Նախագահ Ջո Բայդենը «լավ որոշում» է կայացրել՝ թույլ տալով Ուկրաինային հեռահար զենքերով հարվածելու Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի երեկոյան, հայտնում է Politico-ն։
Մակրոնի խոսքով Բայդենի նոր որոշումը պատասխան է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ կոնֆլիկտը սրելուն՝ Հյուսիսային Կորեայից զինվորականների բերելով:
«Ռուսաստանը միակ ուժն է, որ էսկալացիայի որոշում է կայացրել: Իրապես, սա այն շրջադարձային կետն է, որ ԱՄՆ-ին մղել է նման որոշման»,- ասել է Ֆրանսիայի նախագահը Ռիո դե Ժանեյրոյում G20 գագաթնաժողովի ժամանակ:
Հիշեցնենք, որ ամերիկյան լրատվամիջոցները երեկ հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի խորքը հարվածելու համար։ Սպիտակ տունը չի մեկնաբանել այս լուրերը։
Ֆրանսիական Le Figaro-ն էլ նախ գրել էր, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ևս թույլատրել են օգտագործել իրենց հրթիռները ՌԴ խորքերը հարվածելու համար, հետո սակայն, պարբերականը ջնջել էր այս հաղորդագրությունը:
Ավելի ուշ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Փարիզը չի փոխել իր դիրքորոշումը այս հարցում:
comment.count (0)