Ծառուկյանի բիտումի և քսայուղերի գործարանի ՇՄԱԳ նախագծին բացասական եզրակացություն է տրվել
 |hetq.am|
19:50 - 25 նոյեմբերի, 2024

Ծառուկյանի բիտումի և քսայուղերի գործարանի ՇՄԱԳ նախագծին բացասական եզրակացություն է տրվել |hetq.am|

hetq.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և իրանահայ գործարարներին պատկանող «Արմօյլ» ՓԲԸ-ի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագծին բացասական եզրակացություն է տրվել։ Շրջակա միջավայրի նախարարության փորձաքննական կենտրոնը եզրակացրել է, որ Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում «Արմօյլ» ՓԲԸ-ի կառուցած բիտումի և քսայուղերի գործարանը կառուցվել է մի շարք խախտումներով և նախատեսվող գործունեությունը անվտանգ չէ շրջակա միջավայրի համար։

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագիծը «Արմօյլ» ՓԲԸ-ն ՇՄՆ փորձաքննական կենտրոն էր ներկայացրել 2024 թվականի օգոստոսին։ Կենտրոնը եզրակացությունը տվել է երկու ամիս անց՝ հոկտեմբերի 23-ին։ 

Ըստ փորձաքննական կենտրոնի եզրակացության՝ նախատեսվող գործունեության համար պահպանված չեն սանիտարապաշտպանական գոտիների համար սահմանված նորմերը։ Համաձայն հաշվետվության՝ մոտակա բնակելի տունը գտնվում է 140 մետր հեռավորության վրա, ճանապարհը՝ 74, իսկ 49 և 59 մետր հեռավորության վրա առկա են այգիներ։ Մինչդեռ ըստ քաղաքաշինական նորմերի՝ բիտումի արտադրության համար նախատեսված է 1000 մ սանիտարապաշտպանական գոտի, բիտումային տեղակայանքների համար՝ 300 մ, իսկ անմշակ նավթի, բիտումի, մազութի և այլ մածուծիկ նավթամթերքների համար՝ 500 մետր սանիտարապաշտպանական գոտի։

Փորձաքննական կենտրոնը խնդրահարույց է համարել նաև նախատեսվող գործունեության ընթացքում ծծմբի երկօքսիդի արտանետման քանակությունը, ինչն ըստ հաշվետվության՝ անխուսափելիորեն բացասական ազդեցություն է թողնելու հարակից տարածքների վրա և մեծացնելու է թափվող անձրևների թթվայնությունը։

ՇՄԱԳ հաշվետվությամբ նաև ներկայացված չի եղել բնական գազի այրումից առաջացող ածխածնի երկօքսիդի և մրի արտանետման և ցրման հաշվարկները։ Փորձաքննության ընթացքում կտարված հաշվարկը ցույց է տվել, որ բնական գազի այրումից տարեկան արտանետվելու է 790 տ ածխածնի երկօքսիդ, ինչի մասին «Արմօյլ» ՓԲԸ-ի ներկայացրած հաշվետվության մեջ չի նշվել։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել