Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու
 |civilnet.am|
19:58 - 13 նոյեմբերի, 2024

Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու |civilnet.am|

civilnet.am: 2018-ի հեղափոխությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից Տիգրան Ավինյանին հասցրեց քաղաքական իշխանության բարձունքի։ Դա այն տարին էր, երբ հեղափոխությունը վերջ դրեց Հանրապետական իշխանության երկարատև կառավարմանը՝ իշխանության բերելով «Քաղաքացիական պայմանագրին»։ Տիգրան Ավինյանը, որն այդ ժամանակ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ էր, դարձավ Հայաստանի փոխվարչապետ։ Նրա քաղաքական կարիերայի աճն ուղեկցվում էր ընտանիքի հետ կապված բիզնեսի բարգավաճմամբ, այդ թվում՝ պետական ծրագրերից անուղղակի օգուտներ ստանալու միջոցով։ ՍիվիլՆեթը և OCCRP-ն (Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագիծ) համատեղ հետաքննությամբ պարզել են, որ այդ ծրագրերը Ավինյանի համակարգման տիրույթում են եղել և դրանց վերաբերող քննարկումները համակարգել է ինքը՝ փոխվարչապետ Ավինյանը։

Տիգրան Ավինյանը փոխվարչապետի պաշտոնում էր 2018-2021 թվականներին և, ի թիվս այլ ոլորտների, համակարգում էր գյուղատնտեսությունը։ Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերությունը խաղողի, ժամանակակից տեխոնոլգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի ինը շահառուների համար աշխատել է որպես կապալառու՝ օգնելով այդ ծրագրի շահառուներին այգիներ հիմնել։ Շահառուները հարյուր հազարավոր դոլարներ են ստացել կառավարությունից՝ պտղատու այգիներ հիմնելու համար։ Շահառուն ոչ թե ինքն է ուղիղ իրականացրել այգեհիմնումը, այլ որպես կապալառու ներգրավել է «Իրիգեյթ»-ին։ Էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվում է հայտնել, թե ընդհանուր առմամբ «Իրիգեյթ»-ը որքան գումար է ստացել շահառուներից։

Ավինյանը, նրա հայրը՝ Արմեն Ավինյանը, «Իրիգեյթ»-ի բաժնետեր Դավիթ Ավինյանը՝ Տիգրան Ավինյանի եղբայրը, չեն պատասխանել ՍիվիլՆեթի մեկնաբանություններ ստանալու գրավոր հարցումներին։

Տիգրան Ավինյանը քաղաքական այն թիմից է, որն իշխանության եկավ 2018-ի գարնանը՝ շաբաթներ տևած հակակառավարական անհնազանդություններից հետո՝ տապալելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը։ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարումը սկսեց ու շարունակեց կոռուպցիան արմատախիլ անելու և ժողովրդավարությունն ամրապնդելու խոստումներով։ Որպես փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համակարգում էր տնտեսական զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության ոլորտները։ Բացի այդ, նա տնօրենների խորհրդի նախագահ էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում՝ ANIF-ում, որը լուծարվեց այս տարի։

Անուղղակի օգուտներ պետական ծրագրից՝ «Իրիգեյթ»-ին

«Իրիգեյթ» ՍՊԸ-ն հիմնվել է 2011-ին։ Ընկերությունը մասնագիտացած է ոռոգման համակարգերի տեղադրման գործում։ Այն ունի նաև վարձակալած հողեր, արտադրում է Chiruchamich ֆիրմային անվանմամբ չրերի հավաքածու-տուփերը, որոնք վաճառվում են Երևանի սուպերմարկետներում։ Տիգրան Ավինյանը եղել է ընկերության բաժնետեր ու տնօրեն, սակայն 2018-ի հունիսին՝ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, բաժնեմասը փոխանցել է պլաստիկ վիրաբույժ եղբորը՝ Դավիթին, իսկ ընկերության տնօրեն դարձել է հայրը՝ Արմեն Ավինյանը։

2018-ի հոկտեմբերին «Իրիգեյթ»-ի հետ կապված սկանդալ պայթեց, երբ OCCRP-ի անդամ «Հետք»-ը գրեց, որ «Իրիգեյթ»-ը 35 000 դոլարի պետական դրամաշնորհ է ստացել։ Տիգրան Ավինյանը դրամաշնորհի համար դիմել էր դեռ այդ տարվա փետրվարին, բայց ընկերությունը հաղթեց, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր։ Անդրադառնալով այս պատմությանը՝ Ավինյանը հերքել էր հնարավոր շահերի բախումը, վստահեցրել, որ դրամաշնորհի ստացման գրեթե բոլոր փուլերն ավարտվել էին մինչ իր պաշտոնը ստանձնելը։ Սակայն ՍիվիլՆեթն ու OCCRP-ն հայտնաբերել են, որ «Իրիգեյթ»-ն անուղղակի օգուտներ է ստացել նաև գյուղատնտեսական մեկ այլ պետական ծրագրից։

2017-ին Հայաստանի նախկին կառավարությունը ընդունել էր ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման որոշում։ Սա պիլոտային ծրագիր էր, որ նպատակ ուներ զարգացնել ինտենսիվ այգիները, մեծացնել պտղի ու հատապտղի արտադրության ծավալները։ Ծրագիրն ի սկզբանե ենթադրում էր միայն վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, բայց 2019-ին «Քաղաքացիական պայմանագրի» կառավարությունը ընդլայնեց ծրագիրը՝ ավելացնելով նաև շահառուներին փոխհատուցում տրամադրելու բաղադրիչը։ Փոխհատուցման բաղադրիչը ենթադրում էր, որ այգու հիմնման ծախսերի 50 տոկոսի փոխհատուցումը կատարելու է կառավարությունը։ Էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն՝ այս ծրագրի փոխհատուցման բաղադրիչից օգտվել է 109 ընկերություն և անձ, փոխհատուցվել է ավելի քան 2 միլիարդ դրամ։ «Իրիգեյթ»-ը այս շահառուներից չէր, սակայն փոխհատուցում ստացած հինգ իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար հանդես է եկել որպես կապալառու։

Այդ հինգ շահառուներն ընդհանուր առմամբ ստացել են 305 մլն դրամի փոխհատուցում՝ բալի, տանձի, դեղձի, ծիրանի այգիներ հիմնելու համար։ Էկոնոմիկայի նախարարության հետ գրագրությունից պարզ է դառնում, որ հինգ շահառուները, որոնք որպես կապալառու ներգրավել են «Իրիգեյթ»-ին, հիմնել են ավելի քան 29 հա այգիներ։ Նախարարությունը հրաժարվել է հայտնել, թե շահառուները որքան գումար են փոխանցել «Իրիգեյթ»-ին՝ համարելով դա առևտրային գաղտնիք։

Էկոնոմիկայի նախարարությունը, սակայն, ունի հաշվարկ, ըստ որի, այս պտուղներով այգեհիմնման 1 հեկտարը կարժենա նվազագույնը 15 մլն դրամ, առավելագույնը՝ 34 մլն դրամ։ Տատանումը կախված է տնկանյութի տեսակից, կարկտապաշտպան ցանցի առկայությունից և այլն։ Այսօրվա փոխարժեքով 29 հա այգեհիմնումը կկազմեր նվազագույնը մոտ 1,1 մլն դոլար, առավելագույնը՝ 2,2 մլն դոլար։

Հինգ շահառուները, որոնք որպես կապալառու ներգրավել են «Իրիգեյթ»-ին, ստացել են այս ծրագրով փոխհատուցված ընդհանուր գումարի 15 տոկոսը։ Ամենամեծ փոխհատուցում ստացող ընկերություններից «Նոյլենդ ԱՄ»-ն և «Մարգեց»-ը որպես կապալառու ընտրել են «Իրիգեյթ»-ին: «Մարգեց»-ի տնօրեն Արամ Մարգարյանը, պատասխանելով հարցին, թե ինչու են այգեհիմնման գործում ընտրել «Իրիգեյթ»-ին, պատասխանեց, թե այն ժամանակ, երբ ինքը սկսում էր մասնակցել ծրագրին, կար չորս-հինգ կապալառու, և պատահական սկզբունքով է ընտրել «Իրիգեյթ»-ին։ Մարգարյանը չմանրամասնեց, թե որքան գումար է իր կողմից փոխանցվել այդ ընկերությանը։

Ռոբերտ Ազիզյանը, որը երկու այլ ընկերություններում է ներգրաված, որոնք օգտվել են ծրագրից ու կապալառու ներգրավել «Իրիգեյթ»-ին, ՍիվիլՆեթի հետ զրույցում պարզաբանեց՝ որպես կապալառու «Իրիգեյթ»-ին է ընտրել աշխատանքի որակի պատճառով. «Ես իրենց արած գործերը տեսել եմ, կառուցած այգիները հավանել եմ։ Ուրիշների այգիներում հենասյուները թափվում են, ցանցերը պատռվում»։

«Իրիգեյթ»-ը՝ վարկերի սուբսիդավորման բաղադրիչում

Ինտենսիվ այգիների հիմնման ծրագրի մյուս բաղադրիչը վերաբերում էր վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը։ Սրա էությունն այն էր, որ կառավարությունը վարկերի տոկոսների մեծ մասը սուբսիդավորում էր, ու շահառուները առավելագույնը վարկը ստանում էին 2 տոկոսով։ Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման բաղադրիչով «Իրիգեյթ»-ը որպես կապալառու հանդես է եկել չորս շահառուների համար։ Նախարարությունը հրաժարվել է տրամադրել այս բաղադրիչով այն շահառուների անունները, որոնք այգեհիմնում իրականացրել են «Իրիգեյթ»-ի միջոցով։ Նախարարությունը չի տրամադրել նաև սուբսիդավորման չափերը։ Բայց նախարարության պատասխաններից մեկում նշվում է, որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ն ներգրավվել է՝ 27,3 հա այգիներ հիմնելու համար։ Եթե հիմք ընդունենք պաշտոնական հաշվարկները, «Իրիգեյթ»-ի այս աշխատանքները նվազագույնը կարող էր արժենալ 940 000 դոլար, առավելագույնը՝ 2,1 մլն դոլար։

Ինչպես նշեցինք, Տիգրան Ավինյանը որպես փոխվարչապետ համակարգում էր գյուղատնտեսության ոլորտը։ 2019-ին, երբ կառավարությունը խաղողի, ժամանակակից տեխոնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրն էր մշակում, Ավինյանը կառավարությունում ղեկավարել է առնվազն մեկ նիստ, որը վերաբերում էր այս ծրագրի ընդունմանը։ Համապատասխան արձանագրությունից պարզ է դառնում, որ Ավինյանը քննարկման մասնակիցներին որոշ հանձնարականներ է տվել, թեպետ չի բացառվում, որ դրանք եղել են տեխնիկական բնույթի։

Ավելի մանարամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել