Դատական դեպարտամենտը 1 եւ 2 տարուց ավելի գործեր քննող դատավորների ցանկ է հավաքագրում
18:53 - 13 նոյեմբերի, 2024

Դատական դեպարտամենտը 1 եւ 2 տարուց ավելի գործեր քննող դատավորների ցանկ է հավաքագրում

Վերջին ամիսներին Դատական դեպարտամենտը գրություններ է ուղարկել ՀՀ դատարանների նախագահներին՝ խնդրելով տրամադրել դատավորների վարույթում եղած այն գործերի ցանկը, որոնց քննության տեւողությունը գերազանցում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ուղենիշային ժամկետները. առանձնակի բարդության քրեական գործերի քննության առավելագույն ժամկետը 24 ամիս է, առանձնակի բարդության վարչական գործերինը՝ 18 ամիս, քաղաքացիական գործերինը՝ 13-18 ամիս։

«Ինֆոքոմ»-ի տրամադրության տակ է հայտնվել դատարանների նախագահներից մեկին ուղղված գրությունը, որում նկարագրված է վերոնշյալ պահանջը:

Գրության լուսապատճենը

Դատավորները նման բովանդակությամբ գրություններին ոչ միատեսակ են արձագանքել։ Մեր տեղեկություններով՝ նրանցից երկուսը պատասխան նամակով հրաժարվել է տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ պատճառաբանությամբ, որ Դեպարտամենտը դատավորներից նման տեղեկություններ հայցելու լիազորություն չունի, ինչից հետո նրանց վարույթում եղած կոնկրետ գործերի վերաբերյալ կարգապահական վարույթներ են հարուցվել։

Ուղենիշային այս ժամկետները ԲԴԽ-ն սահմանել է 2021 թ․-ի սեպտեմբեր ամսին։ Այդ ժամանակ ԲԴԽ նախագահը Գագիկ Ջհանգիրյանն էր։ Ըստ որոշման՝ դրա նպատակն է ապահովել դատական գործերի ողջամիտ ժամկետում քննությունը եւ լուծումը, դատարանների եւ դատավորների հաշվետվողականության ապահովումը, գործերի քննության տեւողության կանխատեսելիությունը, ինչպես նաեւ դատավորների միջեւ գործերի հավասարաչափ բաշխումը՝ առանձին տեսակի գործերի բարդության աստիճանից ելնելով:

Որոշմամբ սահմանվել է գործերի բարդության 4 աստիճան՝ պարզ, միջին, բարդ եւ առանձնակի բարդ, որոնք որոշվում են իրավական եւ փաստական չափանիշներով։ Այդ չափանիշներից յուրաքանչյուրն ունի իր գործակիցը, որոնք էլ հաշվարկվում են չափորոշիչով սահմանված բանաձեւով։ 

Ըստ ԲԴԽ-ի` Դեպարտամենտը իրականացնում է մշտադիտարկում 

Թեեւ գրության մեջ նշված է, որ նպատակը գործերի քննության ժամկետների ուսումնասիրությունն է, պարզ չէ՝ որն է տեղեկության հավաքագրման իրավական հիմքը, այդ ուսումնասիրության նպատակը, եւ արդյունքում ինչի է հանգեցնելու այն։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական, ԲԴԽ խոսնակ Մերի Գեւորգյանին խնդրեցինք պարզաբանել՝ իրավական ինչ կարգավորումների հիման վրա է Դեպարտամենտն ուղարկում այդ նամակները եւ ինչ նպատակով։ Խնդրեցինք հայտնել նաեւ՝ արդյո՞ք Դեպարտամենտին հասանելի չեն յուրաքանչյուր դատավորի վարույթում եղած գործերն ու դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, որ գրությամբ ստանալու անհրաժեշտություն է ծագել։

Մեր հարցերին ի պատասխան՝ Գեւորգյանը փոխանցեց. «Բարձրագույն դատական խորհուրդը վերջին 2 տարում թոթափել է դատարանների ծանրաբեռնվածությունը՝ որոշ դատարաններում մինչեւ 90 տոկոս բեռնաթափելով դատավորներին։  Որպեսզի դատարանները գործերը քննեն ողջամիտ ժամկետներում, Դատական դեպարտամենտը հետեւողականորեն իրականացնում է մշտադիտարկում՝ բացահայտելու` որքանով է նախկինում կուտակված գործերի  դատաքննության ավարտը արդյունավետ կազմակերպվում, եւ պահպանվում են արդյոք գործերի քննության  ողջամիտ ժամկետները։ Այդ նպատակով Դատական դեպարտամենտն իր կանոնադրական լիազորությունները լիարժեք իրականացնելու, անհրաժեշտ տեղեկություններ հավաքագրելու, վերջնական ճշգրտումներ անելու համար պարբերաբար հարցումներ է կատարում դատարաններին»,- ասված է պատասխանում։

Դատարանների ծանրաբեռնվածությանն ու գործերի ողջամիտ ժամկետներում քննությանը կանդրադառնանք առաջիկայում։ Այժմ հարկ է նշել, որ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների կողմից ողջամիտ ժամկետների չպահպանումը արդեն իսկ  վարույթ հարուցելու առիթ է հանդիսանում։ Հետեւաբար ենթադրվում է, որ այս տեղեկությունների հավաքագրմանը կարող են հաջորդել այդ մարմինների կողմից որոշակի գործընթացներ։ Այդ մարմինները, ըստ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, երեքն են՝ Արդարադատության նախարարությունը, Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը եւ որոշ դեպքերում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Բարձրագույն դատական խորհուրդը վարույթ հարուցող կամ ապացույցներ հավաքող մարմին չէ, իսկ Դատական դեպարտամենտը հենց Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմն է։ 

Ուղենիշային ժամկետներից շեղումը ոչ բոլոր դեպքերում է արձանագրվում

ԲԴԽ-ն վերջին տարիներին սկսել է առավել ակտիվորեն քննել դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթները, բայց հարկ է նշել, որ ուղենիշային ժամկետներից շեղումը ոչ բոլոր դեպքերում է արձանագրվում։

Որպես օրինակ կարելի է բերել դատավոր Աննա Դանիբեկյանի կարգապահական վարույթը։ Այս տարվա օգոստոս ամսին Արդարադատության նախարարությունը Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, այսպես ասած, տապալելու համար։ Ըստ Նախարարության՝ դատավորը, ի թիվս այլնի, չի կիրառել գործի ողջամիտ ժամկետներում քննության պահանջի պահպանմանն ուղղված՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված գործիքակազմը։

ԲԴԽ-ն, համաձայնելով Նախարարության դիրքորոշմանը, հղում է կատարել ուղենիշային ժամկետները սահմանող հիշյալ որոշմանը՝ նշելով, որ գործը անգամ «առանձնակի բարդության» որակվելու դեպքում, ենթակա է քննության առավելագույնը 24 ամիսների ընթացքում, իսկ Դանիբեկյանի դեպքում այն տեւել է 4 տարի 4 ամիս․ «Խորհուրդը փաստում է, որ Դատավորը, իր վարույթում ունենալով ՀՀ դատաիրավական պրակտիկայում ամենակարեւոր գործերից մեկը, առանձին վարույթներում մեղադրանքների բնույթով և հանցագործությունների սուբյեկտային կազմով իրարից տարբերվող մեղադրանքները չառանձնացնելով, միատեսակ միջնորդությունների ներկայացմամբ և տարբեր անհարգելի պատճառներով մի շարք դատական նիստերին չներկայանալու ձևով դրսևորվող դատավարության մասնակիցների վարքագիծը համաչափ հարկադրանքի միջոցի կիրառմամբ չխափանելով հեղինակազրկել է դատական իշխանությունը և նպաստել քրեական արդարադատության շահի, նպատակի և էության խաթարմանը, ինչն էլ հանգեցրել է օրենքով սահմանված վաղեմության ժամկետի լրացած լինելու հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։

Ուշագրավն այն է, որ նույն դատավորը նույն ժամանակահատվածում ավելի քան 7 տարի քննում էր բանասեր Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործը։ Սակայն այս հանգամանքը ո՛չ ԲԴԽ-ն, ո՛չ էլ Արդարադատության նախարարությումը կարծես չեն նկատել՝ ըստ ամենայնի, այն «ՀՀ դատաիրավական պրակտիկայում ամենակարեւոր» գործ չհամարելով։

Սա, իհարկե, միակ օրինակը չէ․ թե՛ Դանիբեկյանի, թե՛ այլ դատավորների վարույթում կարելի է գտնել բազմաթիվ այլ գործեր, որոնցով որոշմամբ սահմանված առավելագույն ժամկետները լրացել են, բայց դրան որեւէ գործընթաց չի հաջորդել։

Նախկին դատավորի խոսքով՝ ուղենիշային ժամկետները ոչ միայն իրատեսական չեն, այլեւ ուղղված են դատավորներին վերահսկելուն

Նախկին դատավոր Դավիթ Հարությունյանը մեր զրույցում սա պայմանավորում է նրանով, որ ԲԴԽ-ն սահմանել է ոչ իրատեսական ժամկետներ, որոնց տրամաբանությամբ եթե ոչ բոլոր դատավորները, ապա նրանց 90 տոկոսը ենթակա է պատասխանատվության․ «Շատ քիչ կլինեն դատավորները, որոնք գործերը այդ ժամկետներին համահունչ են քննում։ Այսինքն՝ 90 տոկոս դատավորները այդ ուղենիշներով խախտումներ թույլ տվող են, եւ եթե այդպես է, ստացվում է՝ պետք է 90 տոկոսն էլ պատասխանատվության ենթարկվի, ինչը, իհարկե, սխալ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պատասխանատվության են ենթարկվում թիրախավորված դատավորները․ այդ ուղենիշներին հղում են տալիս եւ դա որպես գործիք օգտագործում իրենց ապօրինությունները լեգիտիմացնելու համար»,- կարծում է Հարությունյանը։

Որոշման մեջ նշված է, որ գործերի միջին ուղենիշային ժամկետների սահմանման համար հիմք են ընդունվել ABA ժամանակային ստանդարտները: Դավիթ Հարությունյանը ընդգծում է՝ ըստ ամենայնի, նկատի ունեն՝ American Bar Association–ի սահմանած ստանդարտները, որոնք, սակայն, անհամադրելի են մեր իրականության հետ․ «Ամերիկյան դատավարությունը ընդհանրապես այլ է․ բացառությամբ ժյուրիով դատավորությունների՝ մնացած գործերը՝ 30-40 գործ, կես օրում ավարտում են, նրանց դատավարական ձեւերը, գործիքակազմերը դա թողնում են։ Այս պայմաններում բերել այնտեղի ժամանակային ստանդարտները կիրառել այստեղ ուղղակի աբսուրդի ժանրից է»։ 

Գործի բարդության աստիճանը որոշելիս հաշվի առնվող չափանիշներից է, օրինակ, մեղադրյալների քանակը, վարույթին ներգրավված անձանց քանակը, մեղսագրվող արարքների քանակը եւ այլն։ Նախկին դատավորն ասում է՝ հնարավոր չէ որեւէ քրեական գործ, դրա շրջանակում կատարվող ստեղծագործական աշխատանքը վերածել քանակական ցուցանիշների․ «Գուցե 10 վկա լինի, այդ 10 վկայի հարցաքննությունը 1 օրում ավարտվի, եւ գուցե լինի 3 վկա, բայց ամեն վկայի հարցաքննությունը 2–3 աշխատանքային օր տեւի։ Կամ  եթե ընդունենք, թե դատավորը ընդհանրապես գործ չունի կամ 10 գործ ունի, կարող է այդ ժամկետներից էլ շատ շուտ ավարտել ամեն ինչ, բայց եթե ունի 100-200 գործ, ու այդ նույն ժամկետները սահմանես, դա անհնար է։ Այսինքն ստացվում է՝ դատավորը պարբերաբար խախտումներ է անելու։ Բայց անկախ նրանից՝ ով ինչ ժամկետ սահմանի, դատավորը չպիտի դրանով կաշկանդվի։ Եթե դատավորները առաջնորդվեն դրանով, արհեստականորեն արագացնեն գործերի քննությունը, ստիպված են լինելու որակի հաշվին ապահովել քանակը»։

Միակ նպատակը, որ կարող էր արդարացնել այս որոշումը, ըստ Հարությունյանի, գործերի հավասարաչափ բաշխումն ապահովելն է․ «Բայց եթե ընդունենք, որ այդ բարի նպատակն է հետապնդում, ինչպե՞ս է ստացվում, որ օրինակ՝ քրեական դատարանները անհամաչափ են ծանրաբեռնված։ 2021 թ․–ին, երբ որոշումն ընդունվում էր, դատավորները տարեկան կարող էին միջինում 50-60 գործ ստանալ, իսկ այսօր, որքանով գիտեմ, Երեւանի դատավորները ստանում են եւ տարին դեռ չավարտված արդեն իսկ ստացել են մոտ 100 գործ։ Այն, որր նշել են՝ իբր հաշվետվողականություն, ողջամիտ ժամկետ․․․ Իրականում դատավորներին վերահսկելու, հետագայում՝ նաեւ պատասխանատվության ենթարկելու համար է, զուտ այդ նպատակին է ծառայելու ու մինչեւ այս պահն էլ բացառապես այդ նպատակին է ծառայում»,- կարծում է Դավիթ Հարությունյանը։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել