Վրաստանի նախագահը կոչ է անում Արևմուտքին ճնշում գործադրել՝ երկիրը եվրոպական ուղու վրա պահելու համար
22:38 - 29 հոկտեմբերի, 2024

Վրաստանի նախագահը կոչ է անում Արևմուտքին ճնշում գործադրել՝ երկիրը եվրոպական ուղու վրա պահելու համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել Արևմուտքին ճնշում գործադրել կառավարող «Վրացական երազանք» կուսակցության վրա՝ վերանայելու շաբաթավերջին անցկացված «գողացված» ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ հակառակ դեպքում Վրաստանը կկորցնի իր «եվրոպական հեռանկարը»:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հոկտեմբերի 29-ին Թբիլիսիում տված հարցազրույցում Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանի եվրոպական և արևմտյան գործընկերները պետք է «ծայրահեղ ճնշում» գործադրեն իշխանությունների վրա, որպեսզի նրանք վերանայեն ընտրությունների արդյունքները և վերանայեն գողացված ձայների քանակը:

«Այժմ շատ բան կախված է մեր գործընկերների արձագանքներից, թե որքան հստակ կլինի նրանց արձագանքը, որքան ուժեղ կլինի նրանց ճնշումը իշխանությունների վրա, որովհետև կարծում եմ, որ ոչ ոք չի կարող թույլ տալ Վրաստանը կորցնել հօգուտ Ռուսաստանի այսպիսի ձևով։ Եթե ճնշում չգործադրվի, ապա դա նշանակում է, որ Արևմուտքը չի փորձել ամեն ինչ՝ Վրաստանին արևմտյան կողմում և եվրոպական հեռանկարում պահելու համար»,- ասել է Զուրաբիշվիլին։ 

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Կանադան և Շվեդիան, ի թիվս այլոց, քննադատություն են հնչեցրել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

«Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում Զուրաբիշվիլին ասել է, որ տեղական կազմակերպություններն աշխատում են բազմաթիվ տեղեկությունների և ապացույցների հավաքագրման ուղղությամբ՝ ապացուցելու քվեարկության ժամանակ տեղ գտած չարաշահումների մեղադրանքները:

Այսօր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, անդրադառնալով Վրաստանում կայացած ընտրություններին՝ հայտարարել էր, որ միջազգային դիտորդները հայտնել են ընտրարշավի ընթացքում, ինչպես նաև ընտրության օրը տեղի ունեցած խախտումների մասին: Նրանք ընտրությունները չեն համարել ազատ և արդար։ 

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի նախագահի կոչով խորհրդարանի շենքի մոտ իրականացվում էր բողոքի ակցիա։ Ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը: «Միասնություն-ազգային շարժման» առաջնորդներից Գիորգի Վաշաձեն երեկ հայտարարել է, որ ընդդիմությունը պահանջում է անցկացնել նոր ընտրություններ։

Ավելի վաղ Սալոմե Զուրաբաշվիլին հայտարարել էր, որ չի ճանաչում երկրում կայացած ընտրությունների արդյունքները: Երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վերջինս հայտարարեց, որ իշխանությունը գողացել է մարդկանց ձայները և փորձում է գողանալ նաև նրանց ապագան։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել