Ընտրական օրենսգրքի բարեփոխումները ներառում են նոր երաշխիքներ հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց համար |armenpress.am|
12:36 - 08 նոյեմբերի, 2024

Ընտրական օրենսգրքի բարեփոխումները ներառում են նոր երաշխիքներ հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց համար |armenpress.am|

armenpress.am: Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առանցքային ուղղություններից մեկը տեղամասային կենտրոնների մատչելիության բարելավումն է հաշմանդամություն և տեղաշարժման հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց համար։  

Նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ 

«Թեև նախորդիվ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ընտրությունների հասանելիությունը բարձրացնելու նպատակով, սակայն տեղամասային կենտրոնների մեծ մասը դեռևս մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ներկայացված փոփոխությունների փաթեթն ընդգրկում է նոր իրավական երաշխիքներ, որոնք պետության համար կդառնան խթան՝ ապահովելու այս անձանց ընտրական իրավունքների լիարժեք իրականացումը»,- ընդգծեց Արմենուհի Հարությունյանը։  

Արմենուհի Հարությունյանն ասաց, որ ժողովրդավարության ամրապնդման գործում առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական ինստիտուտների ընտրական համակարգի շարունակական բարելավումը։ 

«Սա, կարծում եմ, որևէ մեկիս մոտ կասկած չի հարուցում»,- ընդգծեց Հարությունյանն՝ անդրադառնալով 2018 թվականից սկսած բարեփոխումներին, որոնք ամրապնդվել են դատական և իրավական բարեփոխումների տարբեր ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերով։ 

Ըստ Հարությունյանի՝ ընտրական օրենսգրքի բարեփոխումների նոր փաթեթը հիմնված է ոչ միայն 2018-2021 թվականներին կատարված բարեփոխումների, այլև տեղական և միջազգային դիտորդական կազմակերպությունների արձանագրած խնդիրների վրա։ 

«2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ծագել էին բազմաթիվ խնդիրներ, որոնք արձանագրվել են ինչպես իրավակիրառ մարմինների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների և ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի կողմից»,-ասաց Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել