Իրավախախտումների բացահայտումը հանրային անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում
21:50 - 30 հոկտեմբերի, 2024

Իրավախախտումների բացահայտումը հանրային անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից աշխարհում տարեկան զոհվում է շուրջ 1,19 մլն մարդ։

Վարելիս հեռախոսով խոսելը կամ ծխախոտային արտադրանք օգտագործելը վթարների պատճառ հանդիսացող իրավախախտումներից են, իսկ չամրակապված վարելը հանգեցնում է ծանր հետևանքների:

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ իրականացնում է նաև ուժեղացված ծառայություններ և հատուկ միջոցառումներ։

«ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից 2024 թ. 9 ամիսների ընթացքում արձանագրվել և որոշում է կայացվել չամրակապված տրանսպորտային միջոցներ վարելու և չամրակապված ուղևոր փոխադրելու հետ կապված իրավախախտումների գործերով 132.574 որոշում, ինչը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 84 հազարով։

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է հեռախոսակապից օգտվելու կանոնների խախտման 22.182 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 5900-ով: Արձանագրվել է ծխախոտային արտադրանք օգտագործելու 19.136 իրավախախտում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2670-ով»,- ներկայացնում է Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:

Միջազգային փորձը վկայում է՝ ամրագոտու կիրառումը 80-85%-ով կրճատում է զոհվելու և 50-55%-ով՝ մարմնական վնասվածք ստանալու հավանականությունը, իսկ հեռախոսակապից օգտվելը և ծխելը շեղում են վարորդի ուշադրությունը՝ խանգարելով ճիշտ գնահատել իրավիճակը:

Պարեկների կողմից արձանագրվող իրավախախտումներն ունեն մեկ նպատակ՝ կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, իսկ օրինապահ վարելու մշակույթը դարձնել կենսակերպ։ 

Յուրաքանչյուր անմեղ թվացող իրավախախտում կարող է մարդկային կյանք արժենալ:

Հանրային անվտանգության պահպանությունը ՆԳ նախարարության առաջնային նպատակներից է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել