armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը։
Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը՝ վկայակոչելով երկրի նախագահի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահի համատեղ հայտարարությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ։
«Նախագահները լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը, որը թույլ կտա տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն հաստատել՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- ասված է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ նախագահների համատեղ հայտարարության մեջ կողմերը նաև ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) զարգացման համար։
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով 2024 թվականի նոյեմբերի 4-ից 5-ը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պետական այցով այցելել է Ֆրանսիա:
comment.count (0)