթացքի մեջ են 223 դպրոցի կառուցման, հիմնանորոգման կամ նորոգման աշխատանքներ: Միայն 3 տարում ծավալն ահռելի է՝ ավելին, քան նախորդ ավելի քան 25 տարվա ընթացքում»,-ասաց Անդրեասյանը:
Ընդ որում՝ 223-ից 183-ի դեպքում դպրոցների նոր շենքեր են կառուցվում: Նախարարը նշեց՝ հիմնականում շեշտադրումը դնում են ոչ թե վերակառուցման գործընթացի, այլ նոր շենքերի կառուցման վրա, որոնք ամբողջությամբ համապատասխանում են սեյսմակայունության պահանջներին և կարևոր են ներառական միջավայրի համար:
«Աշխատանքներն արդեն ավարտվել են 35 դպրոցում: 223 դպրոցի շահառուների թիվը 72 հազար է»,-ասաց Անդրեասյանը:
Այսպիսով՝ 300 դպրոցի ծրագրի իրականացման դեպքում շահառուների թիվը կհասնի շուրջ 100 հազարի, որը հանրապետության սովորողների շուրջ 25 տոկոսն է: «Դա նշանակում է, որ 300 դպրոցի ծրագրի միջոցով հանրապետության շուրջ 25 տոկոս սովորողի համար ստեղծում ենք բարեկարգ և ժամանակակից պայմաններում սովորելու հնարավորություն»,-նշեց նա:
Գյուղական համայնքներում կկիրառվի կլաստերային կամ կրթահամալիրային մոտեցումը, որը, նախարարի համոզմամբ, թույլ կտա բարձրացնել ոչ միայն կրթության որակը, այլ նաև արդյունավետությունը։
comment.count (0)