Տիգրան Աբրահամյանը պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո
11:56 - 18 նոյեմբերի, 2024

Տիգրան Աբրահամյանը պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո

Այս քայլը ավելի շատ դիտարկում եմ նախընտրական տրամաբանությունների ներքո: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակյցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով պաշտոնանկությունների մասին տեղեկությունները:

«Իշխանությունը փորձում է, այսպես կոչված, նոր դեմքով հանդես գալ, որոշակիորեն փորձում է փաթեթավորել բոլոր այն խնդիրները, որոնք տարիների ընթացքում կուտակվել են»,- ասաց Աբրահամյանը:

Ընդդիմադիր պատգամավորը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի սափրվելուն՝ նշելով, որ խորհրդանշանական առումով այդ սափրման գործը ևս ընդհանուր արարի մի մասն է կազմում, և դա որևէ պատահական համընկնում չէ. «Հնարավոր է՝ իմիջային առումով նրան որոշակի խորհուրդներ են տվել, որը նա իրացնում է»:

Աբրահամյանի խոսքով իշխանությունը 2018-ից ի վեր բազմաթիվ խոստումներ է տվել՝ ասֆալտին տապալելուց սկսած, մարդկանց անազատության ուղարկելու, բնականաբար այս համատեքստում հանրությունը լրիվ այլ բանի է ականատես եղել:

«Հիմա բնականաբար այստեղ մեղքը տարբեր անձանց կամ համակարգերի, այեսպես կոչված, գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի համար մարդկային մոտեցումները որևէ արժեք չունեն՝ անկախ նրանից, թե այդ պաշտոնյաներից ով, ինչ ծառայություն է մաոտուցել և որքանով է հանցակից եղել Փաշինյանին տարբեր գործողություններում, այսօր նրանք պետք չեն, և նրանց փոխարեն վաղը կգան նոր դեմքեր: Կանցնի որոշ ժամանակ նրանք պետք չեն լինի, նույն վերաբերմունքը կլինի նաև նրանց նկատմամբ»,- հավելեց նա:

Միաժամանակ պատգամավորը ընդգծեց, որ պաշտոններից ազատվող մարդիկ չպետք է խուսափեն պատասխանատվությունից, որովհետև, նրա խոսքով, ինչում իրենք թաթախված են եղել ինչ-որ մասով, հետագայում ինչ-որ փուլում իրավական պատասխանատվության կամ իրավական գնահատականի մի կետի է գալու:

Տիգրան Աբրահամյանը չբացառեց, որ առաջիկայում նոր քրեական գործերի մասին տեղեկություններ կլինեն:

Նշենք, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել