ՀՀ-ն բաց է համագործակցության համար նրանց հետ, ովքեր շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Արշակյան
20:35 - 18 նոյեմբերի, 2024

ՀՀ-ն բաց է համագործակցության համար նրանց հետ, ովքեր շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Արշակյան

Նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը:

Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման հարցում:

ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել երկու երկրների հետաքրքրություններին համահունչ կապերի զարգացման ուղղությամբ: Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների խթանմանն ուղղված մի շարք աշխատանքային հանդիպումների ու միջոցառումների կարևորության մասին է խոսել:

Անդրադառնալով նիստի օրակարգային հարցերին՝ ԱԺ փոխխոսնակը կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունը և կարծիք հայտնել, որ տարածաշրջանների անմիջական կապերը թույլ կտան առավել ընդլայնելու երկխոսության շրջանակը:

«Մենք ակնկալում ենք, որ միջտարածաշրջանային համագործակցությունը, առևտրատնտեսական ոլորտում տարածաշրջանների միջև ավանդական փոխգործակցության ամրապնդմանը զուգահեռ, կարող է նոր խթան հաղորդել գիտության, կրթության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունն ընդգրկում է առևտրատնտեսական փոխգործակցության լայն շրջանակ: Մենք պետք է ավելի արդյունավետ օգտագործենք այն տնտեսական և մտավոր ներուժը, որն ունենք մարզերում»,- կարծիք է հայտնել Արշակյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերություններին՝ նշվել է, որ չնայած աշխարհում տեղի ունեցող բարդ տնտեսական գործընթացներին՝ դրական դինամիկա է արձանագրվում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում: Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին ապրանքաշրջանառության տպավորիչ աճ է գրանցվել:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը մանրամասն անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրադրությանը:

«Չնայած Հարավկովկասյան տարածաշրջանում տիրող դժվար իրավիճակին՝ կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և բաց է համագործակցության բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծորեն շահագրգռված են մեր տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմամբ»,- փաստել է ՀՀ ԱԺ փոխնախագահն ու ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ևս միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:

Ելույթի ավարտին Հակոբ Արշակյանը ևս մեկ անգամ ընդգծել է Միջխորհրդարանական հանձնաժողովի նշանակալի ներդրումն ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը փաստել է, որ տնտեսական և միջտարածաշրջանային հարաբերություններն ակտիվ զարգանում են ու խոսել առևտրաշրջանառության տպավորիչ արդյունքներից: Գոհունակությամբ է ընդգծվել Հայաստանի և Ռուսաստանի մի շարք քաղաքների ու տարածաշրջանների համագործակցության փաստը: Դաշնության խորհրդի նախագահի տեղակալը մանրամասն խոսել է մի շարք ոլորտներում հաջող փոխգործակցության և գրանցված արդյունքների մասին:

Երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու խնդիրների լուծման առաջնահերթություններին են անդրադարձել նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը և Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ խորհրդարանականներն անդրադարձել են առկա փորձի հիման վրա հայ-ռուսական միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացման հեռանկարներին ու առևտրատնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ու երկու երկրների գործադիր իշխանությունների ներկայացուցիչներն օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձել են երկու պետությունների քաղաքների, մարզերի և ռեգիոնների միջև համագործակցության խնդիրներին ու ձեռքբերումներին, երկու ժողովուրդների բարեկամության խթանմանը նպաստող մշակութային, կրթական, հումանիտար և հասարակական հնչեղության այլ միջոցառումների կարևորությանը: Ընդգծվել են տնտեսության մի շարք ճյուղերում ապրանքաշրջանառության աճի տեմպերը: Զեկուցողներն անդրադարձել են երիտասարդական նախաձեռնությունների արդյունավետ իրականացմանը, միջբուհական համագործակցությանը, սեմինարների ու կոնֆերանսների կազմակերպմանը, միջտարածաշրջանային համագործակցության համատեքստում նաև հումանիտար ոլորտին, մշակութային ու զբոսաշրջային կապերի խթանմանը: Կարևորվել են ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, գործարար ոլորտում ակտիվ կապերը: Կողմերը բարձրաձայնել են նաև երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներն և դրանց լուծմանն ուղղված քայլերը:

Նիստի ավարտին որոշվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստն անցկացնել հաջորդ տարի՝ Սոչիում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել