Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ բանակցային սեղանի շուրջ առնվազն Սահամադրության հետ կապված օրակարգը չեն քննարկել եւ չեն ներառել օրակարգում, բայց որ Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ ունի, գաղտնիք չէ․
«Որն ա Ադրբեջանի դիրքորոշմանը մեր արձագանքը։ Ինչ ա ասում Ադրբեջանը․ Ադրբեջանն ասում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ կա տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, եւ դա հիմնավորելու համար հղում է արվում Սահմանադրության նախաբանին, որն իր հերթին հղում է անում Անկախության հռչակագրին, որն իր հերթին հղում է անում 1988թ․ հայտնի որոշմանը՝ ԼՂ-ի եւ Հայաստանի վերամիավորման մասին։ Մեր քաղաքական արձագանքը մեծ հաշվով էդքան կարեւոր չէ, որովհետեւ էս ընթացքում տեղի ա ունեցել իրադարձություն՝ Սահմանադրական դատարանն ա հարցին անդրադարձել, իհարկե, սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկման համատեքստում։ Եւ ՍԴ-ն, ըստ էության, ինչ է ասել, ասել է, որ Սահմանադրության մեջ ըստ էության սահմանադրական ուժ ունեն այն դրույթները Անկախության հռչակագրի, որոնք բառացիորեն արտահայտված են Սահմանադրության հոդվածների մեջ»,- ասաց Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ կարեւոր նրբություն է այն, թե Ադրբեջանն այդ հարցն ինչի՞ է բարձրացնում, որովհետեւ իրոք ունի մտավախություննե՞ր, թե՞ դա բարձրացնում է խաղաղության գործընթացը փակուղի մտցնելու համար։ Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը, նաեւ հաշվի առնելով բանակցությունները, դրանցում որոշակի առաջընթացից, չի ուզում առաջնորդվել այն տրամաբանությամբ, թե Ադրբեջանը հատուկ փակուղի է մտցնում բանակցությունները․
«Դրա համար ինչ ենք անում․ հետեւողականորեն փաստարկներով փորձում ենք էդ մտավախությունը փարատել։ Առաջին փաստարկը ՍԴ-ի որոշումն էր։ Մեր 2-րդ փաստարկը հետեւյալն է․ մենք տեսնում ենք, մենք էլ մտահոգություններ ունենք, եւ ակնհայտ է, որ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, ինչպես ասել եմ խորհդրարանում։ Հիմա հարց․ ինչո՞ւ մենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխությունների հարց․ երկու պատճառով, որովհետեւ դա կնշանակեր, իրոք, խաղաղության գործընթացը մտցնել փակուղի, եւ երկրորդը՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ կողմերից որեւէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։ Իսկ այդ պայամանագրի արդեն իսկ համաձայնեցված ուրիշ հատվածում արձանագրվում է, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում նույնպես չառաջադրել տարածքային պահանջներ։ Հետեւաբար, մենք էս հարցը էս պայմանագրային համակարգում համարում ենք լուծված»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ կա երրորդ փաստարկը․
Բայց կա նաեւ երրորդ փաստարկը․ «Երրորդ փաստարկաը կարող եմ ասել Հայաստանի համար, բայց մեծ հաշվով ճիշտ է նաեւ Ադրբեջանի պարագայում․ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը ասում է, որ ՀՀ-ում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ ներքին օրենսդրության նկատմամբ։ [Ենթադրենք] ՀՀ-ն եւ Ադրբեջանը ստորագրել են խաղաղության պայմանագիրը․ մենք ի՞նչ պետք է անենք․ կառավարությունն անխուսափելիորեն էդ պայմանագիրը պետք ա ուղարկի ՍԴ։ Եթե ՍԴ-ն որոշի, որ էդ պայմանագիրը մեր Սահմանադրությանը հակասում է, դա կլինի կոնկրետ իրադրություն, որ մենք ստիպված կլինենք եւ որպես կառավարություն, եւ որպես հանրություն կատարել ընտրություն․ ի՞նչ անենք․ փոխել Սահմանադրությունը, թե՞ հրաժարվել պայմանագրից։ Բայց եթե ՀՀ ՍԴ-ն կորոշի, որ այդ պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը, էդ դեպքում ոչ մի խոչընդոտ չկա, որ պայմանագիրը գնա ԱԺ եւ վավերացվի։ Երբ վավերացվեց, էդ պահից ինքը ՀՀ-ում ստանում է գերակա իրավական ուժ, հետեւաբար Ադրբեջանի որեւէ մտավախություն այսպիսով հասցեագրվում եւ լուծվում է, եւ, իհարկե, հայելային ձեւով նաեւ Հայաստանի մտավախությունները հասցեագրվում եւ լուծվում են»։
comment.count (0)