Զորամասի հրամանատարի խոսքով՝ մայոր Հայկազ Գրիգորյանի վաշտին նահանջի հրաման չի տրվել
20:53 - 21 նոյեմբերի, 2024

Զորամասի հրամանատարի խոսքով՝ մայոր Հայկազ Գրիգորյանի վաշտին նահանջի հրաման չի տրվել

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի գործով հերթական նիստը Հակակոռուպցիոն դատարանում երեկ տեւեց մոտ 6 ժամ․ հարցաքննվում էին այս գործով վերջին երկու վկաները՝ պատերազմի ժամանակ Ջրականի զորամասի 1-ին գումարտակի հրամանատարն ու զորամասի հրամանատարը։

Հակակոռուպցիոն դատարանում քննության առարկա են հոկտեմբերի 2-ին Ջրականի բնագծից Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտի նահանջի դեպքերը։ 

Ըստ վկայի՝ 13-րդ վաշտը երկրորդ բնագծում է եղել

Առաջինը հարցաքննվեց 1-ին հրաձգային գումարտակի հրամանատար, այժմ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արսեն Խաչատրյանը, որի ղեկավարած ստորաժաբանումները եղել են Հայկազ Գրիգորյանի ղեկավարած վաշտի զբաղեցրած բնագծի հարեւանությամբ։

Արսեն Խաչատրյանն ասաց, որ Հայկազ Գրիգորյանին ճանաչում է, նրա հետ ունեցել է ծառայողական, բարիդրացիական հարաբերություններ։ Ենթադրյալ նահանջի դեպքերից հետո նրա հետ առնչություն չի ունեցել։

Գումարտակի հրամանատարը պատմեց, որ 2020թ․ սեպտեմբերի 25-ից մարտական հերթապահության է ընդգրկվել։ Դիրքերում նրա աջ հարեւանը 2-րդ հրաձգային գումարտակն է եղել, ձախ հարեւանը՝ 1-ին պաշտպանական շրջանի 3-րդ հրաձգային գումարտակը։ Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվել է պատերազմը, տեղի է ունեցել զորքերի վերախմբավորում, ինչի արդյունքում աջ հարեւանը մնացել է 2-րդ հրաձգային գումարտակը, իսկ ձախ հարեւանությամբ տեղակայվել է 4-րդ գումարտակը։ Խաչատրյանի ղեկավարած գումարտակը պաշտպանությունը զբաղեցրել է բնակավայր Հորադիզի ավերակներից դեպի հյուսիս ուղղությամբ։ Իսկ 5-րդ ուսումնական գումարտակը վերախմբավորման ժամանակ 1-ին գումարտակից մի դիրք հետ է զբաղեցրել պաշտպանությունը։ Մի պահ, երբ առաջնագիծը խախտվել է, Հայկազ Գրիգորյանի 13-րդ վաշտը մոտ է եղել 1-ին գումարտակի ստորաբաժանումներին։ Ըստ վկա Արսեն Խաչատրյանի՝ 13-րդ վաշտի զբաղեցրած բնագիծը համարվում է երկրորդ էշելոն։

Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը վկային փոխանցեց քարտեզի մի հատված՝ խնդրելով դրա վրա նշել, թե որտեղ են տեղակայված եղել 1-ին գումարտակը, նրա աջ եւ ձախ հարեւանները, 1-ին գումարտակի հրամանատարական դիտակետը եւ այն հատվածը, որտեղ մարտական խնդիր է կատարել Հայկազ Գրիգորյանի ղեկավարած ստորաբաժանումը։ Վկան կատարեց ընդգծումներ՝ կողմերին բացատրելով իր նշումները։

Առաջին օրը, ըստ վկայի, հակառակորդը գրոհ է իրականացրել 1-ին եւ 2-րդ գումարտակների զբաղեցրած դիրքերի ուղղությամբ։ Այդ հարձակման հետեւանքով 130-136 մարտական դիրքերը հետ են քաշվել եւ զբաղեցրել 3-րդ խրամատը։ Հակառակորդին հաջողվել է տիրել մինչեւ վաշտի հրամանատարական դիտակետի բնագիծ՝ առաջխաղացման խորությունը մոտ 400 մետր, իսկ ձախ թեւից 139, 140, 141, 142, 144 մարտական դիրքերը։ 

Փոխգնդապետի խոսքով՝ երեկոյան հակառակորդը կանգնեցվել է, ինչից հետո հակագրոհների շնորհիվ դիրքերը որոշակիորեն վերականգնվել են, վերադարձվել է 5 մարտական դիրք, ինչպես նաեւ վաշտի հրամանատարական դիտակետը, մնացած դիրքերում, որոնք գտնվել են աջ կողմում՝ 2-րդ գումարտակի պաշտպանության հատվածում, ամրացել է հակառակորդը։ Վկան ասաց, որ 2-րդ գումարտակի վերջին դիրքը հարեւան է եղել իրենց գումարտակի 128 դիրքին, եւ այդ վերջին դիրքի ողջ մնացած անձնակազմը (վկան միայն վաշտի ավագին մտաբերեց) միացել է 1-ին գումարտակի 3-րդ հրաձգային վաշտին։

13-րդ վաշտի դասակի հրամանատարն ասել է, որ ուզում են հետ գնալ ու գիշերը լքել են դիրքը

Հանրային մեղադրողը հստակեցրեց՝ այսինքն՝ Հայկազ Գրիգորյանի վաշտի զբաղեցրած դիրքը այդ գրոհի արդյունքում առաջնագիծ չի դարձել․ վկան հաստատեց այս պնդումը՝ նշելով, որ նրանց զբաղեցրած բնագիծը առաջնագծից մոտ 3-4կմ հեռավորության վրա պետք է լիներ։ 1-ին գումարտակի հրամանատարն իմացել է, որ իրենց թիկունքում տեղակայված է 13-րդ վաշտի դասակ, այդ մասին նրան հաղորդել է զորամասի շտաբի պետը․ «Այսինքն՝ իրենց համար նախատեսված պաշտպանությունը որոշակի փոփոխության է ենթարկվել, մի դասակ տեղակայվել է իրենց նախկին դիրքից մի փոքր աջ-ձախ, բայց նույն տեղանքում։ Տվյալներ կային, որ հակառակորդին հաջողվել է մտնել Հորադիզի անտառ, դրա համար մի քիչ ձեւափոխություն էին արել»,- մանրամասնեց Խաչատրյանը։ Հանրային մեղադրողը ճշտեց․

- Այսինքն՝ խնդիրը եղել է պաշտպանություն իրականացնել հնարավոր հարձակման պարագայում։

- Հա, անտառով Ֆիզուլի-Հորադիզ մայրուղին ա գնում, ասֆալտապատ ճանապարհ ա, հիմնականում էդ ճանապարհի ուղղության վրա են նշանակվել։ Էդտեղ ղեկավարն էղել ա դասակի հրամանատար լեյտենանտ [Գագիկ] Հարությունյանը։ Իր հետ եմ խոսել հեռախոսով։

- Ի՞նչ եք խոսել։

- Էն խոսակցությունը, որ չենք դիմանում, չենք կարում ստեղ մնանք, ես էլ ասել եմ՝ պիտի մինչեւ առավոտ մնաք, հասկանանք՝ ստորաժանումը փոխարինվի, ինքնագլուխ որոշում չկայացնեք։ 

- Ինչո՞ւ եք ասել ինքնագլուխ որոշում չկայացնես, ինչո՞վ էր դա պայմանավորված։

- Խոսակցությունն են տեքստով էր, որ չենք դիմանում, ուզում ենք հետ էթանք, մեր դիրքը փոխենք, տեղը լավ չի, հարմար չի․․․։ Ասեցի, որ պիտի ճշտենք, եթե կարիք կա այլ ստորաբաժանման․․․։

- Ումի՞ց պիտի ճշտեիք։

- Զորամասի ղեկավարությունից, որովհետեւ ինձ ենթակա ստորաբաժանում չեն։ Դրա համար ասել եմ՝ պիտի ճշտենք, բացի էդ՝ էդ կարեւոր ուղություն ա, եթե դուրս գաք, կարող ա շրջանցեն, մտնեն գումարտակի թիկունք, արդեն իմ համար մեծ խնդիր կստեղծվի։

- Սպասեցի՞ն, ձեր հոդրորները լսեցի՞ն։

- Չէ,- պատասխանեց վկան։

Նա լուսադեմին է իմացել, որ դասակը գիշերը լքել է մարտական դիրքը։ Խաչատրյանը ստիպված է եղել իր ղեկավարած ստորաբաժանումից մի ջոկ առանձնացնել՝ 5-հոգանոց անձնակազմով, եւ տեղակայել լքված բնագծում։ Վկայի խոսքով՝ խնդրի մասին վերադաս հրամանատարությանը տեղեկացրել է, հաջորդ օրերին փոխարինող ստորաբաժանումներ են ուղարկվել այդ տեղանք։ 1 վաշտի չափով համալրումը եղել է մոբից եւ երկրապահներից։ Հարցին՝ ինչու է 5-րդ գումարտակի 13-րդ վաշտի դասակի հրամանատարը զանգել իրեն՝ 1-ին գումարտակի հրամանատարին, այլ ոչ թե իր վերադասին, վկա Խաչատրյանն ասաց, որ Հարությունյանը նախկինում ծառայել է իր ենթակայության ներքո, եւ, հավանաբար, դա է պատճառը։

Վկան հերքում է դասակի հրամանատարի պնդումը, թե իրենց դիրքին հակառակորդի 100 տեխնիկա է մոտեցել

Ինչն է եղել վաշտի՝ դիրքը թողնելու որոշման պատճառը․ սա երեկվա նիստում ամենաշատ հնչած հարցն է։ Գագիկ Հարությունյանն իր հարցաքննության ժամանակ ասել է, որ իրենց դիրքի ուղղությամբ հակառակորդի մեծաքանակ՝ մոտ 100 զրահատեխնիկա է մոտեցել, ինչպես նաեւ բազմաթիվ մարդուժ։ Այս պնդումը, սակայն, հերքեց ինչպես 1-ին գումարտակի հրամանատարը, այնպես էլ հետագայում զորամասի հրամանատարը։ Փոխգնդապետ Խաչատրյանը պատմեց, որ Գագիկ Հարությունյանի հետ հեռախոսազրույցից ենթադրել է, որ վերջինս խուճապային վիճակում է, դրա համար կապ է հաստատել Հարությունյանի հարեւանությամբ տեղակայված իր ստորաբաժանումների ղեկավարների հետ եւ նրանցից ճշտել՝ Հարությունյանի զբաղեցրած դիրքի ուղղությամբ հակառակորդի տեխնիկայի շարժ կամ գրոհ նկատվո՞ւմ է։ Իր ենթակաները ասել են, որ որեւէ շարժ չկա, եւ, բացի դրանից, եթե հարձակում էլ լիներ, առաջին դիմավորողը լինելու էին 1-ին գումարտակի ստորաբաժանումները։ 

- Դիցուք, եթե 20 զինտեխնիկա մոտենար, իրենք միայնա՞կ էին պաշտանվելու էդ տեխնիկայից կամ հարձակումից,- հարցրեց հանրային մեղադրողը։

- Չէ, ամեն բլուրի վրա անձնակազմ եղել ա, մոտ չորս բլրի վրա, իրանցից առաջ վաշտ ա եղել, ճիշտ ա՝ ձախ կողմի վրա են բլուրները, բայց սաղի վրա անձնակազմ եղել ա, մինչեւ իրանց հասնեը ստորաբաժանումներ եղել են, իրանք նենց չի, որ գտնվել են առաջին խրամատում, բայց աջ կողմի մասին չեմ կարող ասել, չեմ տիրապետում։

- Ի՞նչ անձնակազմով ա հակառակորդը գրավել ձեր հրամանատարական կետը։

- Եղել ա երեք հատ տանկ, հետեւակը՝ 100 հոգուց ոչ ավելի։ 

- Եղե՞լ է դեպք, որ Ձեզ էս վաշտից զեկուցեն, ասեն՝ հարձակում կա, հրետանային խոցում է պետք, Դուք ձեռնպահ մանք։

- Ես չեմ հիշում, որ օգնություն ուզեն, արած չլինենք։ 

Ըստ վկայի՝ դասակի լքած մարտական դիրքը համընկնում է հակառակորդի գրոհի ուղղության հետ

Խաչատրյանի խոսքով՝ իր ենթակա 5-հոգանոց ջոկը վաշտի թողած բնագծում մնացել է մեկ-երկու օր, հետո հակառակորդը հարձակում է իրականացրել եւ հաջողել է որոշ բլուրներ գրավել, հետո դրանք հակագրոհով նորից վերադարձվել են։ Հակառակորդի հարձակումը, ըստ վկայի, միայն մի կոնկրետ ուղղությամբ չի եղել, սակայն այն հատվածը, որը լքել էր դասակը, համընկնում է հարձակման ուղղության հետ։ Հակառակորդի մոտենալու ժամանակ 1-ին գումարտակը համալրում չի կարողացել իրականացնել, քանի որ պատերազմի 1-ին օրվանից զոհեր ու վիրավորներ է տվել։ 

- Ըստ Ձեզ՝ 1 վաշտի բացակայությունն էդ հատվածից որեւէ ձեւ նպատատե՞լ է հակառակորդի կողմից մարտական դիրքեր գրավելուն,- հարցրեց հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։

- Միանշանակ է, որ պաշտպանությունն ինչքան խիտ լինի, հակառակրոդին կանգնեցնելն էդքան հեշտ կստացվի։ Եթե ստորաբաժանումը դիրքը թողնի, դուրս գա, հակառակորդին կորուստ չպատճառի, հակառակորդի համար ավելի հեշտ կլինի,- պատասխանեց վկան։

- Ընդունենք՝ նահանջի անհրաժեշտություն եղել է։ Ո՞նց է կատարվում նահանջն ըստ մարտական կանոնադրությունների, արդյոք վերադաս հրամանատարների թույլտվությունը անհրաժե՞շտ է։

- Իմ ուղղության վրա ոչ թե նահանջի խնդիր է եղել, այլ զորաշարժային պաշտպանության։ Եթե խորքում ունենք ամուր պաշտպանություն, առաջնագծին ավելի մոտիկ գտնվող ստորաբաժանումները էլ չեն կարողանում խնդիրը կատարել, դիմակայել հակառակորդին։ Վերադաս հրամանատարն իրավասու է նահանջի ցուցում տալու՝ դիրքերն ավելի բարենսպաստ դարձնելու, հակառակորդին մոլորեցնելու, կրակային պարկի մեջ գցելու, խոցելու համար։ Դա մարտավարության մեջ թույլատրելի է, բայց դա լինում է կազմակերպված, ղեկավարվելով, այսինքն՝ ինքնուրույն չի լինում։ Այսինքն՝ նահանջը զորաշարժի տեսակ է, որ կատարում են՝ զորքերն ավելի նպաստավոր բնագիծ դուրս բերելու համար։

Վկա Խաչատրյանն ասաց, որ նահանջի համար պարտադիր է վերադաս հրամանատարի ցուցումը։ Ինչպես նաեւ վերադաս հրամանատարները պետք է մշտապես իմանան ենթակա ստորաբաժանումների գտնվելու տեղը, սահմանեն հաջորդ բնագիծը, նահանջի ուղղությունը եւ այլն։

Հանրային մեղադրողը վկային ասաց, որ 13-րդ վաշտը բնագիծը թողնելուց հետո հայտնվել է 9կմ կոչվող տեղանքում, ապա հարցրեց՝ դա կարո՞ղ էր հանդիսանալ այն բնագիծը, որը նահանջի արդյունքում հաջորդիվ կարելի էր զբաղեցնել։ Վկա Խաչատրյանը պատասխանեց, որ 9կմ կոչվող հատվածը Հորադիզի բնագծից հենց մոտ այդքան էլ հեռու է, եւ դա, ընդհանրապես, նահանջի համար շատ մեծ հեռավորություն է։

- Ունենք իրավիճակ, որ Հայկազ Գրիգորյանի ղեկավարած վաշտը, որի ենթակայության տակ եղել է Գագիկ Հարությունյանը դասակով, առանց վերադասի հրամանի դուրս է եկել մարտական դիրքից։ 5-րդ գումարտակի հրամանատար Գարիկ Վարդերեսյանը ցուցմունք տալիս նույնիսկ ասել է՝ հազիվ գտանք, հավաքեցինք իրար գլուխ, որովհետեւ վաշտի մի մասը 9կմ տեղանքում է եղել, մյուս մասը՝ Արալեռի ուղղությամբ։ Սա նահանջ կբնութագրե՞ք, որպես զինվորական՝ այս փաստական տվյալները նահանջ կորակե՞ք,- հարցրեց Գեւորգ Ավետիսյանը։

- Տեղանքը պատկերացնելով՝ Հորադիզից երկու ճանապարհ կա, մեկը՝ 9կմ տեղանք, մյուսը՝ Դաշքեսան։ Ինձ թվում ա՝ դրանք օգտագործելով են գնացել։ Բայց նահանջ, իմ կարծիքով, երեւի չէ,- պատասխանեց վկան։

2 ամսվա ծառայողներն ամուր պաշտպանություն կարո՞ղ էին ապահովել

Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը վկա Խաչատրյանից հետաքրքրվեց՝ հակառակորդը ո՞ր կողմից է գրավել իրենց հրամանատարական կետը։ Վկան պատասխանեց՝ Հորադիզի կողմից, այսինքն՝ աջ կողմից (աջ կողմում է եղել 13-րդ վաշտի դասակը,-հեղ․)։ 

- Հայկազ Գրիգորյանի ստորաբաժանումը ձեր հրամանատարական դիտակետի ո՞ր կողմում է գտնվել։

- Աջ կողմից։

- Եթե 13-րդ վաշտը չնահաջներ, կարո՞ղ եք պնդել, որ ձեր հրամանատարական դիտակետը չէր գրավի։

- 50/50։

- Պատերազմի օրերին երբեւէ նահանջի հրաման ստացե՞լ եք։

- Ոչ։

- Տեղյակ եղե՞լ եք, որ ձեր ստորաբաժանմանը նահանջի հրաման տալու մասին որոշում է կայացվել հոկտեմբերի 3-ին։

- Չէ։

- Ձեր ստորաբաժանումը նահանջե՞լ է ընդհանարպես, թե՞ ոչ։

- Այո։

- Ե՞րբ։

- Առաջին օրն էլ ա եղել, երկրորդն էլ, երրորդն էլ։ Դրանից հետո առաջ էլ ենք գնացել։

- Իսկ էդ իրավիճակում ձեր նահանջի ժամանակ երբեւէ ձեր զբաղեցրած առաջնագծի կառուցվածքը փոխվե՞լ է, թե՞ ոչ։

- Առաջնագիծը փոխվում ա, դիրքերի տեղափոխություն ա տեղի ունենում, ես նշեցի, որ առաջին օրը հակառակորդին հաջողվել ա դիրքերի մեծ մասին տիրել, բայց միաժամանակ նույն օրը հակագրոհով հետ ենք գրավել մեր դիրքերի մեծ մասը, մի քանի դիրք հետ գրավելու համար մեր ուժերը չեն հերիքել, որովհետեւ շատ կորուստներ ենք ունեցել։

Պաշտպան Նորիկյանը վկայից հետաքրքրվեց՝ արդյոք իրենց զբաղեցրած դիրքը հնարավորություն տալի՞ս էր հակառակորդի ամբողջ զորաշաժը դիտարկելու համար։ Վկան պատասխանեց, որ մեռյալ գոտիներ առկա եղել են, օրինակ եթե հակառակորդը մտներ անտառ եւ քողարկվեր, գուցե նրանց չնկատեին։ Պատասխանելով պաշտպանի հարցին՝ վկան ասաց, որ ինքը տեղյակ չի եղել, թե 5-րդ գումարտակի առաջ ինչ մարտական խնդիր է դրված եղել, միայն ասաց, որ նրանք պետք է իրականացնեին պաշտպանություն։ Նա շեշտեց, որ եթե վաշտը իրենց աջ կողմի բնակավայր Հորադիզի արեւմտյան մասում անցներ պաշտպանության, ընդհանուր պաշտպանությունն ավելի ամուր կլիներ։

Նորիկյանը փոխգնդապետից հետաքրքրվեց՝ իսկ 2 ամսվա նորակոչիկները կարո՞ղ էին ապահովել ամուր պաշտպանություն, լուծել խնդիրներ։ Վկան պատասխանեց, որ հին զինծառայողների հետ համեմատած, նրանք, իհարկե, այդքան փորձառու չեն եղել, սակայն եթե զորամասը մարտական գործողությունների կողքին էր, ապա ստորաբաժանումները համալրման համար պետք է սպասեին Երեւանի՞ց եկող ուժերին։ Նա նշեց, որ 5-րդ գումարտակը, այո, պետք է կիրառվեր եւ ունակ էր որոշակի խնդիրներ լուծելու, հենակետ, շրջան, տարածք պաշտպանելու։

Վերադառնալով 1-ին գումարտակի նահանջի դրվագներին՝ պաշտպան Նորիկ Նորիկյանը հարցրեց՝ ո՞ւմ հրամանով է իրականացվել նահանջի գործողությունը։ Վկան մանրամասնեց, որ իրենց նահանջը հարկադրված է եղել, երբ չեն կարողացել կանգնեցնել հակառակորդին եւ մոտ 400 մոտր հետ են քաշվելով՝ դեպի հաջորդ խրամատ։ Նա ասաց, որ որոշումն ինքն է կայացրել եւ տեղեկացրել զորամասի հրամանատարությանը։ 

Ըստ վկայի՝ 13-րդ վաշտի զբաղեցրած դիրքը ռազմավարական նշանակություն ուներ

Դատավոր Վարդգես Ստեփանյանը վկայից հետաքրքրվեց՝ թշնամին գիտե՞ր, թե 25-30 կմ երկայնքով պաշտպանական շրջանի որ դիրքում ինչ պատրաստվածության զինծառայողներ են գտնվում։ Ըստ Խաչատրյանի՝ հարձակման պատրասվելիս հակառակորդը, տրամաբանորեն, հետախուզության միջոցով որոշակի տվյալներ ստացած կլիներ․

- Օրինակ՝ եթե դուք պլանավորեիք հարձակում, դուք էդ տեղեկությունն ունենալո՞ւ էիք։

- Հնարավորինս փորձելու էինք ունենալ, էդ պարագայում գնահատում են թույլ եւ ուժեղ կողմերը, ստորաբաժանումների պատրաստվածությունը։ 

- Ձեր գնահատմամբ, հաշվի առնելով թշնամու հարձակման ուղղությունները, ավելի հավանական է, որ իրենք իմացե՞լ են, թե՞ չեն իմացել։

- Իրենք հետախուզել են, հետախուզությունը հավանական գործողությունների բնույթը հիմնականում ճիշտ ա գնահատում։ Հակառակորդը հենց էդ մարտավարությամբ էլ կիրառել ա իր հարձակումը, իմ կարծիքով՝ հետախուզած կլինեն։

- Այսինքն՝ Հայկազ Գրիգորյանի ստորաբաժանման նահանջից հետո էդ ուղղությամբ հարձակում եղել ա։

- Գործողությունները հիմանականում էդ տարածքում են տեղի ունեցել, իրանից դեպի աջ, դեպի Արաքս գետ, հիմնականում աջ կողմում։

- Ըստ ձեզ՝ հակառակորդը տեղեկություն ունեցե՞լ է, որ էդ դիրքից նահանջ ա կատարվել։

- Հակառակորդը պատերազմի ընթացքում դիտարկում ա արել, տեսել ա՝ որտեղ ինչ ա, բլուր-բլուր գրավելով եկել ա։ Տեղեր կա, որ տեսել ա մեր գործողությունները, դրան համարժեք գործողություններ ա իրականացրել։ Իրենք վիզուալ դիտարկում են, պետք չի այլ աղբյուրներից լրահետախուզում։

- Ասացիք, որ այդ ուղղությամբ ստորաբաժանում եք ուղարկել։ Ի՞նչ քանակությամբ անձնակազմ է դիմակայել հակառակորդի հարձակմանը։

- Խրամատները մի քիչ իրար առաջ ա ընկնում, ոչ թե կողք-կողքի ա, որ համեմատեմ, ասեմ՝ էս ուղղությամբ եկել ա 100 հոգի, մենք եղել ենք 50 հոգի։ Ամեն բլրի վրա եղել են դասակի, ջոկի կազմով։ Հակառակորդը մոտ 100 հոգով է եղել։

- Իսկ Հայկազ Գրիգորյանի դիրք ուղարկած անձնակազմն ինքա՞ն է եղել։

- Մի ջոկ եմ ուղարկել, ընդամենը 5 հոգի։

- Նրանք նորակոչիկնե՞ր էին։

- Հին ծառայողներ։

- Իսկ էդ 5 հոգին դիմակայելու մեծ շանսեր ունեի՞ն։

- Շանսեր կային։

Թե ինչ կորուստներ է ունեցել հայկական կողմը այդ հատվածի մարտերում, վկան ասաց, որ տեխնիկայի կորուստ չեն ունեցել, իսկ անձնակազմից միայն վիրավորներ։ Հակագրոհի ժամանակ 1-ին գումարտակի անձնակազմը եղել է մոտ 180 հոգի, սակայն նրանց օգնության են եկել նաեւ այլ ուժեր։ Այդ ուղղությամբ հակագրոհն իրականացվել է վերադասի հրամանով։ Դատավորը հետաքրքրվեց՝ եթե Հայկազ Գրիգորյանը մնար այդ հատվածում, եւ հակառակորդը հարձակվեր այդ ուղղությամբ, նրա ստորաբաժանմանը օգնություն կգնա՞ր։ Վկան պատասխանեց, որ պատերազմի առաջին օրերին մոբով համալրում դեռ իրականացվում էր, ուստի ամենայն հավանականությամբ նրանց վաշտը եւս կհամալրվեր։ Խաչատրյանն ասաց, որ ինքը հենց այդ նպատակով էլ Գագիկ Հարությունյանին խնդրել է գիշերը չլքել դիրքը։

- Գագիկ Հարությունյանը ձեզ զանգել էր ի՞ր անունից, թե՞ Հայկազ Գրիգորյանի։

- Իր հետ եմ խոսել, բայց կոնրետ չեմ հիշում՝ ում անունից էր զանգել։

- Հարցրի՞ք իրեն, թե վաշտի հրամանատարն ինչ դիրքորոշում ունի։

- Չեմ հիշում։

- Հայկազ Գրիգորյանի զբաղեցրած դիրքը ռազմավարական ի՞նչ նշանակություն ուներ։

- Գագիկ Հարությունյանի դասակը նման էր որպես դարանի, որ խոցի հիմնական եկող ուժերին։ Մնացած ստորաբաժանումները հիմնականում եղել են իշխող բարձունքների վրա։ Կարեւոր նշանակություն ուներ,- ասաց վկան՝ նշելով, որ այդ բարձունքները հիմնականում լավ կահավորված էին, բայց Գագիկ Հարությունյանի զբաղեցրած դիրքինը՝ ոչ այնքան։ 

Դատավորը հետաքրքրվեց՝ եթե նահանջի կարիք կա, սակայն հնարավոր չէ կապ հաստատել վերադասության հետ, հրամանատարը կարո՞ղ է ինքնուրույն նման որոշում կայացնել։ Վկան ասաց, որ եթե հարկադիր նահանջ է, կարող է որոշում կայացնել, սակայն անհապաղ պետք է տեղեկացնել նահանջի մասին։ Բայց արդյոք Հայկազ Գրիգորյանի վաշտի նահանջը հարկադի՞ր է եղել, վկան կարծիք հայտնեց, որ այդ մարտական դիրքից հարկադրված տեղաշարժի կարիք չի եղել։ Իսկ հարկադրված նահանջի դեպքում Հայկազ Գրիգորյանի վաշտը մինչեւ ո՞ւր պետք է հետ քաշվեր․ վկան պատասխանեց՝ նման պայմաններում ընտրվում է բարենպաստ բնագիծ եւ նահանջ է կատարվում մինչեւ այդտեղ՝ փոխգործակցելով հարեւան դիրքերի անձնակազմերի հետ։

Ջրականի զորամասի հրամանատարի հարցաքննությունը

Հաջորդիվ հարցաքննվեց 44-օրա պատերազմի ժամանակ Ջրականի զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Արտյոմ Պողոսյանը, որն այժմ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարն է։ Արտյոմ Պողոսյանը եւս ասաց, որ ճանաչում է Հայկազ Գրիգորյանին, նրա հետ ունեցել է ծառայողական հարաբերություններ։ Նրա գնահատմամբ՝ Գրիգորյանը նորմալ է կազմակերպել ծառայությունը 5-րդ գումարտակում, նույնիսկ նշեց, որ ուսումնական գումարտակների հրամանատարներ էին նշանակվում շատ լավ սպաներ։

Սկսելով պատերազմի առաջին օրվանից՝ Պողոսյանը պատմեց, որ սեպտեմբերի 27-ին հակառակորդի թռչող սարքերը միաժամանակ խոցել են հրամանատարական կետը, զորամասի ՀՀՍ պահեստը, իր շտաբի հարակից մասը, ՀՕՊ ստորաբաժանման կրակային մարտական դիրքերը։ Պողոսյանն ասաց, որ իր հրամանով զորամասն անմիջապես բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Զորամասի հրամանատարը նշեց, որ 13-րդ վաշտն ընդգրկվել է 5-րդ գումարտակի կազմի մեջ, եւ, ըստ պաշտպանության հանկարծակի անցման պլանի՝ 5-րդ գումարտակը պետք է զբաղեցներ 2-րդ դիրք։ Նա նշեց, որ անձնակազմը իր պաշտպանության շրջանը զբաղեցրել է առանց մեկ կորուստի։ Զորամասի հրամանատարը նշեց, որ մարտական գործողությունները շատ ինտենսիվ են եղել, հակառակորդի ծավալը՝ շատ մեծ՝ 1-15 հարաբերակցությամբ․ «Ընդհանուր 140 զրահատեխնիկա է ծավալվել 3-րդ եւ 2-րդ գումարտակի առջեւ, որից 80-ը խոցված է»,- նշեց վկան՝ հավելելով, որ մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին հաջողվել է աջ թեւում տիրել որոշակի դիրքեր եւ մխրճվել պաշտպանության շրջան մինչեւ 1,5կմ․ «Մինչեւ ամսի 3-ը 16 մարտական դիրք հետ ենք վերցրել հակագրոհներ իրականացնելով։ Ամսի 3-ին դիվիզիայի հրամանատարի կողմից ստացել եմ խնդիր՝ 2-րդ եւ 3-րդ գումարտակների հետ նահանջել եւ նոր բնագիծ զբաղեցնել Արալեռ բնակավայրի մոտակայքում՝ որպես պաշտպանության բանակի երկրորդ բնագիծ։ Շատ դժվար ենք անցկացրել, Արաքսի թեւից մինչեւ Հորադիզ բնակավայրի հատվածում դուրս են բերվել»։

Հայկազ Գրիգորյանի ղեկավարած ստորաբաժանումը մարտական դիրքից դուրս է եկել մինչեւ զորամասի հրամանատարի՝ նահանջի հրաման ստանալը։ Վկա Պողոսյանն ասաց, շտաբի պետից է տեղեկացել վաշտի՝ տեղում չլինելու մասին եւ փորձել է հնարավորինս արագ լուծել խնդիրը՝ նոր ստորաբաժանում տեղակայել այդ հատվածում․ «Հասկանալով, որ խնդիրն արդեն ստեղծվել ա, ուր հարցը դարձել էր երկրորդական»,- նշեց նա։ 

13-րդ վաշտի՝ մարտական դիրքից դուրս գալուց հետո զորամասի հրամանատարը միջտարածությունը փակելու խնդիր է տվել 

Այդ ժամանակ զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանը եղել է ավելի աջ՝ Արաքսի թեւում, քանի որ այդտեղ 3-րդ գումարտակի մոտ խնդիրն ավելի բարդ է եղել․ «Իմ ներկայության կարիքն այդտեղ եղել է, ուստի գումարտակի հետ մնացել ենք այդ տեղում։ Երբ ինձ զեկուցում են, որ վաշտը մարտի ժամանակ տեղում չէ, պրոբլեմը հասկանում եմ, անմիջապես գումարտակի հրամանատարին (Գարիկ Վարդերեսյանին) խնդիր եմ տվել անմիջապես փակել Նյուզգյարից դեպի ձախ միջտարածությունը պահեստազորի անձնակազմով, որ ստեղծեին կրակի համակարգ։ Գումարտակի հրամանատարն ինձ զեկուցում ա, որ էդ խնդիրը կատարել են։ Ես Արաքսի ափից գալիս եմ իմ դիտակետ, դա ամսի երկուսի երեկոն ա»։

Հաջորդ օրը զորամասի հրամանատարը դիվիզիայի հրամանատարից ստանում է նահանջի հրաման, եւ այդ ընթացքում էլ 5-րդ գումարտակի հրամանատարից տեղեկանում, որ 13-րդ վաշտին ինչ-որ տեղ հանդիպել են․ «Փառք Աստծո, Հայկազը ողջ ա, հետո կասի՝ որտեղ են հանդիպում։ Էդ պահին ինձ համար կարեւորն էն էր, որ վաշտը հայտնաբերվել ա, որպես այդպիսին կա, խնդիրն էլ կատարված ա՝ տվյալ հատվածում անձնակազմ կա։ Իսկ բարոյահոգեբանական գծով տեղակալին խնդիր եմ տվել՝ հասկանալ պատճառները, բայց հիմա չեմ կարող դրանց մասին ասել, որովհետեւ նահանջը շատ ծանր պայմաններում ենք իրականացրել, տարբեր միջոցներ ու ավիացիա էր կիրառվում (նկատի ունի, որ այդ ընթացքում ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել տեղակալին տրված խնդրի զեկույց ընդունելու)»։ 

Զորամասի հրամանարը նշեց, որ կարեւոր էր, որ վաշտը մնա բնագծում եւ չցրվի, հակառակ դեպքում կարող է՝ անվերադարձ կորուստներ ունենային։ Վկա Պողոսյանն ասաց, որ, որքանով տեղյակ է, 13-րդ վաշտը հոկտեմբերի 5-ից հետո տարբեր հատվածներում մասնակցել է մարտական գործողությունների։ Նրա համար զարմանալի է մնում, թե ինչպես կարող էր Հայկազ Գրիգորյանի ստորաբաժանումը, որը մինչեւ հոկտեմբերի 2-ը որեւէ խնդիր չի առաջացրել, 5-ից հետո էլ անձնակազմով գործողությունների է մասնակցել, ինքնակամ նահանջի դիմել։ Հատկապես այն պայմաններում, երբ այդ ուղղությամբ հարձակման մասին հայտնի չի եղել։

Նորակոչիկներին մարտական գործողությունների ներգրավելու արգելք չի եղել

Նորակոչիկներին ինչո՞ւ տարաք մսաղաց դարձնելու․ այս ամենահաճախ հնչող հարցին զորամասի հրամանատարն այսպես պատասխանեց․ ամենաապահով տեղը եղել է խրամատը, արկակոծվել է ամեն ինչը, չի եղել մի բան, որը հակառակորդը չի իմացել, եւ արդյունքը՝ գումարտակի 410-հոգանոց անձնակազմը հոկտեմբերի 4-ի դրությամբ ունեցել է 12 զոհ, որոնցից մեկը՝ գումարտակի հրամանատարը, 1 սպա, 4 զինծառայող զոհվել են իրենց խրամատում՝ ռեակտիվ հրետանու դիպուկ կրակից, եւ 4 հոգի՝ մարտական գործողությունների ընթացքում․ «Այսինքն՝ խրամատն ամենաապահով տեղն ա եղել, մսաղաց բառը տեղին չէ»։

Զորամասի հրամանատարը նշեց, որ նորկաոչիկներին մարտական գործողությունների ներգրավելու որեւէ արգելք չի եղել։ Միայն կանոնագիրքը պահանջում է, որ երդում չտված զինծառայողները չընդգրկվեն մարտական գործողությունների եւ չնշանակվեն հաստիքների, իսկ երդում չտալու պատճառը կարող է եղած լինել այն, որ զինծառայողը ինչ-որ պատճառով չի կարողացել մասնակցել երդման արարողակարգին, բայց հետո նրանց համար առանձին հանվել է մարտական դրոշը, կազմակերպվել է երդման արարողությունը։ Վկան չմտաբերեց՝ 13-րդ վաշտում երդում չտված զինծառայողներ եղել են, թե ոչ, բայց, ըստ ենթադրության, պետք է որ բոլորը երդված լինեին, քանի որ երկուսուկես ամիս անցել էր զորակոչից։

Արտյոմ Պողոսյանը նկատեց նաեւ, որ նորակոչիկների գումարտակը հակառակորդի բավականին շատ տեխնիկա է խոցել․ «Պատկերացրեց՝ ութ օր կռվել են, այսինքն՝ նրանց անունը դնել թույլիկ կամ այլ բան, մի քիչ չեմ ընդունում, որովհետեւ հերոսներ են կռվել, Մարտական խաչի 1-ին աստիճանի մարդիկ կան նրանց մեջ»։ 

Պատասխանելով հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ վկան նշեց, որ 5-րդ գումարտակը մինչեւ հոկտեմբերի 12-ը կորուստներ չի ունեցել․ «Ես խնդիրը դրել եմ, իրենք կատարել են, խրամատներում կռվել են»։

- Ի՞նչ խնդիր ուներ Հայկազ Գրիգորյանի ղեկավարած ստորաբաժանումը,- հարցրեց հանրային մեղադրողը։

- Երկրորդ շարակազմում գումարտակի աջ մասում անցնել պաշտպանության եւ հակառակորդի մխրճվելու դեպքում ստեղծված բարենպաստ պայմանների առկայության պարագայում անցկացնել հակագրոհ եւ վերականգնել առաջնագիծը։

- Այսինքն՝ բացի պաշտպանությունից նաեւ հակագրող։

- Բարենպաստ պայմաններում հակառակորդին հասցնելով կորուստներ՝ գումարտակը պետք է իրականացնի հակագրոհ։

- Մարտական կանոնադրությունն ասում է, որ նահանջը պետք է լինի վերադաս հրամանատարի թույլտվությամբ։ Ո՞րն է դրա տրամաբանությունը։

- Ամենակարեւորը՝ պետք է տարբերենք նահանջը եւ խուսավարումները։ Խուսավարումը կարող է լինել 1-ին խրամատից 2-րդ խրամատ, 2-րդից 1-ին․ եւ այլն, որը գումարտակի հրամանատարը պարտավոր է անել։ Ինչ վերաբերում ա նահանջին, ես ինքս նահանջ հրաման չեմ տվել, նահանջ հրամանը ստացել եմ դիվիզիայի հրամանատարից, որը ճշտել ա բանակի հրամանատարի հետ։ Նահանջ հրամանը ստանալուց ստացել եմ հետագա բնագիծ՝ ինչ պետք ա զբաղեցնեմ, ուղղություն, որով պետք ա դուրս գամ, ապահովման տեսակներ եւ վերջնական խնդիր։

- 5-րդ գումարտակի մասով նահանջ հրաման տրվե՞լ է, ձեր կամ ձեր վերադաս հրամանատարության կողմից։

- Ոչ, մինչեւ ամսի 3-ը՝ ոչ։ Իրենք դիրքերում՝ առաջ-հետ, խուսավարման ընթացք, զորաշարժ։

- Մոտավորապես ի՞նչ շառավիղ դա կարող էր ընդգրկել։

- 300մ առաջ, մի 100մ հետ եւ այլն, բայց պաշտպանության շրջանից դուրս գալ, ես ինքս էլ իրավունք չունեմ։ 

- 9 կմ կոչվող հատվածը որտե՞ղ է։

- Եթե չեմ սխալվում՝ պաշտանության գոտուց դուրս ա, զորամասի գոտուց ա դուրս։

Երբ 13-րդ վաշտը լքել է մարտական դիրքը, խարխլվել է պաշտպանությունը

Պատասխանելով հարցին՝ երբ 13-րդ վաշտը մարտական դիրքից դուրս է եկել, արդյոք չի՞ խարխլվել պաշտպանությունը, զորամասի հրամանատարն ասաց՝ իհարկե խարխլվել է, եւ արդյունքում մեկ այլ անձնակազմ է տեղափոխվել այնտեղ՝ խնդիր առաջացնելով հրամանատարության համար։

Ի վերջո՝ Հայկազ Գրիգորյանի ղեկավարած ստորաբաժանումը նահա՞նջ է իրականացրել, թե՞ փախուստ։ Զորամասի հրամանատարի խոսքով՝ նահանջը մարտական կանոնադրությամբ թույլատրելի է, նահանջն ուրիշ բան է, փախուստն՝ ուրիշ․ «Եթե վաշտը մարտական գործողությունից դուրս ա եկել, ուրեմն փախուստ ա»։

Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է որոշվել, որ մյուս գումարտակները լինեն առանձին, իսկ 5-րդ գումարտակը ոչ միայն չլինի առաջին բնագծում, այլ նաեւ դիրքավորվի թիկունքում։ Պողոսյանը պատասխանեց, որ 5-րդ գումարտակի անձնակազմը թուլակազմ չի եղել, այլ բան է, իհարկե, պատրաստվածությունը․ «Բայց հստակ է, որ 2-րդ շարասյան գումարտակը բարենպաստ պայմաններում պետք է իրականացնի հակագրոհ։ Եթե բարենպաստ պայմանը ստեղծվեր, այո, ես այդ ստորաբաժանումը կիրառելու էի»,- նշեց զորամասի հրամանատարը։ Նա ասաց, որ բարենպաստ պայմաններ են համարվում, երբ հակառակորդը լիարժեք ճնշվել է, երբ կան առկա ուժեր եւ միջոցներ եւ հնարավորություն է ստեղծվել իրականացնել հակագրոհ։

Նա նշեց, որ 5-րդ գումարտակն այլեւս ուսումնական չէր համարվում, այլ կոչվում էր 5-րդ հրաձգային գումարտակ․ «Պատերազմից 6 ամիս առաջ բանակի հրամանատարի հրամանով գումարտակի կիրառման հրաման ա արձակվել, որի ժամանակ ուսումնական բառը դուրս ա եկել եւ դիտվել ա որպես 5-րդ հրաձգային գումարտակ»։

- Ուզում եք ասել, որ երկու ամսվա նորակոչիկի եւ 1,5 տարվա զինծառայողի առաջ դուք նույն մարտական խնդի՞րն եք դրել,- հարցեց պաշտպանը։

- Եթե պատերազմը սկսվեր հոկտեմբերի վերջ, զինվորը կլիներ 6 ամսվա ծառայող։ Երբ պլանը կազմվում ա, չի կազմվում ըստ զինծառայողի ծառայության անցնելու ժամկետի, պլանը հաստատվում ա ըստ մարտակարգի, կանոնագրքի։ 5-րդ հրաձգային գումարտակի անձնակազմը պետք ա կիրառվեր ըստ նշանակության՝ համապատասխան կանոնակարգի, որտեղ նշված չէ՝ զինծառայողը քանի ամսվա ծառայող պետք ա լինի։

- Նախորդ վկան ասում էր, որ իր ղեկավարած ստորաբաժանումը՝ 1-ին գումարտակը, ավելի շատ էր զենքով համալրված, քան 5-րդ գումարտակը, ինչո՞վ էր դա պայմանավորված։

- Մարտակարգի բոլոր էլեմենտներով իրենք էլ են համալրված եղել։ Ես, որպես գնդի հրամանատար, [ասում եմ]՝ էնտեղ զինծառայող չի եղել, որ զենք չունենա։ Եթե ՊԿ-իստ ա, ՊԿ-ով համալրված ա եղել․․․

- Խոսքը համալրվածության մակարդակի մասին է։

- Գումարտակներն ունեցել են նույն կառուցվածքը։ Դեռ 5-րդ գումարտակից են վերցնում անձնակազմ, բաշխում այլ գումարատկների, հետո համալրում, բայց ինքը մնում ա առանձին գումարտակ։ Ուղղակի էդ խնդիրը մենք չենք կարողացել կատարել (նկատի ունի՝ բաշխման գործընթացը), որովհետեւ որտեղ անձնակազմ էր կուտակվում, հրետանու կրակ էր լինում։ 5-րդ հրաձգային գումարտակի անձնակազմը նույնիսկ ավելի շատ ա եղել՝ 410 հոգի, 1-ին գումարտակը՝ 220 հոգի, ու զինատեսակների մասով էլ նույն համալրվածությունն են ունեցել, 5-րդ գումարտակում երեւի ավելի շատ՝ պայմանավորված անձնակազմով։

Նորիկ Նորիկյանը վկային հարցրեց՝ ճի՞շտ է հասկանում, որ դիվիզիայի հրամանատարի կողմից նահանջի հրամանը տրվել է իր իսկ զեկույցների հիման վրա։ Վկան հաստատեց՝ հավելելով, որ դիվիզիայի հրամանատարը այլ տեղերից էլ է ստանում տեղեկություններ։ Պողոսյանը մանրամասնեց, որ երբ 2-րդ եւ 3-րդ գումարտակները դուրս են եկել նախնական բնագծերից, 5-րդ գումարտակի մնացած ստորաբաժանումներն էլ փոխել են իրենց տեղադիրքը, ինչը նշանակում է, որ եթե Հայկազ Գրիգորյանի ստորաբաժանումը մարտական դիրքում լիներ, մյուս գումարտակների նահանջի ժամանակ միայնակ չէր մնալու նույն դիրքում։

Հայկազ Գրիգորյանին նահանջի հրաման չի տրվել

Զորամասի հրամանատարը մանրամասնեց, որ մարտական գործողությունների ընթացքում ինքը պարբերաբար զեկուցել է իր կրած կորուստների եւ հակառակորդի կողմից ուժեր ավելացնելու վերաբերյալ, ապա խնդրել է ներդաշնակված ուժեր, որոնք միանան իր անձնակազմին՝ շարունակելու մարտական գործողությունները։ Նրա գնահատմամբ՝ դիվիզիան հավանաբար չի ունեցել ուժեր, դրա համար խնդիր է դրել նահանջելու եւ այլ բնագիծ զբաղեցնելու․ «Որովհետեւ եթե ես մեկ օր էլ մնայի էդտեղ, իմ գլխավորությամբ 2 գումարտակ զոհվելու էր էդ խրամատների մեջ։ Եթե դիվիզիայի հրամանատարն էդ ժամանակ չտար էդ խնդիրը, մնալու էի, իրանք էլ մնալու էին՝ ինձ նայելով, եւ էդ երկու գումարտակը զոհվելու էր։ Խնդիրը ստացել եմ՝ նահանջ, անձնակազմին դուրս եմ բերել հակառակորդի կրակի ազդեցությունից»։

- Նույն բանն էլ էս մարդն է ասում,- ասաց Նորիկ Նորիկյանը՝ նկատի ունենալով իր պաշտպանյալին։

- Բայց ոչ հրամանով, պարոն Նորիկյան։

- Նույն բանը էս մարդն է ասում, ասում է՝ եթե ես չնահանջեի, մնայի, զոհվելու էի։ Էդ ո՞նց ստացվեց, հիմա էս մարդը փախել ա, դուք հերոս եք։ Դուք ստացել եք դիվիզիայի հրամանատարից հրամանը, որ նահանջեք, ընդ որում՝ ազնվորեն ասում եք, որ ձեր հրամանի հիմքում դրված են եղել ձեր զեկույցները։ Շատ լավ, խոսքը վերադասից թույլտվության մասին է, հետեւաբար, ես ուզում եմ սկզբունքը հասկանալ, այսինքն՝ ըստ ձեզ՝ ավելի լավ էր դիվիզիայի հրամանատարը հրաման չտար, 2-րդ, 3-րդ գումարտակները մնային ըտեղ, զոհվեին, բայց նման հրաման չլինե՞ր։

- Ոչ, պարոն Նորիկյան, չէ, ես ասում եմ՝ եթե դիվիզիայի հրամանատարը նահանջի որոշում չկայացներ, խնդիրը դրված էր՝ կանգնել մինչեւ վերջ։

- Եթե Հայկազ Գրիգորյանը հրաման չտար նահանջի, դուրս չբերեր նորակոչիկներին էդ տարածքից, հավանականություն կա՞ր, որ իր անձնակազմը կզոհվեր։

- Եթե վաշտը մնում էր ըտեղ, մենք ամսի 3-ի լուսաբացին բոլորս իրար հետ կատարում էինք նահանջ։ Խնդիրը զեկուցել եմ, ստացել եմ խնդիրը, փոխանցել եմ ստորաբաժանմանը եւ սկսել եմ կատարել։ Ուղղակի հիմա ոնց որ փախուստն ու նահանջը բերել ենք․․․ ստեղծվել է Քրեական օրենսգիրքը՝ փախուստ մարտի դաշտից․․․ Եւ կանոնագրքում կա նահանջ հրաման։ Հիմա, այսինքն, որ բոլորը փախնեին․․․

- Հիմա նահանջը փախուստ է՞։

- Ոչ։

- Ըհը՜։

- ․․․ [նահանջը] ստացել եմ հրամանով, կատարել եմ հրամանով։ Բայց Գրիգորյան Հայկազը չի ստացել նման հրաման։

Վկաների հարցաքննության փուլն ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 9-ին։

 

Գլխավոր նկարում՝ Արտյոմ Պողոսյանը, լուսապատճենը՝ Հետք-ի տեսանյութից (Հակակոռուպցիոն դատարանը չի թույլատրել լուսանկարահանում իրականացնել նիստի ընթացքից՝ հիմք ընդունելով պաշտպանական կողմի առարկությունը)։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել