Վրաստանի ընդդիմությունը գործողությունների ծրագիր է ներկայացրել |aliq.ge|
21:55 - 04 նոյեմբերի, 2024

Վրաստանի ընդդիմությունը գործողությունների ծրագիր է ներկայացրել |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիում` խորհրդարանի շենքի դիմաց ընթանում է ընդդիմադիր երեք ուժերի կազմակերպած բողոքի ցույցը։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:

«Կոալիցիա փոփոխությունների համար», «Միասնություն — Ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» արևմտամետ ուժերի առաջնորդների հետ ցուցարարները «Սադգուրիս մոեդանի» հրապարակից շարժվել են դեպի Ռուսթավելիի պողոտա։ Ցուցարարները միացել են խորհրդարանի դիմաց հավաքված քաղաքացիներին, ինչից հետո Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունն արգելափակվել է։

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները «կեղծելու և գողանալու» դեմ բողոքող քաղաքացիներին դիմել է «Ուժեղ Վրաստան»-ի անդամ Լևան Ցուցքիրիձեն: Նա քաղաքացիներին ներկայացրել է ընդդիմության գործողությունների ծրագիրը։

«Իմ կարծիքով, մեր ռազմավարությունը, մեր ծրագիրը երեք հիմնական ուղղություն ունի»,- ասաց Ցուցքիրիձեն՝ ներկայացնելով երեք կետից բաղկացած ծրագիրը:

  1. «Եթե այս երկրում դեռ մնացել է մեկը, որ չի հավատում կատարվածին, դեռ կարծում է, որ «Երազանքն» ինչ-որ տեղ արդարացիորեն հաղթել է, պետք է հանրայնացնենք, ցույց տանք այն մանիպուլյացիան, կեղծիքը, մեքենայությունը, ռուսական պատերազմական ծրագիրը, որը կատարել է այս կառավարությունը։ Սա մեկ ուղղությունն է:
  2. Երկրորդն այն է, որ համաշխարհային ժողովրդավարական, քաղաքակիրթ աշխարհը չպետք է ճանաչի ընտրությունների այն արդյունքները, որոնք հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Մենք տեսնում ենք, որ քաղաքական ընդդիմությունը, ինչպես նաև քաղաքացիական սեկտորը շատ հաջող աշխատում են այս ուղղությամբ։ Դեռևս չի եղել մեկ դեմոկրատ առաջնորդ, որ շնորհավորեր այս կառավարությանը հաղթանակի կապակցությամբ, դա շատ մեծ ձեռքբերում է։
  3. Երրորդն ամենակարևորն է. երրորդը մեր ձայնի հիմնական առանցքն է, մեր ուղին՝ դիմադրությունն է, քաղաքացիական ակտիվությունը, դրսում լինելը, ոչ միայն Ռուսթավելիում, այլ ամենուր, որտեղ կարող ենք հավաքվել, լսելի դարձնել մեր ձայնը։ Դա պայքար է լսարաններում, դա պայքար է արվեստով, պայքար է ամենուր․ զբոսայգիներում, ավտոբուսներում, կանգառներում՝ դիմադրություն»:

«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Մելիան նշեց՝ ակցիաները կանցկացվեն ամեն օր, ցուցարարների հիմնական պահանջը նոր ընտրություններ անցկացնելն է։ Մելիան ասաց՝ ակնկալում են, որ մոտ ապագայում ցույցերը պետք է վերածվեն աճող բողոքի շարժման, որը «տապալելու է ռուսական ցուցումներով և գործողություններով հայտնի Իվանիշվիլիի ռեժիմը»: Մելիան նաև հավելեց՝ նոյեմբերի 5-ի ժամը 14:00-ին, Սպորտի պալատի մոտ տեղի կունենա բողոքի ցույց։

«Միասնություն — Ազգային շարժում» կուսակցության առաջնորնդերից Գիորգի Վաշաձեն ներկայացրել է ընդդիմության նոր սկզբունքները։

«Ուզում եմ ձեզ ներկայացնել այն հիմնական սկզբունքները, որոնց շուրջ մենք՝ քաղաքական ուժերս պայմանավորվել ենք»,- ասել է Վաշաձեն:

  1. «Պահանջում ենք նոր ընտրություններ անցկացնել:
  2. Մենք չենք ճանաչում գողացված ընտրությունները, չենք ճանաչում խորհրդարանի լեգիտիմությունը:
  3. Դիմադրության շարժում ենք սկսել, դիմադրության ճակատը նախ Թբիլիսիում, հետո ամբողջ Վրաստանում կլինի: Յուրաքանչյուր հաջորդ բողոքը լինելու է ավելի ու ավելի ինտենսիվ, կենտրոնացած կոնկրետ նպատակի վրա:
  4. Մենք շարունակում ենք ապացույցներ և փաստաթղփեր հավաքել՝ լիարժեք միջազգային հետաքննության համար, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն:
  5. Այս պայքարին միանալը միայն մեր պարտականությունը չէ, դա մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է։ Խնդրում ենք գիտակցել առաջարկվող քայլերի անհրաժեշտությունը, որպեսզի բոլորս միասին հասնենք վերջնական հաղթանակի: Մենք ամեն ինչ միասին ենք անում, դա բոլորիս գործն է:
  6. Եվ վերջապես պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վերջնական հաղթանակի։ Մեր թիվ մեկ թիրախն այս պահին, բացի իշխանությունից, նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ ԿԸՀ-ն պետք է չեղյալ հայտարարի ընտրությունները, քանի որ հաստատվել է՝ ընտրությունները գողացված են»:

Ընդդիմադիր կուսակցությունները և Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված և «գողացված» են համարում, չեն ճանաչում դրանք, պահանջում  են նոր ընտրություններ անցկացնել՝ Միջազգային ընտրական վարչության կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել