Ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալվել են Հովհաննես Ավետիսյանը և ևս 8 անձ
 |hetq.am|
18:42 - 31 հոկտեմբերի, 2024

Ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալվել են Հովհաննես Ավետիսյանը և ևս 8 անձ |hetq.am|

hetq.am: Ընդհանուր 9 անձ է ձերբակալել ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Այս մասին «Հետքին» հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Ձերբակալվածների թվում է նաև պետական կառավարման մասնագետ, ընդդիմադիր գործիչ Հովհաննես Ավետիսյանը։ Վերջինիս պաշտպանությունն է ստանձնել փաստաբան Արսեն Բաբայանը։ Նա հայտնում է, որ մոտակա ժամերին նախատեսվում են քննչական որոշ գործողություններ, որոնց մասնակցելուցս հետո լրացուցիչ տեղեկություններ կասի։

Ձերբակալվածներից Հայկ Նիկողոսյանի ու Աղվան Արշակյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ «ոստիկանները «օպերատիվ տվյալներ» կեղծելով` իբր ապօրինի զենք պահելու կասկածով գիշերը բերման են ենթարկել ակտիվիստ 4 երիտասարդի, որոնցից երկուսը՝ Հայկ Նիկողոսյանն ու Աղվան Արշակյանը ձերբակալվել են։

«Քանի որ արդեն չափն անցել են, առաջիկայում կներկայացվի հաղորդում օպերատիվ տվյալներ կեղծող ոստիկանների դեմ` այս պահին կամ հետագայում քրեական պատժի ենթարկելու համար։ Երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ ավտոմեքենայի ապօրինի խուզարկությամբ հայտնաբերելով քաղաքական բովանդակության թռուցիկներ (սկզբից փնտրվում էր զենք)՝ Քննչականը որոշել է շարունակել ձերբակալված պահել անձին ու նրա ընկերոջը։

Ըստ փաստաբանի՝ մինչ այս պահը մեծ պատասխանատվությունը Ոստիկանությանն էր` օպերատիվ տվյալների կեղծման համար, այժմ քաղաքական հետապնդումը շարունակվում է նաև Քննչական կոմիտեի ջանքերով։ Հովհաննես Խուդոյանը նշել է, որ ձերբակալումների դեմ ներկայացվել են բողոքներ, վաղը ներկայացվելու է հաղորդում պաշտոնատար անձանց գործողությունների դեմ։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նաև ավտոմեքենայից հայտնաբերված թռուցիկը։

Հովհաննես Խուդոյանը հայտնեց նաև մյուս ձերբակալված անձանց անունները, որոնք են՝ Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդանը, Միքայել Օհանյանը, Արտեմ Խառատյանը։

Ուղղում.  «Հետք»-ի Հրապարակման մեջ անճշտություն էր տեղ գտել։ Գրել էինք, որ թռուցիկը հայտնաբերվել է Հովհաննես Ավետիսյանի մեքենայում, սակայն այն հայտնաբերվել է Հայկ Նիկողոսյանի մեքենայում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել