hetq.am: Հյուսիսային Կորեան կարող է ընդհանուր առմամբ 100 հազար զինվորական ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգնելու համար: Այդ մասին պնդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր G20-ի երկրների մի քանի աղբյուրների, որոնք վերլուծում են ռազմական ոլորտում Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի երկկողմ համագործակցության զարգացումը։
Գործակալության զրուցակիցները, որոնք ցանկացել են անանուն մնալ, ընդգծել են, որ խոսքը նախնական գնահատականների մասին է, և եթե նույնիսկ դրանք հաստատվեն, ապա 100000-անոց զորախումբը միաժամանակ չի տեղակայվի: Խոսքը հյուսիսկորեացի զինվորականների ընդհանուր թվի մասին է, որոնց կարող են ներգրավել Ռուսաստանին ռազմական աջակցության մեջ՝ հաշվի առնելով ռոտացիան։
Ինչպես նշում է Bloomberg-ը, համանման գնահատական ավելի վաղ տվել էր Հարավային Կորեայում Ուկրաինայի դեսպան Դմիտրի Պոնոմարենկոն։ Այն ժամանակ դիվանագետն ասել էր, որ Ուկրաինան ակնկալում է, որ Կուրսկի մարզ ուղարկված 15 հազար հյուսիսկորեացի զինվորականները ռոտացիայի կենթարկվեն մի քանի ամիսը մեկ: Դեսպանի խոսքով՝ չի բացառվում նաև, որ Հյուսիսային Կորեայից զինծառայողներին ուղարկեն նաև ռուսական զորքերի կողմից բռնազավթված ուկրաինական տարածքներ:
Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին օգնելու նպատակով հյուսիսկորեացի զինծառայողների ուղարկումն այն թեմաներից մեկն է, որը քննարկվելու է 2024 թվականի նոյեմբերի 18-19-ը Բրազիլիայում կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ:
Կուրսկի մարզում հյուսիսկորեացի զինվորականների առկայության մասին դեռ հոկտեմբերի վերջից հայտնում էին Ուկրաինան, Հարավային Կորեան և ԱՄՆ-ն։ Նրանց տվյալներով՝ ընդհանուր առմամբ Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել մոտ 12 հազար զինծառայող։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերն արդեն իսկ ռազմական բախման մեջ են մտել հյուսիսկորեացիների հետ: Նա նաև հայտարարել է, որ հյուսիսկորեացի զինվորականներն արդեն առաջին կորուստներն են կրել Կուրսկի մարզում:
comment.count (0)