Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել։
Նախագիծը շրջանառության մեջ է Ազգային ժողովի կայքէջում։
«Միևնույն ժամանակ, ՀՀ օրհներգը տարաբնույթ միջոցառումների (հիմնականում մարզական, մշակութային) ժամանակ հնչում է կարճ տարբերակով՝ պայմանավորված տվյալ միջոցառումների առանձնահատկություններով և եթերաժամանակով: Նշված դեպքերում նույնպես բացակայում է միասնական մոտեցում և կարիք կա մշակելու մեկ միասնական ստանդարտ: Հետևաբար, նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակը»,- ասվում է նախագծում:
Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել օրհներգի տեքստում, և առաջարկվում է հանել հետևյալ քառատողը՝
«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։
Առաջարկվում է, որ օրհներգն ավարտվի հետևյալ քառատողով՝
«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։
Նշվում է, որ առաջարկվող կարգավորումը նպատակ ունի սահմանել և հրապարակել ՀՀ օրհներգի պաշտոնական և առանձին դեպքերի համար նախատեսված տարբերակը, որոշակիացնել դեպքերը օրհներգի ամբողջական և կարճ խմբագրությամբ օգտագործվելու համար:
comment.count (0)