azatutyun.am: Վաշինգտոնը չի սահմանափակի Կիևի զենքի կիրառումը Հյուսիսային Կորեայի ուժերի դեմ Ուկրաինայի հետ մարտերում, հայտարարել է Պենտագոնը։
Ըստ հաղորդման՝ մոտ 10 հազար հյուսիսկորեացի զինվորականներ են տեղակայվել Ռուսաստանի արևելյան հատվածում՝ վերապատրաստման համար:
«Նրանց մի մասն արդեն տեղակայվել է Ուկրաինային շատ մոտ։ Մտահոգությունները գնալով մեծանում են, որ Ռուսաստանը մտադիր է նրանց օգտագործել Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերի դեմ մարտերում», - երկուշաբթի ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինը։
Պենտագոնի խոսնակը տեղեկացրել է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ կընդունեն Հարավային Կորեայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին։
Անցած շաբաթ Սեուլն արտգործնախարարություն էր կանչել երկրում Ռուսաստանի դեսպանին՝ պահանջելով անհապաղ դուրս բերել հյուսիսկորեացի զինվորներինՌուսաստանից ու դադարեցնել համագործակցությունը նրանց հետ։ Ավելի վաղ Հարավային Կորեայի հետախուզությունը հայտարարել էր, թե Փհենյանը պատրաստվում է 12 հազար զինվոր ուղարկել Մոսկվա, և որ նրանցից 1500-ն արդեն ժամանել են Ռուսաստան։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երկուշաբթի օրը հայտարարեց, որ ռազմական դաշինքը հաստատել է, որ Մոսկվան հյուսիսկորեական զորքեր է տեղակայել Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Կուրսկի շրջանում:
Ռյուտեն Մոսկվայի այդ քայլը որակել է «զգալի էսկալացիա» և պնդել՝ նման զարգացումը վկայում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «հուսահատության» մասին, որն Ուկրաինայի դեմ պատերազմում արդեն ավելի քան 600 հազար զինվոր է կորցրել։
comment.count (0)