armenpress.am: Հայաստանի կառավարությունը հաստատեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար մարզերին 2 միլիարդ 903 միլիոն դրամի չափով գումար հատկացնելու նախագիծը։
Նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում։
«Առաջարկվող նախագծով նախատեսվում է մարզերին հատկացնել 2 միլիարդ 903 միլիոն դրամի չափով գումար, որպեսզի մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար փոխանցվի կառավարության մասնաբաժինը։
Դրանք 17 համայնքների 28 սուբվենցիոն ծրագրեր են՝ 2022, 2023 և 2024 թվականներին հաստատված և իրականացված ծրագրեր», - նշեց նախագծի զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ Արագածոտնի մարզին առաջարկվում է 1 ծրագրի համար 10 միլիոն դրամ հատկացնել, Արարատի մարզին 4 ծրագրի համար՝ 18 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 4 ծրագրի համար՝ 153 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 5 ծրագրի համար՝ 626 միլիոն դրամ, Լոռու մարզին 2 ծրագրի համար՝ 244 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 7 ծրագրի համար՝ 674 միլիոն դրամ, Շիրակի մարզին 2 ծրագրի համար՝ 809 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 51 միլիոն դրամ և Տավուշի մարզին 2 ծրագրի համար՝ շուրջ 120 միլիոն դրամ։
Նախարարի դիտարկմամբ՝ եթե հաշվի առնվեն նախորդ հատկացումներն ու այս հատկացումները, ապա, ընդհանուր առմամբ, կառավարությունը շուրջ 20 միլիարդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում են համայնքային ոռոգման համակարգերի հիմնանորոգում և կառուցում, ճանապարհների վերանորոգում, շենքերի հիմնանորոգում, համայնքային գազաֆիկացում, ջրագծերի կառուցում, մարզադպրոցի կառուցում։
comment.count (0)