Ես ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ կապված իրական Հայաստանի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սրբուհի Գալյանը։
Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը դեռ չի հասցրել ծանոթանալ «Խաղաղության պայմանագրի» տեքստին։
«Սա իմ աշխատանքային երրորդ օրն է, չեմ հասցրել։ Բայց ստանձնել եմ պատասխանատվություն՝ ապահովելու ողջ իրավական գործընթացը։ Ես ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ իրական Հայաստանի հետ կապված, և հանձն եմ առել ապահովելու դրա իրավական ողջ գործընթացը»,-լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Ի պատասխան դիտարկմանը, որ եթե կիսում է Փաշինյանի վարած քաղաքականությունը, ապա կո՞ղմ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, Գալյանը նշեց. «Ես խոսում եմ խաղաղության օրակարգի մասին։ Պարոն վարչապետը շատ պարզ, հասկանալի մեկնաբանություններ է տվել իր հարցազրույցներում և այդ գաղափարներն, այո՛, ամբողջությամբ կիսում եմ։
Մեր պետությունը բավականին բարդ ճանապարհով է անցել և մեզանից որևէ մեկը 5, 6 տարի առաջ, գուցե, չկարողանար կանխատեսել այն խնդիրը, որի մեջ մենք հայտնվելու ենք այս օրերին։
Այսօրվա պայմաններում ես հավատում եմ իրական Հայաստանի գաղափարին և կարծում եմ, որ բոլորս՝ այդ թվում ես, ամեն ինչ պետ է անենք, որպեսզի կարողանանք ապահովել խաղաղ և անվտանգային միջավայր մեր երկրում»։
comment.count (0)