ՔՈԳՎ ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը
12:53 - 12 նոյեմբերի, 2024

ՔՈԳՎ ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ 31-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրամիջոցներ: Այս մասին հաղորդում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի և Արարատի մարզի պարեկների հետ, նոյեմբերի 5-ին ձերբակալել ենք 31-ամյա բնակչին, նրա հետ Երևանի ևս երկու բնակչի: Անձնական խուզարկությամբ 31-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է երեք փաթեթ` ընդհանուր վեց գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցով»,- ներկայացնում է ԹԱՇԴՊՎ ՀԿԳ ավագ քրեական ոստիկան Ռոբերտ Ասրյանը:

«31-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև բյուրեղանման զանգվածի հետքերով կոլբաներ ու էլեկտրոնային կշեռք, նաև` գազային ատրճանակ ու ծալովի դանակ: Նա և հայտնաբերվածը ներկայացվեցին Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ: Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները` տեղեկություններ են ստացվել, որ 31-ամյա բնակիչը թմրամիջոցները ձեռք է բերում Երևան քաղաքի մեկ այլ` 39-ամյա բնակչից: Քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են խուզարկություններ վերջիններիս բնակության վայրերում:

31-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված պարագաներ, կռփազենք ու սվին-դանակ, մեկ տասնյակից ավելի բջջային հեռախոսներ ու համակարգիչներ:

39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով ներկրված մոտ 5 հազար տուփ ծխախոտ, սվին-դանակ, թմրամիջոցների արժեքների վերաբերյալ գրառումներով թղթեր: Բացատրական աշխատանքի արդյունքում 39-ամյա տանտերը թաքցրած տեղերից ներկայացրել է ընդհանուր 275 գրամ մեթամֆետամին և 774 գրամ մարիխուանա, զիպ փականներով տոպրակներ, կշեռքներ և գազային ատրճանակ: Ըստ նրա հայտարարության` թմրամիջոցները ձեռք է բերել ԻԻՀ քաղաքացուց: 

31 և 39 տարեկան տղամարդիկ կալանավորվել են: Քրեական վարույթի շրջանակներում միջոցառումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել