Դատարանը Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում է կայացրել |civilnet.am|
15:02 - 15 նոյեմբերի, 2024

Դատարանը Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում է կայացրել |civilnet.am|

civilnet.am: Հակակոռուպցիոն դատարանը որոշել է բերման ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ հաջորդ դատական նիստում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:

Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, չէին ներկայացել դատական նիստին։ Պաշտպանների խոսքով` պատճառն այն է, որ նրանք պարզաբանում չեն ստացել, թե ինչ հոդվածով են մեղադրվում։

Գործի նախապատմությունը

2018-ի հուլիսի 26-ին Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի կամ Սահմանադրական կարգի տապալման գործով։ Գործը վերաբերում էր 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններին։ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով. առաջինը՝ այլ անձանց հետ սահմանադրական կարգի տապալում, որը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն էր և հետագայում ճանաչվեց հակասահմանադրական, երկրորդը՝ 3 մլն դոլար կաշառք վերցնելու հոդվածը, որը դեռևս քննվում է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Քոչարյանը 2008-ի փետրվարին, երբ Ազատության հրապարակում խաղաղ ցույցեր էին, բանակի հրամանատարական կազմի հետ քննարկել է ներքաղաքական հարցեր։ Այնուհետև ստորագրվել է ՊՆ-ի «0038» հույժ գաղտնի հրամանը, զինծառայողներ են Երևան բերվել, և նրանք ցույցերը ցրելու վարժանքներ են իրականացրել։ Բացի Քոչարյանից, գործով անցնում են նաև այդ ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցնող Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը։

Այս գործը դատարան է մտել 2019-ի ապրիլին։ Քննության ընթացքում դատարանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի սահմանադրականության հարցը։

ՀՀ Սահմանադրական դատարանը 2021-ի մարտի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Այս հիմքով պաշտպանները միջնորդել են կարճել գործը, իսկ Աննա Դանիբեկյանը բավարարել է այդ միջնորդությունը։

Այնուհետև մեղադրող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Հետագայում գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան։ Գործով պայմանավորված՝ այս ատյանը դիմել է ՍԴ՝ պարզելու այս անգամ էլ Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներից մեկի սահմանադրականության հարցը։

ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2024-ի հուլիսի 22-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, որ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը։

Սահմանադրական դատարանի վերջին որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը գործը բեկանել էր ու ուղարկել նոր քննության։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել