Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի և խորհրդարանի անդամների հետ։ Հանդիպումը կայացել է առանձնազրույցի, իսկ հաջորդիվ ընդլայնված կազմով քննարկման ձևաչափով՝ խորհրդարանի փոխնախագահների և տարբեր կուսակցություններ ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
«Ուրախ եմ վերադառնալ Ստոկհոլմ և շարունակել մեր քննարկումները Հայաստան-Շվեդիա քաղաքական օրակարգի ընդլայնման, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման ուղղությամբ մեր երկխոսությունը, ինչպես նաև տեսնել համատեղ մշակված ծրագրերի արդյունքները և նախանշել նոր հեռանկարներ,» – հանդիպման մեկնարկին ընդգծել է նախարար Միրզոյանը։
Այս նպատակով կարևորվել են նաև միջխորհրդարանական ակտիվ շփումները, այդ թվում՝ Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին, այս գործընթացում Շվեդիայի ակտիվ ներգրավվածությանը՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, ընդհանուր արժեքների և ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու փոխադարձ հետաքրքրության վրա։
Պատասխանելով ներկաների հարցերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները, այդ թվում՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման համատեքստում Արարատ Միրզոյանը նշել է ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման կարևորությունը՝ որպես տնտեսական զարգացման, հետևաբար նաև կայունության ապահովման գրավական։
Անդրադառնալով տարատեսակ մարտահրավերների հաղթահարման նպատակով ՀՀ կողմից գործադրվող ջանքերին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը, ինստիտուտների շարունակական ամրապնդման ուղղությամբ համախոհ գործընկերների հետ սերտ համագործակցության կարևորությունը։
comment.count (0)