armenpress.am: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձավ Հայաստանում զորակոչի հետ կապված մարտահրավերներին։
Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ զորակոչը շարունակում է մնալ պետության առաջ ծառացած մարտահրավերներից մեկը, ու դրա մասին պետք է բարձրաձայն խոսել։
«Մի երևույթ կա, երբ Հայաստանի քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է Հայաստանի քաղաքացիությունից, որպեսզի վերջինս զինված ուժերում չծառայի։ Կարծում եմ, այս հանգամանքից ելնելով, պետք է որոշակի լյուստրացիայի ենթարկենք մեր շրջապատին ու առաջին հերթին նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում։ Այս հարցով դիմել եմ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին։
Իմ կարծիքով՝ պետական պաշտոնյան պետք է իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլ իր մերձավոր հարազատների զավակները հրաժարվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից»,- ընդգծեց Պապիկյանը։
Նա շեշտեց, որ նման դեպքերի ցավալի ցուցանիշներ են արձանագրվել, և դրա դեմ պետք է պայքարել։
«Մենք պետք է ինքներս մեզ հետ առերեսվենք և ինձ համար բավականին վատ տենդենցի դեմն առնենք։ Այս երևույթը նոր չէ, չգիտեմ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել»,-եզրափակեց նախարարը։
comment.count (0)