Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը

 |factor.am|
21:10 - 25 նոյեմբերի, 2024

Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը |factor.am|

factor.am: Վարչական դատարանը նոյեմբերի 7-ին բավարարել է փաստաբան Հայկ Ալումյանի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ)։ Ալումյանը պահանջել էր անվավեր ճանաչել ԿԿՀ-ի 2021 թ-ի որոշումն իրեն 200 հազար դրամ վարչական տույժի ենթարկելու մասին։

Հանձնաժողովը որոշել էր տուգանել Ալումյանին՝ սահմանված ժամկետներում գույքի և եկամուտների 2020 թ-ի հայտարարագիր չներկայացնելու համար։ «Հանրային ծառայության մասին» օրենքով՝ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրեր պետք է ներկայացնեն ոչ միայն պաշտոնյաները, այլև նրանց ամուսիները։ Հ․ Ալումյանը դատավոր Արմենուհի Բադիրյանի ամուսինն է, բայց հայտարարագրեր չի ներկայացնում։

«ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ Հ․ Ալումյանը ներկայացրել է 2 փաստարկ՝ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում պահանջվում է ներառել այնպիսի տեղեկություններ, որոնք փաստաբանական գաղտնիք են և չեն կարող հրապարակվել, և «Հանրային ծառայության մասին» օրենքով (հոդված 36) պաշտոնյայի ընտանիքի անդամների համար հայտարարագիր ներկայացնելու ժամկետ սահմանված չէ:

ԿԿՀ-ի դիրքորոշմամբ՝ օրենքով որևէ բացառություն նախատեսված չէ՝ կապված կոնկրետ մասնագիտական գործունեության շրջանակում պաշտպանվող տվյալների հետ, հատկապես, որ սահմանված են հայտարարագրման ենթակա տվյալների պաշտպանությանն ուղղված իրավակարգավորումներ: Ժամկետների առումով ԿԿՀ-ն նշել է, որ օրենսդիրը նույնանման պահանջներ է սահմանել թե´ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն նախատեսող պաշտոնյաների, թե´ նրանց ընտանիքի անդամների համար:

Factor.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ օրենքում գրված է, թե ինչ ժամկետում պաշտոնատար անձը պետք է ներկայացնի հայտարարագիր, բայց նշված չէ, թե նրա ընտանիքի անդամն ինչ ժամկետում պետք է ներկայացնի հայտարարագիր․ «Այսինքն՝ օրենքը գրվել է չմտածված։ Ես օրենքի այդ թերության մասին մոտ 7-8 տարի է՝ դատարանում ասում եմ։ Այս ընթացքում կարելի էր այդ թերությունը վերացնել, որ այդպիսի հիմք չլիներ։ Չեն վերացրել, հիմա էլ չեն պատրաստվում վերացնել։ Իսկ տուգանքը նշանակվել է ՎԻՎ օրենսգրքի այն հոդվածի հիման վրա, որտեղ գրված է՝ «օրենքով նախատեսված ժամկետում հայտարարագիր չներկայացնելը»։ Օրենքը ժամկետ չի սահմանել։ Երբ կսահմանի, ես այդ հիմքը չեմ ունենա»։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել