Ուղեվարձը 100-դրամանոցով վճարելու վերաբերյալ իրավական ակտ կա՞, թե՞ ոչ. հարցին պատասխանելու համար Երևանի քաղաքապետարանին 30 օր է անհրաժեշտ   |hetq.am|
11:11 - 26 նոյեմբերի, 2024

Ուղեվարձը 100-դրամանոցով վճարելու վերաբերյալ իրավական ակտ կա՞, թե՞ ոչ. հարցին պատասխանելու համար Երևանի քաղաքապետարանին 30 օր է անհրաժեշտ |hetq.am|

hetq.am: Նոյեմբերի 1-ից Երևանի վերգետնյա տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս ուղևորները ստիպված վճարում են  բացառապես 100-դրամանոց մետաղադրամներով, «Telcell Wallet» հեռախոսային հավելվածի օգնությամբ կամ Telcell տերմինալներից ձեռք բերած QR ուղետոմսերով: 

Մինչ նոյեմբերի 1-ը Երևանի քաղաքապետարանի՝ 100-դրամանոցներին վերաբերող  հայտարարությունը տարբեր լրատվամիջոցներով ներկայացվեց ոչ միայն որպես «պարտադիր պայման», այլև որպես «որոշում»: Այդուհանդերձ, անցնող օրերին խնդիրը քննարկվեց միայն 100-դրամանոցների դեֆիցիտի վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունների համատեքստում և գրեթե չխոսվեց պահանջի օրինականության կամ իրավական կողմի մասին: 

Կա՞ որևէ իրավական ակտ, թե՞ ոչ. հարցին պատասխանելու համար Երևանի քաղաքապետարանին 30 օր ժամանակ է հարկավոր

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձը 100 դրամ է: Մենք փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ իրավական հիմքով է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հրաժարվում ընդունել օրինակ 10 հատ 10 դրամ, 5 հատ 20 դրամ, 2 հատ 50 դրամ անվանական արժեքով մետաղադրամները, կամ 200, 500 անվանական արժեքով մետաղադրամներով ու ավելի բարձր անվանական արժեք ունեցող թղթադրամներով ուղեվարձի վճարումը:

Հարցի պատասխանը ստանալու համար նոյեմբերի 7-ին Երևանի քաղաքապետարան հարցում ուղարկեցինք՝ փորձելով պարզել, թե կա՞ արդյոք որևէ իրավական ակտ, որի համաձայն 100- դրամանոցով կամ QR կոդով վճարումը դարձել է պարտադիր: Առկայության դեպքում խնդրեցինք տրամադրել այն, իսկ բացակայության պարագայում պարզաբանել, թե ինչ հիմքով է այդ որոշումը կայացվել։ Խնդրել էինք նաև նշել, թե իրավական որ ակտի հիման վրա են ավտոբուսների վարորդները ոչ 100-դրամանոց մետաղադրամով ուղեվարձը վճարող ուղևորներին պահանջում իջնել ավտոբուսից: 

Երևանի քաղաքապետարանից 5 օր անց պատասխանեցին, որ իրենց անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի մեր հարցման պատասխանը կտրամադրեն 30-օրյա ժամկետում:

Փաստորեն Երևանի քաղաքապետարանին 30 օր է հարկավոր պարզելու, թե արդյոք իրենց պահանջի հիմքում որևէ իրավական ակտ կա, թե՞ ոչ:

Ստացվում է, Երևանի քաղաքապետարանն, օգտվելով պատասխանը հետաձգելու՝ օրենքով իրեն տրված առավելագույն ժամկետից (30 օր), նոյեմբերի 7-ի մեր հարցմանը կարող է պատասխանել դեկտեմբերի 7-ին: Իսկ դրանից հետո արդեն մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնում մինչև հունվարի 1-ը, երբ այլևս 100-դրամանոցների խնդիրն արդիական չի լինի, քանի որ ըստ պատասխանատուների մայրաքաղաքն անցնելու է միասնական տոմսային համակարգին: 

Արդարադատության նախարարությունում էլ չգիտեն՝ կա՞, թե՞ չկա համապատասխան իրավական ակտ

Արդարադատության նախարարությանը՝ որպես պաշտոնական հրապարակման ենթակա նորմատիվ իրավական ակտերի ռեեստրը վարող մարմնի, գրավոր հարցրել էինք, թե ՀՀ-ում ընդունվե՞լ է արդյոք որևէ իրավական ակտ (օրենք, որոշում), որի համաձայն ս.թ նոյեմբերի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր է վճարում իրականացնել կա'մ QR կոդով, կա'մ բացառապես 100-դրամանոց մետաղադրամներով: Հարցրել էինք նաև, թե որքանով է իրավաչափ Հայաստանում ծառայությունների մատուցման դիմաց միայն 100- դրամանոց մետաղադրամով վճարումն ընդունելու սահմանափակումը, ինչպես նաև, թե որևէ պետական մարմին կամ կազմակերպություն իրավունք ունի՞ մատուցած ծառայության դիմաց միայն մեկ անվանական արժեքով դրամով վճարում ընդունել: Փորձել էինք ստանալ նաև կառույցի մասնագիտական կարծիքը, թե ի՞նչ օրենքների է հակասում նման պարտադրանքը:

Արդարադատության նախարարությունից, ըստ էության, չեն պատասխանել բարձրացված հարցերին, այլ պարզապես նշել են, որ «Երևան քաղաքում հասարակական տրանսպորտից օգտվելու համար վճարման կարգ սահմանելու կամ այն փոփոխելու վերաբերյալ նոր կարգավորումների ընդունումը գտնվում է Երևանի քաղաքապետարանի իրավասության տիրույթում» և հավելել, որ մեր կողմից բարձրացված հարցերը դուրս են իրենց իրավասությունների շրջանակից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել