armenpress.am: 2020 թվականը Գյումրու համար կլինի փողոցաշինության եւ զբոսաշրջության տարի, այնպես, ինչպես 2019 թվականը: Անցնող տարում Գյումրին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ ընդունեց, պետական նշանակության միջոցառումներ անցկացվեցին: Տարեվերջյան ասուլիսում ամփոփելով տարին՝ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Գյումրիում այսօր բոլորի դեմքին ժպիտ կա, եւ ես՝ որպես քաղաքապետ, շատ ուրախ եմ դրա համար: Իհարկե, այս տրամադրության փոփոխության հարցում շատ կարեւոր է կառավարության, Վարչապետի վերաբերմունքը, նրա կողմից Գյումրին ներկայացնելը, Անկախության տոնակատարությունն այստեղ անցկացնելը, Տիգրան Մանսուրյանի երեկոն Գյումրիում իրականացնելը: Մեր մշակույթի բաժինը բավականին լավ աշխատանք կատարեց այս տարի»,-նշեց Սամվել Բալասանյանը:
Փողոցաշինության առումով տարին հարուստ էր: Ամենակարեւոր ծրագիրը ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով կատարված փողացաշինական, արտաքին լուսավորության ապահովման աշխատանքն էր: Իրականացված ծրագրի արժեքը մոտ 7 մլն եվրո է, որով 12 կմ ճանապարհ է կառուցվել: Նշանակալից էր նաև Համաշխարհային բանկի 2 մլն դոլար արժեցող վարկային միջոցներով իրականացված ծրագիրը: «Մոտ 3 կմ ճանապարհ է սարքվել քաղաքի պատմական միջուկում: Մի մասը ՎԶԵԲ-ով էր արվել 2018-ին, իսկ 2019-ին վերանորոգվեցին Շիրազի փողոցից մինչեւ Վարդանանց հրապարակ ընկած փողոցները:
Գալիք տարում ավելի շատ փողոցներ են վերածվելու շինհրապարակների: «Այդ նպատակի համար 9.4 մլրդ դրամ է տրամադրվելու Գյումրիին, 30-ից ավելի փողոց ենք սարքելու եւ մեկ հրապարակ: Քաղաքի արտաքին լուսավորությունն արդիականացվելու է ամբողջությամբ, շուտով կհայտարարվի մրցույթը: Կնորոգվեն լուսատուները, հենասյուները, եթե գումարը բավարարեց, նաև շենքերի բակերում կունենանք լուսավորություն»:
Գյումրիում գործող 24 մանկապարտեզներից 3-ը տնակային են: 2020-ին փոքրիկներին քարաշեն կառույցներ նվիրելու ցանկություն կա: Մեկ նոր մանկապարտեզ էլ Մուշ թաղամասում կառուցելու խնդրանքով այս պահին քաղաքապետը բանակցում է «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հետ:
2020-ին Գյումրու մարզադպրոցները կվերանորոգվեն, կկառուցվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրը: Քաղաքապետը գյումրեցի մարզիչ-մարզիկներից այս տարի գոհ էր:
Տարին բարեհաջող էր նաեւ ներդրումների առումով: Մեռյալ կետից Գյումրին միանգամից սկսեց բարձրանալ: «80 հատ շինթույլտվություն են ուզել ներդրողները, արդեն 30-40 շինարարական ավարտ ունենք, ե՛ւ հյուրատներ կան, ե՛ւ սրճարաններ, խանութներ: Հիմնական միջոցը թանկացավ Գյումրիում, որը հնարավորություն տվեց հասկանալու, որ վերջը դու գյուղ չես, քաղաք ես, գյուղաքաղաք չես, երկրորդ քաղաք ես: Պատմական, մշակութային, մարզական քաղաք է Գյումրին:
Բայց տուրիստը գալիս է, նույնիսկ քարտեզ չունենք, որ տանք, գնա քաղաքում շրջի: Հիմա հանձնարարել եմ, որ քարտեզ ունենանք, որ տուրիստը մենակ գա, առանց որեւէ մեկի կարողանա կողմնորոշվել»: Այս հարցում Գյումրու խոցելի կետը նորմալ տրանսպորտի բացակայությունն է: Խնդիրն առաջիկայում կկարգավորվի,-նշեց Սամվել Բալասանյանը:
comment.count (0)