armenpress.am: Եվրոպայի խորհրդի փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների՝ իրավունքներից օգտվելու հնարավորությունները պետք է բարելավվեն։
Այս մասին նշված է Եվրախորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Կառույցի փորձագետներն անբավարար են համարել Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք և արդյունավետ հավասարությունը երաշխավորելու համար առկա պայմանները։
ԵԽ խորհրդատվական կոմիտեն իր զեկույցում շեշտել է, որ առաջին անգամ է գնահատում իրավիճակը Ղարաբաղի տարածաշրջանում և ընդգծել ղարաբաղյան հակամարտությանը հաջորդած իրավիճակի լուծման համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Նշվում է, որ Լաչինի միջանցքի գրեթե տասը ամիս շրջափակումից, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունների ռազմական գործողությունից և միջանցքի անսպասելի վերաբացումից հետո ավելի քան 100 հազար հայեր լքել են տարածաշրջանը։
«Որպես անհապաղ գործողությունների հանձնարարական՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում իշխանություններին ստեղծել քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և կայուն վերադարձի համար և ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ: Իշխանություններին նաև խրախուսվում է գույքագրել, պաշտպանել և պահպանել հայկական բոլոր կրոնական և մշակութային վայրերն ու արտեֆակտները, ինչպես նաև հետաքննել տարածաշրջանում էթնիկ հայերի կողմից օգտագործվող պատմական և մշակութային հուշարձանների և գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացման և փոփոխության բոլոր մեղադրանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հղում անելով ղարաբաղյան հակամարտության համատեքստում Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված խիստ հրապարակային հայտարարություններին և դրա անմիջական ազդեցությանը էթնիկ հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ անհանդուրժողականության և էթնիկ տարանջատման ցանկացած դրսևորումից և խստորեն դատապարտել հայ համայնքին պատկանող անձանց նկատմամբ ատելությունը ՝ հաշտեցման գործընթացը հեշտացնելու նպատակով։
comment.count (0)