azatutyun.am: Վրաստանի նախագահը մտադիր չէ ներկայանալ դատախազություն, որտեղ հարցաքննության է կանչվել ընտրակեղծիքների մասին իր պնդումների հետ կապված։
Մամուլի ասուլիսում Սալոմե Զուրաբիշվիլին իրավապահ այդ գերատեսչությանը հորդորել է «սեփական գործով զբաղվել»:
«Դատախազությանը խորհուրդ կտամ սկսել իրենց աշխատանքը և հեռու մնալ նախագահի հետ քաղաքական հաշիվներ պարզելուց։ Ավելին, այս պահին մեր գործընկերները նույնպես հետևում են՝ արդյոք դատախազությունը կարո՞ղ է լինել անկախ և անաչառ։ Ուրեմն թող դատախազությունը սկսի իր գործը, նախագահն էլ իր գործը կանի... Որպես նախագահ՝ ես շարունակելու եմ իմ աշխատանքը և չեմ պատրաստվում ներկայանալ դատախազություն», - հայտարարել է Զուրաբիշվիլին։
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլն դատախազություն է հրավիրվել։ Իրավապահ մարմինը հայտարարության մեջ նշում է, որ հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման փաստերի վերաբերյալ՝ հիմնվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի վրա։
«Ըստ ԿԸՀ-ի հայտարարության և հանրային դաշտում ԶԼՄ-ների միջոցով տարածված տեղեկատվության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծիքները հավաստող ապացույցներ, ինչի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով Վրաստանի նախագահը հրավիրվել է հարցաքննության 2024 թվականի հոկտեմբերի 31-ին», - նշված է հայտարարության մեջ:
comment.count (0)