RElection [#48] Ազգային փոքրամասնությունների և կանանց ներգրավվածության խնդիրը որոշակիորեն լուծված է. Ռուստամ Բաքոյան
14:48 - 14 դեկտեմբերի, 2019

RElection [#48] Ազգային փոքրամասնությունների և կանանց ներգրավվածության խնդիրը որոշակիորեն լուծված է. Ռուստամ Բաքոյան

Relection նախագծի շրջանակներում զրուցել ենք Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ՝ կուսակցությունների ֆինանսավորման և ներառականության վերաբերյալ։

- Առաջին հերթին կցանկանայի իմանալ, թե ֆինանսավորման ո՞ր մոդելն է Ձեզ համար ընդունելի, քանի որ քննարկվում է անցումը պետական ֆինանսավորման: Արդյո՞ք Ձեզ համար խնդրահարույց են արտերկրից ֆինասնավորման մոդելները:

- Կարծում եմ՝ պետք է հստակեցվի։ Դեռ առաջարկությունների փուլն ավարտված չէ, դեռ տեղի են ունենում հանրային քննարկումներ: Կարծում եմ, որ այս ընթացքում հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ տարբերակներ լսել, որոնք ավելի կառողջացնեն համակարգը:

Մենք պատրաստ ենք լսելու դրանք և հանրային քննարկումներ ենք կազմակերպում դրա համար։ Անցումը դեպի պետական ֆինանասավորում, իմ անձնական մոտեցմամբ, նախնական փուլում ես պատկերացնում եմ հետևյալ կերպ․ եթե կուսակցությունները ֆինանսավորվելու են անհայտ աղբյուրներից, կարծում եմ դրանք ավելի մշուշոտ են դարձնում այս համակարգը ու դրա համար, ըստ էության, պետք է հստակեցվի, պարզեցվի և ավելի թափանցիկ, հասանելի լինի մեր հանրությանը: Այդ իմաստով, կարծում եմ անցումը դեպի պետական ֆինանսավորում ճիշտ է, ամեն դեպքում, այս փուլում այդպես եմ կարծում:

- Ինչ վերաբերում է այն հարցին, որ պետական ֆինանասավորումը թույլ կտա ազատվել բիզնես ֆինանսավորումնեից, այս առումով ի՞նչ կարծիք ունեք։ Հնարավո՞ր է, որ այն հանգի այդ կետին:

- Նախորդ պատասխանս հենց սա էր ենթադրում, որ այս իմաստով էլ պետական ֆինանսավորումը կարևորվում է, որպեսզի այդ գործընթացները ավելի թափանցիկ լինեն և ռիսկերից, վտանգներից զերծ մնանք:

- Քննարկվում է նաև կուսակցությունների ներառականության բարձրացմանն ուղղված մեխանզմներ ներդնելու գործընթացը։ Խոսքը կանանց, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածության բարձրացման մասին է։ Ձեր կարծիքով ի՞նչ մեխանզմներ պետք է կիրառվեն դրա համար:

- Ես կարծում եմ, որ առաջին հերթին հանրությանը պետք է պատրաստել,որպեսզի մենք մեր հասարակության մեջ չունենանք խտրականության դրսևորումներ՝ թե՛ ազգային փոքրամասնությունների, թե՛ հաշմանդամություն ունեցող մարդկանց մասով: Ներկա Սահմանադրությամբ ազգային փոքրամասնությունների և կանանց ներգրավվածության խնդիրը լուծված է, իսկ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար պետք է ներառվեն մեխանիզմներ:

Կարծում եմ՝ սա ճիշտ է և անհրաժեշտ։ Այս իմաստով էլ պետք է ուսումնասիրվի միջազգային փորձ, որը շատ կարևոր է։ Եթե մենք մտածում ենք մի քանի բանի մասին, որոնք շատ վաղուց կիրառվում են այլ երկրներում, ավելի հեշտ է հասկանալ, թե այդ խնդիրները ինչ մեխանզիմներով են լուծվել և համապատասխանեցնենք մեզ և կարողանանք ներառել դրանք:

- Եթե խոսենք ազգային փոքրամասնությունների մասին, Դուք տեսնու՞մ եք հետաքրքրություն քաղաքականությունում ներգրավվելու առումով։ Ի՞նչ խնդիրներ ունեն ազգային փոքրամասնությունները Հայաստանում, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ այս գործընթացի համար:

- Տեսեք․ եթե որևէ տեղ աշխատանք կա կամ պաշտոնի հարց է բարձրացվում, բոլորը կամա, թե ակամա ցանկություն են ունենում հենց այդ դիրքում, պաշտոնում հայտնվելու: Նախորդ երկու ընտրությունները,կարծում եմ, վկայեցին այդ մասին: Կարծում եմ, որ ազգային փոքրամասնությունները  պետության կողմից պետք է ունենան որոշակի աջակցություն, այսինքն՝ պետությունը ստեղծի դաշտ, որպեսզի ազգային փոքրամասնությունները կարողանան ինտեգրվել քաղաքական կյանքին, բայց նաև համայնքի կողմից պետք է նախաձեռնություն լինի:

Ամբողջ բեռը չպետք է դնել պետական ինստիտուտի վրա և ասել, որ ամբողջը՝ ազգային փոքրամասնությունների համար պետությունը պետք է իրականացնի: Այս դեպքում, կարծում եմ, անարդյունավետ է և հենց սրանով է պայմանավորված նախորդ իշանությունների գործունեությունները, երբ ազգային փոքրամասնությունների մասով հաճախ խնդիրների էինք հանդիպում, որոնք կամ մասնակի էին ստանում լուծումներ կամ չէին ստանում:

Ես կարծում եմ, որ այս հարցերում ազգային փոքրամասնությունները պետք է ինտենսիվ լինեն և առհասարակ իրենց համայնքային կյանքում պետք է ակտիվ լինեն, որպեսզի պետության առաջարկած, առաջ քաշած մեխանիզմների օգնությամբ ներգրավվեն թե՛ քաղաքական, թե՛ հասարակական և թե՛ տնտեսական կյանքին:

- Գաղտնիք չէ, որ Հայաստանում հաճախ կուսակցությունները ստեղծվում են ոչ թե գաղափարախոսության, գաղափարի, ծրագրի շուրջ, այլ մեկ անձի շուրջ և շատ հաճախ սպասարկում են հենց այդ մեկ անձի շահերը: Ի՞նչ պետք է անել, որպեսզի խուսափենք նման դեպքերից:

- Հենց բարեփոխումները պայմանավորված են դրանով, որ մենք բացառենք նման երևույթները, որոնք, ցավոք, բայց արատավոր երևույթ էին մինչև 2018 թվականը և 2018 թվականից հետո էլ մենք պետք է գիտակցենք, որ այլևս նոր Հայաստանում նման երևույթներ առաջ չգան։ Սրանով պայմանավորված՝ հանրային քննարկումների և առաջարկությունների ավարտից հետո, կարծում եմ՝ որոշակի համադրությունների արդյունքում կկարողանանք հասնել որոշակի վերջնակետի, որ մենք չկարողանանք այլևս հանդիպել նմանատիպ խնդիրների։ Ես այդպես եմ պատկերացնում:

- Ըստ Relection նախագծի ձևաչափի յուրաքանչյուր նախորդ զրուցակից հնարավորություն ունի հարց ուղղել հաջորդ բանախոսին: Մեր նախորդ զրուցակցի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցը հետևյալն է՝

«Ի՞նչպես եք տեսնում համամասնական, մեծամասնական ընտրակարգերի փոփոխությունները։ Համամի՞տ եք լրիվ բաց համամասնական ընտրակարգին, թե նաև ներառվի մեծամասնական ընտրակարգը»:

- Կարծում եմ, որ փոփոխությունների անհրաժեշտություն կա։ Համամասնական ընտրակարգը, ըստ իս, արդյունավետ է, բայց մեծամասնականը որքանով է անհրաժեշտ: Այս մասով էլ կարծում եմ, որ շատ կարևոր է հանրության տեսակետը և թե ինչպես է մեր հասարակությունը տեսնում։ Մասնագետների հետ աշխատանքի արդյունքում պետք է հստակեցվի՝ մենք գնում ենք միայն համամասնական ընտրակարգով, թե դրա մեջ տեղ են գտնելու նաև մեծամասնական ընտրակարգի տարրեր:

Այս փուլում ես հստակ չեմ կարող ասել, թե որը կընդունվի որպես վերջնական մոդել, բայց կարող եմ ասել, որ ես միանշանակ կողմ եմ համամասնական ընտրակարգին: Կրկին այս փուլում, եթե գնանք բացարձակ համամասնական ընտրակարգով, ավելի ճիշտ կլինի:

Ռուստամ Բաքոյանի հարցը մեր հաջորդ բանախոսին՝

«Արդյո՞ք համաձայն են, որ պետք է բացարձակ համամասնական ընտրակարգը գործի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել